Սեփական ճշմարտության առարկայացումը - 31 Դեկտեմբերի 2012 - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 31 » Սեփական ճշմարտության առարկայացումը
03:20
Սեփական ճշմարտության առարկայացումը

Քաղաքականությունը սեփական ճշմարտությունը առարկայացնելը, մարմնավորելն է

«Օր լրատվական» թերթի հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԸ։

Հարց 1. - ԱԺ ընտրություններից հետո ընդդիմության պարտություն մասին լուրեր հայտարարություններ տարածվեցին՝ մասնավորապես իշխանական քարոզչամիջոցներով։ Հիմա այդ տեսակետը կրկնում են ՀԱԿ գործիչներից նրանք, ովքեր հայտարարում են, թե Կոնգրեսի հետ տարաձայնություններ ունեն ։ Պարոն Սարգսյան, ի՞նչ եք կարծում, պարտվե՞լ է արդյոք ընդդիմությունը՝ մասնակցելով 2012 թ. մայիսի Ազգային ժողովի ընտրություններին։

- Պայքարի, պատերազմի ժամանակ շատ մեծ դեր ունի հոգեբանական գործոնը։ Հայրենական պատերազմից ինչքան վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր ենք նայել. չեմ հշում «ինֆորմբյուրոյի» որեւէ հաղորդագրություն, որում օգտագործված լիներ «պարտություն» բառը սեփական զորքերի համար։ Հարյուրավոր բնակավայրերի ու տարածքների հանձնումը, նահանջը ուղեկցվում էր առնվազն «թշնամուն հսկայական կորուստներ պատճառելով» արտահայտությամբ։ Դժվար է գերագնահատել հոգեբանական գործոնի դերը թիկունքում, թե ռազմաճակատում։ Այսինքն՝ պատերազմող յուրաքանչյուր կողմ, անկախ հարձակվում է, հաջողություններ ունենում, թե պարտվում ու նահանջում, խոսում է միայն իր հաղթելու, հակառակորդի պարտվելու մասին։ Մեր դեպքում էլ, իշխանական քարոզչամեքենան ի սկզբանե եւ միշտ խոսել է ընդդիմության՝ մեր պարտվելու, թույլ լինելու մասին։ Եւ դա բնական է։ Մենք էլ հակառակն ենք արել։ Եւ ոչ մեկը, ոչ մյուսը չի նշանակում «ժողովրդին խաբել»։ Պարզապես դա է հաղթելու տեխնոլոգան, հաղթանակի ճանապարհը։ Հակառկը՝ դավաճանություն է։ Հակառակը՝ նշանակում է հակառակորդի շարքերը կազմալուծելու փոխարեն դու քո սեփական շարքերն ես կազմալուծում։ Սա պայքարի, այդ թվում նաեւ քաղաքական պայքարի ոսկե կանոնն է։

Հիմա, եթե ընդդմությունից որեւէ մեկը «տարաձայնությունների», թե ինչ հիմքի վրա սկսում է խոսել ընդդմության պարտության մասին, նա այլ բան չի անում, քան, մեղմ ասած, օգնում հակառակորդ կողմին, տվյալ դեպքում՝ իշխանությանը։ Ավելի ցայտուն պատկերացնելու համար փորձենք այդ վարվելակերպը տեղադրել արդեն ավարտված գործընթացների մեջ։ 1988թ. փետրվարի 20-ից սկսվեց Ղարաբաղյան կամ հայկական ժողովրդավարական շարժումը։ Հիմա. փետրվարի 27-ին առաջին հանրահավաքները դադարեցին, մեկ ամիս անց Երեւանում հատուկ դրություն մտցվեց, ԼՂ դիմումը քններու համար մինչեւ ամառ ԳԽ նիստ չհրավիրվեց, դեկտեմբերին «Ղարաբաղ» կոմտեն ձերբակալվեց. այս եւ բազմաթիվ այլ այսօրնակ առիթներով կարող էին ասել՝ Շարժումը պարտվեց, որովհետեւ չկարողացավ լուծել հռչակած խնդիրը։ Բայց նույն այդ տասնյակ առիթներից որեւէ մեկով եթե ասվեր ու տարածվեր, համընդհանուր պատկերացում դառնար Շարժման «պարտված» լինելու գաղափարը, հետո հաստատ չէր լինի ո՛չ 1990-ի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, ո՛չ անկախությունը, ո՛չ հաղթանակները Ղարաբաղում...

Ի՞նչ է նշանակում՝ տարաձայնություններ ունեն։ Տարաձայնություններ ունեն՝ կա՛մ պետք է համոզեն ուրշներին եւ իրենց համոզումը դարձնեն ընդհանուր գիծը, կա՛մ պետք է ենթարկվեն մեծամասնության մոտեցմանը, կա՛մ պետք է դուրս գան գնան եւ փորձեն հասարկական համախմբում ստեղծել սեփական ճշմարտության շուրջ։ Ինչպես ամեն տեղ, քաղաքականության մեջ էլ կա արժանապատվության խնդիր։

Նրանք, ովքեր ասում են, թե խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը պարտվել է, նույն բանը կասեին, եթե ընդդիմությունը կարողանար հասնել ոչ թե 7, այլ ընդհուպ 65 մանդատի ճանաչման, քանի որ 66-ն է կեսից ավելին։

Հարց 2. - Շրջանառության մեջ է դրվել նաև, թե Լևոն Տեր-Պետրոսյանը սխալվել է իր «Քաղաքագիտական վերլուծության» մեջ։ Իրո՞ք այդպես է։

Սա էլ նույն բանն է։ Ինչպես այդ «վերլուծության», այնպես էլ բազմաթվ այլ դեպքերում իշխանական քարոզչամեքենան է, որ պետք է օր ու գիշեր փորձեր մարդկանց համոզել ընդդիմության ու նրա առաջնորդի «սխալ» լինելու մեջ։ Ներսում մնալով հրապարակայնորեն նման բան ասելն այլ բան չի նշանակում, քան օգնել հակառակ կողմին՝ իշխանությանը։ Շատ ցավալի է, եթե կան մարդիկ, ովքեր սա չեն հասկանում։ Շատ ցավալի է, որ կան մարդիկ, ովքեր սեմինարային բազմակարծությունն են հակադրում քաղաքական պայքարի օրենքներին։ Երբ 2007 թ աշնանը Լեւոն Տեր-Պետրոսյանը մտավ պայքարի մեջ իշխանության դեմ, նա որեւէ բառ ասա՞ց այդ պահին քաղաքական հրապարակում գործող ընդդիմադիր ուժերի ու գործիչների, նրանց ճիշտ ու սխալի մասին։ Չասաց ոչ այդ պահին, ոչ էլ հետո։

Հիմա, տվյալ դեպքում, որպես հիշյալ «քաղաքագտական վերլուծության» զրոյական արդյունք կարող էինք ունենալ ԲՀԿ-ն կոալիցիոն իշխանության անդամ։ Որպես դրա առավելագույն՝ 100%-անոց արդյունք կարող էինք ունենալ այս ուժի անվերապահ սատարումը ժողովրդական շարժմանը՝ Հայ Ազգային Կոնգրեսին։ Չունենք ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ունենք միջին մի բան՝ ԲՀԿ-ն անջատված իշխանական կոալիցիայից, ընտրությունները փաստացի բոյկոտող ուժ։ Որքա՞ն է սա, առավելագույն հնարավորի որ՞ տոկոսը։ Քի՞չ է։ Ովքեր կարծում են քիչ է, թող իրենք ձեռք բերեն ավելին։ Ովքեր կարծում են սխալ է, թող գնային իրենց ճիշտ ճանապարհով։ Փառք Աստծո, գնացողներ էլ կան, տեսնում ենք... Քաղաքականությունը սեփական ճշմարտությունը առարկայացնելը, մարմնավորելն է, ոչ թե ուրիշներին «սխալ հանելը» եւ այդ «սխալներից» կախվելը։ 

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 674 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: ՀԱԿ, Աշոտ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, ԲՀԿ, «Քաղաքագիտական վերլուծություն» | - Վարկանիշ -: 5.0/3