Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 13 » Ու՞մ էր ձեռնտու Բաքվի ջարդերը
17:24
Ու՞մ էր ձեռնտու Բաքվի ջարդերը


Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը Ղարաբաղյան հարցն է

23 տարի առաջ, հունվարի 13-ից 15-ը, Բաքվում տեղի ունեցան հայերի ջարդերը։ Այսօր մի շարք լրատվամիջոցներ արդեն անդրադարձել են այս արյունոտ թեմային՝ տարատեսակ հուզիչ վերնագրերով, լուսանկարներով, և նույնիսկ մի պատմաբան կարծիք է հայտնել, բայց... Բայց հեգնանքս վերաբերում է սահուն կերպով մի կարևորագույն փաստի նկատմամբ լռության մատնելուն։

90-ակակնների Բաքվի ջարդերի ժամանակ խորհրդային զորքերը, որ բերվել էին Բաքու և տեղակայվել «Բինա» օդանավակայանի տարածքում, դուրս չեկան զորանոցներից՝ կարգավորելու իրավիճակը։ Այսինքն ջարդերը տեղի ունեցան Մոսկվայի (այդ ժամանակ Կենտրոն էին կոչում) թողտվությամբ և դրա մասին շատ է գրվել ու խոսել։ Լավ, բայց ինչու՞։ Ինչու՞ 20-րդ դարի վերջում Մոսկվան, փաստացի իր ենթակայության տակ գտնվող տարածքում նման բան է թույլ տալիս...

Բաքվի և Ադրբեջանի հայաշատ այլ վայրերում հայերի ջարդերից հետո Կենտրոնի՝ Մոսկվայի հռետորաբանությունից սահուն կերպով դուրս է մղվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն այդ ժամանակ տրվող ձևակերպումը։ Շատերը մոռացած չեն լինի, որ նույնիսկ հումորի էինք տալիս Ղարաբաղի «վոկրուգ նեգոն»։ Փաստորեն Բաքվի ջարդերը հիմք հանդիսացան «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ Կոնֆլիկտ» արտահայտությունը փոխարինելու «Հայաստանի ԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ միջև կոնֆլիկտ» արտահայտությամբ։ 

Դեռևս 90-ական թվականներին Մովկվան ձգտում էր Ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացնել որպես Հայաստան և Ադրբեջանի միջև հակամարտություն, ինչն այն ժամանակվա հայաստանյան իշխանությունները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ճկուն դիվանագիտություն բանեցնելու արդյունքում թույլ չտվեցին։ 

Բոլորիս է արդեն հայտնի, որ Մոսկվան այդ նպատակին կարողացավ հասնել միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ Հայաստանի նախագահի աթոռն արյունով գրավել էր Ռոբերտ Քոչարյանը։ Թե ինչ բացասական հետևանքներ ունեցավ դա Ղարաբաղյան հարցի կարգավորման վրա՝ 20-ամյա հեռավորությունից հասկանալի է արդեն լայն հասարակայնությանը։ 

Մեկ անգամ չէ, որ Առաջին Նախագահն իր ելույթներում բացատրել է, որ Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը Ղարաբաղյան հարցն լուծումն է, ինչին փաստացի խոչնդոտում է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու հանգամանքը։ Այս ամենի պատասխանատում Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգն է։ Որքան շուտ Հայաստանն ազատվի Սարգսյանի իշխանավորումից, այսքան շուտ Հայաստանը կկանգնի նորմալ, սահմանադրական, ժողովրդավարական երկիր դառնալու ճանապարհին։
Գրիգոր Բաղդասարյան


Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 929 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/1