Նույնքան մերժելի է գժապետությունը... - 27 Մայիսի 2013 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 27 » Նույնքան մերժելի է գժապետությունը...
23:24
Նույնքան մերժելի է գժապետությունը...

Ելույթ Հայ ազգային կոնգրեսի համագումարում

Հարգելի գործընկերներ, սիրելիս բարեկամներ

Ապրիլի 9-ին մթագնած երկնքի ներքո, գաղջ մթնոլորտում՝ զույգ երդմնակալություն Հայաստանում։ Ու դարձյալ Հայաստան առանց օրինակարգ իշխանության և սահմանադրական կարգի։ Ամբողջապես, վտանգավորության աստիճանի հյուծված ու տկարացած Հայաստան։ Ինչու՞ այսքան ատեցիր իշխանությանը, ժողովուրդ։ Ուզեցար անձայն ու անտոկոս թողնել, Րաֆֆիին էլ պարզապես կրակը գցեցիր՝ իրավատերը շվարել էր, ի՜նչ էին նախատեսել, բայց ի՞նչ ստացվեց։ Շա՜տ անհարմար բան ստացվեց։ Սերժ Սագսյանին չհաջողվեց լուծել օրինականության հարցը, դարձավ ավելի խոցելի, խորացավ կախվածությունը քրեաօլիգարխիկ շրջապատից, իսկ քաղաքացու պայքարը ապօրինի իշխանության դեմ Րաֆֆին վերածեց, մեղմ ասած, խեղկատակության։ Նրանից ընդդիմության առաջնորդ կերտելու ջանքերը ապարդյուն են։ Այնուամենայնիվ, բարձր գնահատենք նրա վարքագիծը և մատուցած ծառայությունը, միայն այն առումով, որ՝

առաջին՝ ակնհայտ դարձավ, որ անգամ 500 հազարից ավելի ձայն ստացածը ընդդիմության առաջնորդ համարվել չի կարող. նույնիսկ կայացած ժողովրդական ալիքը ուղղորդել ու ղեկավարել ի վիճակի չէ, ու՞ր մնաց համաժողովրդական ալիք ձևավորեր,

երկրորդ՝  այս ամենից հետո պայքարող քաղաքացին և հասարակությունն ամբողջապես արդեն իսկ վերարժեվորում են համաժողովրդական շարժման Հայ ազգային կոնգրեսի բացառիկ դերը և համոզվում, թե ում հետ, ում առաջնորդությամբ է հնարավոր տրամաբանական ավարտին հասցնել համաժողովրդական պայքարը։

Հայ ազգային կոնգրես կուսակցության առաքելությունը շարժումը տրամաբանական՝ հաղթական ավարտին հասցնելն է, պայքարող քաղաքացին այլ տեղ չի գտնելու, այլ ճանապարհ չկա, ուստի միանալու են, վերադառնալու են և ավելանալու են... Ով հիասթափվել է և հուսահատվել, հեռացել, իսկ հուսահատվելու ու հիասթափվելու առիթներ միգուցե տվել ենք՝ ով շփոթվել է, չի հասկացել, հոգնել է ու հեռացել՝ հետ են դառնալու։ Մենք ենք թուլացրել մեր պայքարը՝ հեռանալով, լքելով, մեկուսանալով և մենք էլ զորացնելու ենք մեր պայքարը  ու այսօր այդ կարևոր պատմական հանգրվանն է։ Ավելի քան 5 տարի գոյատևած շարժումից և Հայ ազգային կոնգրեսից ավազակապետություն ցնցված է, կասեցված է վերջնականապես երկրորդի վերադարձը, թուլացած է անվերադարձ երրորդի դիրքը, իշխանական երբեմնի մոնոլիտից անջատված ազդեցիկ կառույցի, որպես այլընտրանք, մինչդեռ հաճախ ընդդիմադիր դրսևորումներով հանդես գալու երևույթը ի՞նչ է՝ ամրապնդե՞լ, թե ՞ էականորեն թուլացրել է  ավազակապետությունը։ Ով հասկացավ ու գնահատեց՝ ավելի նվիրվեց, ով չկասկացավ՝ հուսահատվեց ու հեռացավ, վստահ եմ, հասկանալու ու վերադառնալու պահը շատ է մոտեցել։ Իսկ ով չուզեց հասկանալ, կամ առիթ էր փնտրում չհասկանալու ու հեռանալու, խառնելու ու քանդելու, անգամ քաղաքական ինքնասպանության գնով, արդեն տրվել էին, հանձնվել  ու գերեվարվել։ Ափսով, որ իրենք իրենց չափսոսացին, ցավ, որ իրենք իրենց չգնահատեցին, կամ գուցե՝ գերագնահատեցին, իրենք իրենց ուրացան... Արդյունքում, հյուծվեց նաև շարժումը՝ Հայ ազգային կոնգրեսը, ինչի հետ համակերպվելը հավասարազոր է պետականության փլուզմանը։ Եվ մենք չենք համակերպվել։ 

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը համաժողովրդական շարժման շարունակությունն է ու նորից շարժում է դառնալու։ Այն սովորական, շարքային, հերթական լինել չի կարող, քանզի Հայոց համազգային շարժման և 2008-ի համաժողովրդական շարժման ժառանգական շարունակությունն է։ Հիմնադիր Նախագահի ղեկավարած քաղաքական ուժը սովորական ու հերթական լինել չի կարող։ Ու, քանի դեռ մեր քաղաքական ուժը կա ու լնելու է քաղաքական դաշտում, ուրեմն քաղաքական միտք ու խոսք է հնչելու, դիմադրության հզոր կենտրոն է լինելու, ճահճից ու մղձավանջից դուրս գալու հույս է լինելու, ոչ մի համալսարան ու ակադեմիա չէին կարող այսքան ազատ ու արժանապատիվ քաղաքացիներ կրթել ու դաստիարակել, որքան հիմնադիր Նախագահը շարժման 5 տարվա ընթացքում։ Ես ևս այդ համալսարանի շրջանավարտ եմ ու հպարտ, որ եռանդուն, անկեղծ, չհանդուրժող ու արդեն պայքարի մեծ փորձառությամբ երիտասարդների հավաքականությունը մեզ հետ է ու մեր շարժիչ ուժն է լինելու։ Բնավ չեմ պատրաստվում սահմանափակել իմ ազատությունը, եթե ես այստեղ եմ, ուրեմն շատ մեծ ազատություն կա այստեղ։ Հայ ազգային կոնգրեսը ամենաազատ կառույցն է լինելու, այն անկաշկանդ, ազատամիտ քաղաքացիների ամրակուռ միություն է դառնալու։

Հայ ազգային կոնգրեսը  շարքային ու սովորական կուսակցություն չէ նաև այն իմաստով, որ մտավորականների ու մտավորական քաղաքական կառույց է, որի առաջնորդը, ըստ իս, մեր երկրի, նաև թիվ մեկ մտավորականն է։ Ես այտեղ եմ՝ խտացնելու մտավորական երանգը, և ես այստեղ եմ, որպես մտավորական զինվոր։ Անկեղծ, նվիրված աշխատանքի արդյունքում հասարակության գերակշտռ մեծամասնությունը շուտով դառնալու է մեր համակիրը, իսկ դա արդեն համաժողովրդական շարժում է։ Քաղաքական դաշտում մենք պարտադրված ենք դոմինանտ լինել։ Որքան վտանգավոր ու մերժելի է ավազակապետությունը, նույնքան վտանգավոր և մերժելի է գժապետությունը։

սղագրությունը armenlur.am

Կատեգորիա: Ելույթներ | Դիտումներ: 1923 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Վահան Վարդապետյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0