Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 22 » Մեծ Բրիտանիայի դեսպանը միջամտու՞մ է Հայաստանի ներքին գործերին
21:56
Մեծ Բրիտանիայի դեսպանը միջամտու՞մ է Հայաստանի ներքին գործերին

Մեծ Բրիտանիայի դեսպանը միջամտու՞մ է Հայաստանի ներքին գործերին


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն այսօր իր բլոգում ուշագրավ 
մի գրառում է կատարել։ Մասնավորապես ուշագրավ է տիկին դեսպանի արտահայտած մտահոգությունները խորհրդարանական երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների հայտնի որոշումների շուրջ, ինչի համար դիվանագետը «ցավում է», սակայն, միևնույն ժամանակ «իսկապես» ոգևորված է «Սարգսյանի  լավագույն ընտրություններ անցկացնելու մասին» հայտարարությունից։ 

Հայաստանյան իշխանությունների կողմից նման հայտարարություն, հավանաբար, դեսպանն առաջին  անգամ է լսում. արդյո՞ք աշխարհում կա որևէ երկիր, որի իշխանությունները ցանկացած ընտրություններից առաջ նման հայտարարություններով հանդես չեն գալիս։ Եթե  նման հայտարարությունները տիկին դեսպանին ոգևորում են, ուրեմն տիկինը տարին 12 ամիսը ոգևորվելու առիթներ ունի, քանի որ աշխարհում գրեթե տարին 12 ամիս ընտրություններ են տեղի ունենում և բոլոր երկրների իշխանություններն էլ, թերևս պարտավոր են նման շարքային հայտարարություններ անել։ 

Բայց Հայաստանի իշխանությունները բացառիկ են Մեծ Բրիտանիայի դեսպանի համար։ Միգուցե ընդդիմությու՞նը պետք է հայտարարեր այդ մասին, բայց, հակառակ միջազգային դիվանագետի սպասումների, հայաստանյան ընդդիմադիր ուժերը տրամագծորեն հակառակ որոշումներ են ընդունել, ինչի համար դեսպանը «ցավում է»։ 

Այդ ցավն է, անշուշտ, պատճառը, որն ստիպում է դեսպանին մտորել, ենթադրություններ անել՝ գտնելու խնդրի իրական արմատները, ուստի գրում է «Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաև, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձևը և հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել»: Անուհետև, գրեթե ուղղակիորեն «մեսիջ» է հղում՝ բա տեսա՞ք Օբաման ոնց ֆինանսներ հայթհայթեց իր ընտրողներից, ինչը նշանակում է, որ հայաստանյան ընդդիմադիրները կամ դրա ձևը չգիտեն, կամ երևի ընտրողներ չունեն։

Հետո դեսպանը խոստանում է «հաջորդ ամսվա ընթացքում ուսումնասիրելով ընտրարշավը և բոլոր կուսակցությունների անդամների հետ խոսելով» փորձել հասկանալ՝ «էլ ինչ է կարելի անել արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովելու համար»: 

Եկեք ուշադրություն դարձնենք  «արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովելու համար» արտահայտության վրա։ Արդյո՞ք այստեղ չէ տիկին դեսպանի իրական «ցավը»։ Արդյո՞ք չի հասկացվում, որ դեսպանին իրականում հուզում է այն փաստացի ոչ մրցակցային 
իրավիճակը, որն ընդդիմադիր ուժերն ստեղծել են իշխանությունների համար։ Եվ արդյո՞ք ավելի արդյունավետ չէր լինի, եթե տիկին դեսպանը ֆինանսական պատճառներ փնտրելու փոխարեն մտորեր, թե ինչու՞ իշխանությունները մերժեցին ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկը, որում, թերևս ամենակարևորը՝ ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակելու առաջարկն էր։

Եվ որպեսզի դեսպանի «ցավն» ընկալվի որպես անկեղծ մտահոգություն, այլ ոչ թե այլ երկրի ներքին գործերին միջամտություն, նպատակահարմար չէ՞ր նախապես նպաստել «արդյունավետ քաղաքական մրցակցության» ապահովմանը և ոչ թե ուժերը վատնել արդեն ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու վրա, ինչն արդեն լուրջ վերապահումներով է ընդունվում։

Գրիգոր Բաղդասարյան
Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 826 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1