Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 25 » Ռուսամետությո՞ւն, թե՞ արեւմտամետություն. Նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ համագումարում
00:58
Ռուսամետությո՞ւն, թե՞ արեւմտամետություն. Նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ համագումարում
 

Նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ ստորեւ:

Ուզում եմ շնորհավորել ձեզ բոլորիդ, 17-րդ համագումարն է արդեն: Մեր համագումարների թվով մենք արդեն իսկ մեր ավանդական կուսակցություններին ենք հավասարվում: Վիճակագրությունն էլ կարեւոր փորձություն է, սա կատակով, բայց իսկապես ուզում եմ մաղթել հաջողություն, եւ չեմ կասկածում, որ այս կուսակցությունը, որը կարելի է ասել դե ֆակտո 24 տարի, դե յուրե 22 տարի գոյություն ունի, եւ գոյություն է ունենալու այնքան ժամանակ, ինչքան ժամանակ գոյություն է ունենալու Հայաստան պետությունը:

Հիմա ես մի քանի ընդհանուր բաներ եմ ուզում ասել, որոնք բնորոշում են այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտը: Ինձ մտահոգություն է պատճառում հետեւյալ հանգամանքը, առանց այդ էլ մեր ազգի բաժանումները քիչ չէին: Այսօր որոշ անապատասխանատու մարդիկ փորձում են մի նոր բաժանում մտցել մեր ազգի մեջ, եւ որը ավելի վտանգավոր է, քան մինչեւ հիմա տեղի ունեցած հակասությունները: Դա այն է, որ ուզում են մեր ազգը բաժանել արևմտամետների և ռուսամետների` շփոթելով բոլոր կատեգորիաները, այս հասկացությունների քաղաքական, արժեքային և գաղափարախոսական բաղադրիչները: Երբ որևէ քաղաքական ուժ իր քաղաքական ծրագրերը կապում է արևմտյան ուժերի հետ, նրան համարում են հակառուսական: Երբ որևէ քաղաքական ուժ իր քաղաքական ծրագրերը և Հայաստանի ապագան կապում է ասենք՝ Ռուսաստանի հետ, նրան համարում են ռուսամետ եւ հակաարեւմտյան: Ավելին՝ արևմտյան արժեքները մերժող: Ոչ ոք չի ուզում պարզություն մտցնել այս խնդրի մեջ: Ես եմ, որ ստիպված ուզում եմ այդ խնդիրը իրականացնել: Ուրեմն, երեք մակարդակի պետք է բաժանել. մի բան են արժեքները, մի այլ բան՝ գաղափարախոսությունը, և բացարձակապես այլ բան` քաղաքական կողմնորոշումը: Քաղաքական կողմնորոշումները, քաղաքական դաշինքները կարող են երբեք կապ չունենալ ոչ արժեքների, ոչ՝ գաղափարախոսության հետ: Քաղաքականությունն ունի բոլորովին ուրիշ տրամաբանություն: Երբ պետք էր` իրար կոկորդ խեղդող, իրար տասնամյակներ հոշոտող ուժերը կարող էին միավորվել մի երրորդ՝ ավելի վտանգավոր ուժի դեմ` ինչպես տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Չերչիլն ու Ստալինը՝ ոխերիմ թշնամիները դարձան ամենալավ բարեկամները: Պատերազմը վերջացավ, այդ վտանգը վերացավ, եւ նրանք նորից դարձան երդվյալ հակառակորդներ: Ուրեմն, այստեղ ոչ մի կապ չունի ոչ գաղափարախոսությունը, ոչ արժեքները. քաղաքական դաշինքները և համագործակցութունը թելադրված են բացարձակ պրագմատիզմով: Եւ սա նոր բան չէ, միջնադարում էլ այդպես էր: Ասում ենք՝ խաչակրաց արշավանքներ, ջիհադ, իսլամական համերաշխություն, եւ այլն: Սրանք քաղաքականության մեջ սուտ բաներ են եղել անգամ միջնադարում: Քրիստոնյաները եւ մուսուլմանները շատ հաճախ համագործակցել են իրար հետ՝ մի որեւէ այլ համագործակցության դեմ պայքարելու: Կիլիկյան Հայաստանը երբեմն դաշնակցում էր Հալեպի էմիրության հետ՝ պայքարելու ֆրանկների դեմ, խաչակիրների դեմ, երբեմն ֆրանկներն ու մահմեդականները դաշնակցում էին իրար հետ՝ պայքարելու Կիլիկիայի դեմ: Ոչ մի գաղափարախոսական ընդհանրություն, ոչ մի կրոնական համերաշխություն գոյություն չուներ: Սա պետք է հասկանալ մեկընդմիշտ և չխառնել գաղափարախոսության եւ արժեքների հետ:

Գաղափարների մասին

Եթե մեկը լիբերալ է, նրան համարում են արևմտամետ: Իսկ ինչո՞ւ, սոցիալիստը արևմտամետ չէ՞, արդյո՞ք սոցիալիզմը արևմտյան արժեք չէ՞, բա ի՞նչ է, բա որտեղի՞ց է առաջացել սոցիալիզմը: Լիբերալիզմն էլ է արևմտյան գաղափարախոսություն, կոմունիզմն էլ, սոցիալիզմն էլ: Չինաստանը դարեր շարունակ մեկուսացված քաղաքականություն էր վարել, 20-րդ դարում որդեգրեց արեւմտյան ամենաարմատական գաղափարախոսություններից մեկը՝ կոմունիզմը եւ այսօր էր մնում է նրա ամենահավատարիմ հավատավորը: Բայց չպետք է կարծել, որ այն, ինչը որ արեւմտյան է, լավն է: Չկա նման բան: Այո, եվրոպացիներն են ստեղծել լիբերալիզմը, դեմոկրատիան, պառլամենտարիզմը, սոցիալիզմը, բայց չպետք է մոռանալ,որ այնտեղ են ստեղծվել նաև խաչակրաց արշավանքները, ֆաշիզմը, ռասիզմը, ինկվիզիցիան: Ուրեմն, չի կարելի այստեղ միանշանակ գնահատել քաղաքական կողմնորոշումները կամ արժեքային համակարգը:

Արժեքների մասին

Այդ տեսակետից Հայաստանը, հայ ժողովրդին այսօր բաժանել երկու մասի՝ նշանակում է դավաճանել մեր Սահմանադրությանը կամ զբաղվել խառնակչությամբ: Դա նշանակում է չիմանալ մեր Սահմանադրությունը: Բացեք Սահմանադրությունը` ամբողջությամբ հիմնված է արևմտյան կամ գուցե կարելի է ասել արդեն` համամարդկային արժեքների վրա: Եւ այդ Սահմանադրությանը կողմ է քվեարկել մեր ժողովուրդը: Թվարկեմ այդ արժեքների գոնե մի մասը՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն, խղճի, խոսքի, մամուլի ազատություն, սեփականության ձեւերի բազմազանություն, յուրաքանչյուրին հավասար հնարավորությունների ընձեռում: Մեր ամբողջ ազգը կողմ է քվեարկել այս արժեքներին: Հիմա ինչպե՞ս կարող են ինչ-որ մարդիկ, ամբիցիաներով տառապող մարդիկ, փորձել մեր ժողովրդի մի մասին համարել ոչ արևմտամետ, իսկ իրենց արևմտյան վեհ գաղափարների կրողներ: Սա շատ վտանգավոր, վնասակար, արկածախնդրական գործունեություն է:

Ես գիտեմ այդ մարդկանց մոտիվացիան, նրանք իբր թե արժեքներից են խոսում, իբր թե քաղաքական կողմնորոշումներից են խոսում, բայց ավելի շատ նկատի ունեն այլ բան` դրանք ավելի շատ գործակալական կողմնորոշումներ են, քան արժեքային կամ քաղաքական: Նույնը վերաբերում է նաև, այսպես կոչված, ռուսամետություն քարոզողներին, նրանց մոտ էլ արժեքներն ու գաղափարախոսությունը, կամ քաղաքականությունը չէ, որ առաջնորդում են, այլ, ինչպես ասացի, գործակալական մոտիվացիան:

Քաղաքական կողմնորոշման մասին

Նույնիսկ լուրջ քաղաքական գործիչներ Հայաստանում ասում են, թե Հայաստանը պետք է կողմնորոշվի, պետք է հստակեցնի իր վերաբերմունքը` կամ դեպի Արևմուտք, կամ դեպի Ռուսաստան: Ո՞վ ասաց: Դուք գիտեք, որ ՀՀՇ-ի  գաղափարախոսությունը հիմնված է հենց սրա մերժման վրա` չընդունել ոչ մի քաղաքական կողմնորոշում՝ որպես ազգի հավերժական դավանանք: Կողմնորոշումները կարող են լինել ժամանակավոր դաշինքներ` բխած կոնկրետ պետական շահերից: Բայց երբեք ոչ հավերժական: Մենք մերժում ենք ցանկացած տիպի քաղաքական կողմնորոշում, հավատարմության երդում որևէ գերտերության կամ որեւէ գաղափարախոսության: Մենք ոչ արևմտամետ պիտի լինենք, ոչ՝ ռուսամետ, միակողոմանի կողմնորոշումը որևէ ազգի դեռեւս բարիք չի բերել, որովհետև դա  ստեղծում է որոշ բարեկամներ, բայց ստեղծում է նաև բազմաթիվ թշնամիներ: Դուք տեսնում եք այսօր Իսրայելը, որը բացարձակապես կողմնորոշված է դեպի ԱՄՆ-ն եւ Արեւմուտք: Եւ ի՞նչ. 50 տարի է՝ արդեն այդ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, շրջապատված է թշնամիներով: Եւ որքան խորացնում է իր հարաբերությունները Արեւմուտքի հետ, այնքան խորացնում է թշնամությունը իր հարեւանների հետ: Հիմա ի՞նչ եք ուզում` Հայաստանն էլ այդ վիճակում հայտնվի՞: Կործանարար է ինչպես միակողմանի արևմտամետ, այնպես նաև՝ ռուսամետկողմնորոշումը, բայց ավելի կործանարար կլինի հակաամերիկականությունը կամհակառուսականությունը:

Ուրեմն, Հայաստանը պետք է ոչ թե ամերիկամետ կամ ռուսամետ լինի, այլ` չպետք է լինիհակաամերիկական կամ հակառուսական: Ահա այս պետք է լինի այս երկրի քաղաքականությունը:

Մեկ այլ թյուրիմացության մասին, որն այսօր ուզում են փաթաթել մեր ժողովրդի վզին, թե Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները, անգամ նախագահ ընտրել իր սեփական ուժերով, կամքով, և որ իբր թե Հայաստանի նախագահը պետք է նշանակվի կամ ԱՄՆ-ից, կամ ՌԴ-ից: Այսինքն, ով չունենա Ամերիկայի, կամ Ռուսաստանի աջակցությունը, որեւէ շանս չունի Հայաստանի նախագահ դառնալու: Սա էլ ահավոր մի շփոթություն է, ավելի մեծ նիհիլիզմ ու հուսահատություն բերող բան դժվար է պատկերացնել:

Կամ մեր ժողովրդին որքան պետք է արհամարհես, որ այդպիսի կարծիք հայտնես: Բացի դա, սա նաև հիմնովին սխալ է: Ոչ ԱՄՆ-ն, ոչ ՌԴ-ն երբեք չեն կարող Հայաստանում ստեղծել ինչ-որ ուժ, ինչ-որ լիդեր և նրան նախագահ դարձնել: Որևէ տեղ այդպիսի բան որեւէ մեկին չի հաջողվել, շատերն ասում են, թե Սաակաշվիլիին նախագահ դարձրեցին ամերիկացիները, Յուշչենկոյին՝ ամերիկացիները, կամ Յանուկովիչին` ռուսները: Սրանք անլուրջ, քաղաքականությունից բան չհասկացող մարդկանց դատողություններ են: Այդ մարդիկ իրենք իրենց ստեղծեցին: Սահակաշվիլին կարողացավ Վրաստանում համախմբել բոլոր ընդդիմադիր ուժերին, դառնալ լիդեր, եւ դրանից հետո դառնալ քաղաքական գործոն, որից հետո, իհարկե, արտաքին ուժերի աջակցությունը կարող էր որոշ դեր խաղալ: Զրոյից որևէ բան արտաքին ուժերը չեն կարող ստեղծել:

Այստեղ էլ կան մարդիկ, որոնց թվում է, թե եթե ինչ-որ լեզու գտնեն ինչ-որ արտաքին ուժերի հետ, այստեղ լիդեր կդառնան: Ոչ, ախպեր ջան, նախ դու այստեղ լիդեր դարձիր, որից հետո քեզ հետ այնտեղ հաշվի կնստեն:

Իհարկե, ես գիտեմ՝ ինչ եք սպասում, որ ասեմ: Բայց ձեզ հուսախաբ եմ անելու: Այս իմ ամբողջ ելույթը ինչի՞ արեցի՝ ես սպասում եմ: (Ծիծաղում է): Ես դիմել եմ բոլոր գերտերություններին, Ամերիկային, Չինաստանին, Ռուսաստանին, Եվրամիությանը, մինչեւ նրանց հավանությունը չստանամ, ես չեմ կարող ձեզ պատասխան տալ: Ուրեմն, խնդրում եմ, մի երկու օր էլ սպասեք, բոլոր գերտերությունները ինձ խոստացել են, հիմա իրենք գլուխ են ջարդում, նստած ստրատեգիան են որոշում, ինձ խոստացել են երկու օրից պատասխանել, երկու օրից դուք էլ այդ պատասխանը կստանաք:

Նյութը վերցված է ilur.am-ից
Կատեգորիա: Ելույթներ | Դիտումներ: 898 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0