Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1991թ. մայիսի 28-ին - 28 Մայիսի 2013 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 28 » Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1991թ. մայիսի 28-ին
02:30
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1991թ. մայիսի 28-ին


Գերագույն խորհրդի նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1991թ. մայիսի 28-ին

Սիրելի հայրենակիցներ, 

Ձեր խանդավառությամբ վարակված ես շնորհավորում եմ բոլորիդ այս սրբազան տոնի առթիվ։

Այսօր մեր ժողովուրդը նշում է Հայոց պետականության վերականգման օրը, որը տեղի ունեցավ 1918 թ. մայիսի 28-ին։ Դրանք դժվարին օրեր էին, չափազանց ողբերգական հայ ժողովրդի համար, շատ ավելի դժվարին, քան մենք ենք ապրում այս օրերին։ Այսօր մենք նույնպես դժվարին օրեր ենք ապրում, բայց դա չի կարող համեմատվել այն օրերի հետ, երբ կերտվեց Հայոց անկախ պետականությունը։ Թվում է, թե պատմության համար մի ակնթարթ էր Հայոց անկախ հանրապետության գոյությունը, նա ընդամենը գոյատևեց 2 և կես տարի, բայց այդ 2,5 տարին բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար։ Եթե չլիներ այդ 2,5 տարվա անկախությունը, չէր լինի նաև Խորհրդային Հայաստանը, չէր լինի այսօր մեր 3 ու կես միլիոնանոց հանրապետությունը, որը հիմք է դնում իր նոր պետականության։ Եթե մենք այսօր կանք, եթե մենք այսօր ելել ենք վճռական պայքարի հանուն ազատության և անկախության, ապա դրա համար առաջին հերթին պարտական ենք այդ 2 ու կես տարիներին։

Անկախությունը տոն չէ և չպետք է մտածել, թե մենք ծաղիկներով, թմբուկներով, սրինգներով և փողերով պետք է նվաճանք այդ անկախությունը։ Ոչ, անկախությունը տքնաջան աշխատանք է, վճռական պայքար, և, դժբախտաբար, ուղեկցվում է կորուստներով։ Առանց կորուստների, առանց զոհերի դեռևս աշխարհում ոչ մի ժողովուրդ ձեռք չի բերել իր ցանկալի անկախությունն ու ազատությունը։ Անկախությունը նույնիսկ գոյության նպատակ չէ, որովհետև մարդու բնածին իրավունքը ազատությունն է։ Յուրաքանչյուր անհատ Աստծու կողմից ծնվում է որպես ազատ մարդ։ Եվ միայն ծնունդից հետո է, որ աշխարհի օրենքները նրան դնում են ստրկության մեջ։ Եվ ոչ մի անհատ չի կարող ազատ լինել, եթե ազատ չէ այդ անհատը ներկայացնող ազգը։ Ազգը բաղկացած է անհատներից և քանի դեռ ազգը ազատ չէ, այդ ազգը կազմող որևէ անհատ չի կարող լիակատար ազատություն ունենալ։ Իսկ ազատությունը միակ այն պայմանն է, որը ապահովում է ցանկացած անհատի, ցանկացած ժողովրդի երջանկությունը և բարօրությունը։ Մենք ձգտում ենք անկախության, գնում ենք դեպի անկախություն, պետք է պայքարենք այդ անկախության համար՝ հանուն ազատության, հանուն մեր ժողովրդի երջանկության և բարօրության։ 

Կեցցե՛ ազատ անկախ Հայաստանը, 
Կեցցե՛ հայ ժողովրդի ազատությունը, 
Հայ ժողովուրդը իրավունք ունի երջանիկ լինելու և պե՛տք է լինի, և այդ իրավունքը կապացուցի աշխարհին և կստիպի, որ աշխարհը հարգի այդ իրավունքը։ 
Կեցցե՛ հայ ժողովուրդը։



Կատեգորիա: Ելույթներ | Դիտումներ: 1788 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: 1991, Լևոն Տեր-Պետրոսյան | - Վարկանիշ -: 0.0/0