Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 28 » Ո՞ւմ կամ ինչին է նպաստում Բագրատյանը
21:15
Ո՞ւմ կամ ինչին է նպաստում Բագրատյանը

Եվ այպես, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոյանի 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին չառաջադրվելու որոշումից հետո Հայ Ազգային Կոնգրեսը որոշեց չսատարել որևէ թեկնածուի, քանի որ.

1.  ոչնչացված է մրցակցային ընտրությունների մեխանիզմը,

2. ահաբեկվում են ընդդիմությանը սատարող գործարարները,

3. 500-ից 700 հազար ձայների կեղծումով իսպառ բացառվել է ընտրություններով իշխանություն փոխելու որևէ հնարավորություն:

Իսկ ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է, որ ծանոթ չի ՀԱԿ-ի որոշմանը, և չի ուզում մեկնաբանել ոչ մի բան։ Այսինքն, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանին, ով Տեր-Պետրոսյանի որոշումից օրեր առաջ էր հայտարարել, որ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու է  որպես նախագահի թեկնածու՝ առժամանակ կասեցնելով իր մասնակցությունը Կոնգրեսի քաղխորհրդի աշխատանքներին, այդ ժամանակ արդեն չի ակնկալել Կոնգրեսի աջակցությունը և չի նրան այլևս հետաքրքրում Կոնգրեսի որևէ որոշում, հակառակ դեպքում կսպասեր նախ ՀԱԿ առաջնորդի որոշմանը, և հետո՝ ՀԱԿ քաղխորհրդի որոշմանը։ Ուստի, անժխտելի է, որ Բագրատյանն գործում է ինքնուրույն և Կոնգրեսից անկախ։

Չմեկնաբանելով Կոնգրեսի որևէ մեկին չսատարելու որոշումը, երկու բան է նշանակում. կամ Բագրատյանը չի ընդունում, որ Կոնգրեսի 3 հիմնավորումները  գոյություն ունեն, կամ այդ հիմնավորումներն ինքը պարզապես անտեսում է, այսինքն իրեն չեն խանգարում։

Հայ Ազգային Կենգրեսի որոշման մեջ ասվում է նաև, որ «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայ Ազգային Կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը եւ որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»: Հիմա, եթե Բագրատյանը մասնակցում է ընտրություններին, ուրեմն նա ընտրությունները չի համարում ֆարս, հակառակ դեպքում ինքն էլ և ՀԱԿ-ի, և ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի օրինակով չէր մասնակցի ընտրություններին։

Ազգային ժողովի երեք խոշոր կուսակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի  և ՀՅԴ-ի չմասնակցելը ընտրություններին և որևէ թեկնածուին չսատարելը նշանակում է, որ այս երեք խոշոր քաղաքական միավորները չեն ցանկանում մասնակցել ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը՝ դրանով անհարմար վիճակի մեջ դնելով իշանություններին։ Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և նրան սատարող ՀԱԿ-ից դուրս եկած միավորներն ու անհատները միասին։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե այս նորաթուխ թիմը չի կիսում պառլամենտական 3 խոշոր քաղաքական միավորների տեսակետը, ուրեմն ուզի-չուզի գործում է ի նպաստ իշխանական ճամբարի։

 Գրիգոր Բաղդասարյան

Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 1102 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: ՀԱԿ, Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՅԴ, Հրանտ Բագրատյան, ԲՀԿ | - Վարկանիշ -: 5.0/2