Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 16 » Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ահազանգը
04:30
Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ահազանգը


Գրում է ՀԱԿ անդամ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը բանտից


Հայցում եմ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, իրավապաշտպան կազմակերպությունների, ԱԺ պատգամավորների, քաղաքացիական հասարակության, մտահոգ քաղաքացիների ու լրագրողների ուշադրությունը, քանզի անտարբերությունը կարող է հանգեցնել 20-ամյա երիտասարդի մահվան:

Խոսքը խցակցիս՝ Սերոբ Մխիթարյանի մասին է, ով նախօրեին` հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը, ինքնասպանության փորձ կատարեց։ Նրան գտանք լոգարանում՝ կախված, բայց, Փառք Աստծո, դեռ լրիվ շնչահեղձ չեր եղել… Սերոբը մեր խցում է շուրջ երկու ամիս՝ հոկտեմբերի վերջից, և սա արդեն ինքնասպանության նրա երկրորդ փորձն էր. նախորդ անգամ երակներն էր փորձել կտրել:

Բանն այն է, որ նա չի կարողանում համակերպվել իրեն առաջադրված մեղադրանքների հետ և պնդելով, որ ինքն անմեղ է, բայց իր ձայնը ոչ ոք հաշվի չի առնում՝ փորձում է վերջ տալ կյանքին:

Սերոբին Ղարաբաղում կատարված ինչ-որ գողության համար մեղադրանք են առաջադրել և Երևանից տեղափոխել Շուշիի բանտ։ Իր պատմածի համաձայն՝ այնտեղ ենթարկվել է ամենօրյա ծեծի և նվաստացումների… 4 ամսից ավել պահվել է պատժախցում։ Դա եղել է մի մութ սենյակ՝ մոտավորապես 2x1.20մ տարածքով՝ առանց սանհանգուցի։ Նույնիսկ զուգարան գնալու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ եղել (օրը երեք անգամ)։ Անտանելի պայմաններից ու անմարդկային վերաբերմունքից ազատվելու միակ ելքը համարելով Երևանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը՝ Սերոբն ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս բոլորովին այլ՝ իր կողմից իբրև թե Երևանում կատարված գողությունների մասին, որոնց հետ նա, իր պնդմամբ, ընդհանրապես առնչություն չունի. միայն թե Շուշիի բանտից օր առաջ դուրս գա ու Երևան տեղափոխվի։ Ի վերջո, տեղափոխվելով Երևան և արդեն այստեղ ամեն ինչ պատմելով՝ հրաժարվել է իր ցուցմունքներից։

Սերոբը Ղարաբաղում կատարված գողության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Ի նշան բողոքի՝ վերջերս հայտարարել էր հացադուլ և կարել բերանը։ Խոստացան գործը վերանայել և այդ օրը Սերոբին բերեցին մեր խուց։ Շատ ընկճված էր, բայց հույս ուներ, որ ինչ-որ բան կփոխվի։ Սակայն մոտ մեկ ամիս անց Ս. Մխիթարյանին այցելեց քննիչը և Երևանում կատարված գողությունների համար մեղադրանք առաջադրեց։ Այդ օրվանից Սերոբի հոգեկան վիճակը կտրուկ վատացավ: Նա այլևս ոչ մի բանի չի հավատում։

Հունվարի 14-ի առավոտյան ստացավ գրություն, որ գործն արդեն դատարանում է։ Շփոթված էր… ոչ մի բան չեր խոսում: Ամբողջ օրն անցկացրեց առանց մեզ հետ բառ անգամ փոխանակելու: Իսկ արդեն գիշերը Սերոբին գտանք լոգարանում՝ կախված… Մի կերպ կտրելով պարանը՝ իջացրեցինք, և երջանիկ պատահականությամբ նա դեռ ամբողջությամբ շնչահեղձ չէր եղել…

Ահազանգում եմ, երիտասարդի ինքնասպանության հաջորդ փորձը կարող է անցանկալի ավարտ ունենալ այսօր անտարբեր մնալու դեպքում. վաղը դրա համար բոլորս կլինենք պատասխանատու..


Կատեգորիա: Բաց նամակ | Դիտումներ: 1540 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 5.0/2