Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 19 » Րաֆֆին իշխանափոխություն չի ուզում
09:25
Րաֆֆին իշխանափոխություն չի ուզում
Վազգեն Պապոյան

Ի՞նչ է ուզում Րաֆֆին, և իրո՞ք նրա նպատակն իշխանափոխության միջոցով երկրում օրինականություն հատատելն է: Այս մասին խոսելն այլ պարագայում անիմաստ ժամավաճառություն կլիներ: Բայց, քանի որ հանգամանքների բերումով առայժմ Րաֆֆին հայտնվել է թիվ 1 ընդդիմադիրի կարգավիճակում, կարծում եմ, որ անդրադարձն անիմաստ չի լինի:

Այսօրվա իրավիճակն ընկալելու համար նախ պետք է մի քանի տարի հետ գնանք ու հետևենք Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին: 

2003թ. նախագահական ընտրություններում կեղծիքների ու բռնությունների օգնությամբ Քոչարյանը զավթեց իշխանությունը: Բայց, հանձինս Ս. Դեմիրճյանի ՀԺԿ-ի ու «Հանրապետություն» կուսակցության ռեժիմն ունեցավ արմատական ընդդիմություն, որոնց ներկայությունն ԱԺ-ում որոշակի խոչընդոտներ էին առաջացնում իշխող ուժի կողմից իրենց թալանչիական ծրագրերն իրականացնելու գործում: 
Այդ հարցը ռեժիմն իր կողմից լուծված համարեց 2007թ. ընտրություններից (որն իրականում խորհրդային ընտրություններ էին հիշեցնում՝ դուք ընտրեք ինչպես ուզում եք, մենք կհաշվենք ինչպես ուզում ենք) հետո, որի արդյունքում ԱԺ-ն ձևավորվեց ըստ բ26-ում կազմած ցուցակների: ԱԺ-ում արմատական ընդդիմության որևէ ներկայացուցիչ չհայտնվեց: 

Բայց, աշխարհի առջև այդ բացը թաքցնելու նպատակով ԱԺ ում հայտնվել էր նոր «ընդդիմություն» Ժառանգությունը (չար լեզուներն ասում են, որ «Ժառանգությունն» ու Րաֆֆին այդ պատվին առժանացել էին ոչ առանց սփյուռքահայ մեծահարուստ Վաչե Մանուկյանի մասնակցության), որը պետք էր ժողովրդավարության իմիտացիան ապահովելու համար: Իսկ ԱԺ ամբիոնը պետք է ապահովեր Րաֆֆի Հովհաննիսյանի համար ընդդիմադիր դաշտի բացարձակ առաջատարի դեր և այդ գործում իրենց դերը պիտի խաղային նաև լայնորեն ֆինանսավորվող «ընդդիմադիր» դիրքերից բ26-ի կողմից դոզավորված լրատվամիջոցները: Որպես պահեստային տարբերակ (որն իրեն փաստորեն արդարացրեց) օգտագործվեց նաև ՕԵԿ-ին ընդդիմություն գործուղելը (այս տարբերակը մի քանի տարի անց օգտագործեցին նաև ՀՅԴ-ի պարագայում՝ Զ. Փոստանջյանին Եվրոպայի խորհրդից հանելու համար):

Ինչ եմ ուզում ասել: 2007թ. ձևավորել էին այնպիսի ԱԺ, որով աշխարհին պետք է ապացուցեին, որ Հայաստանը չի շեղվում ժողովրդավարական գործընթացներից և պիտի շարունակեին իրենց գործողությունները, պետականության հաշվին մի քանի ընտանիքների փադիշահի ապրելակերպի ապահովումը: Եւ դրանում մեծապես պետք է նպաստեր ընդդիմության առաջնորդի դերակատարումն ստանձնած Րաֆֆին, որն իր բացառիկության ու ազգի համար առաքելություն իրականացնողի պատկերացումները դրանով հագեցած կլինեին:

Հետագայում տեղի ունեցած իրադարձություններն ու Րաֆֆիի արձագանքը լիովին հասկանալի են, եթե դիտարկենք վերը նկարագրածի տեսանկյունից: Ամեն ինչ շատ նորմալ ընթացք ուներ մինչև 2007թ. սեպտեմբերի 21-ը, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր գնահատականները բարձրաձայնեց իշխող ռեժիմի մասին, այն անվանելով ավազակապետություն: Պարզվեց, որ ձևավորվում է նոր ընդդիմադիր բևեռ, որտեղ Րաֆֆին դերակատարություն չէր ունենալու և ինքնաբերաբար ջրվում էր բ26-ի ծրագիրը: Հետագա իրադարձություններն ու Րաֆֆիի ու «ժառանգության» արձագանքները ցույց տվեցին, որ ԱԺ-ում իրենց հայտնվելու իրական հանգամանքները նաև ադեկվատ չգնահատելու պատճառով (սա նրանց համար ամենադրական բնութագրման դեպքում), չափից ավելի գերագնահատելով իրենց գործոնը, փորձում էին ՀԱԿ-ի հետ հավասար ուժի պատրանք ստեղծել՝ օգտագործելով նաև ՀԱԿ-ի համար փակ էլեկտրոնային լրատվական դաշտը: Իհարկե այդ ընթացքում նաև բազմաթիվ դրական գործունեություն էլ է իրականացրել, բայց հավատացեք, հակառակ դեպքում ընդդիմադիր ներկայանալու ռեսուրս չէր լինի:

Այս ընթացքում «Ժառանգության» արած, մեղմ ասած, տարօրինակ քայլերից էին
  1. Ռեժիմին 10 տարի ծառայած դաշնակ Ռուբիկ Հակոբյանի ապադաշնականացումն ու միանգամից «Ժառանգություն» կուսակցության 2-րդ մարդը դառնալը:
  2. ՀԱԿ-ից ականազերծման արդյունքում արտաքսված ու հետագայում ազատ դեմոկրատներ դարձած ուժի հետ դաշինքն ու ԱԺ մտնելը:
Ի՞նչ իմաստ ուներ այս ամենը, եթե չէր ուղղորդվում բ26-ից: 

2007թ. չհաջողված օպերացիան փորձեցին իրականացնել 2013թ.: Այն, որ ԵԺԿ-ի նախագահի ասած խոսքերը Րաֆֆիի համար նախատեսած 20 տոկոսի մասին, պատահական չէին, լիովին բացատրվում է Րաֆֆիի պահվածքով նախագահական ընտրություններից հետո: 20 տոկոսի դեպքում կառավարելի ընդդիմություն սցենարը դեռ կարող էին փորձարկել: Բայց այս անգամ իր խոսքն ասեց ժողովուրդը՝ 530.000 ձայների միջոցով ու նորից խառնեց բոլոր խաղաքարտերը, որովհետև Հայաստանում առկա իրողության պայմաններում բոլորին էլ պարզ է, որ ուռճացած ընտրողների ցուցակների պայմաններում այսքան ձայներ հավաքող ոչ իշխանական թեկնածուն հաղթել է առաջին փուլում:

Այսքանից հետո ի՞նչ է անում հաղթած թեկնածուն: Նախ, փաստացի հրաժարվում է իր հաղթանակն անվերապահորեն ընդունած ու կոնկրետ ծրագրի առկայության դեպքում իր աջակցությունը հայտնած ուժին ու բ26-ի ոճով անիմաստ քննադատությունների ենթարկում նրան, հետո, ժողովրդին մոբիլիզացնելու փոխարեն սառեցնում է այն: Ես չեմ կարծում, որ ինքը չի հասկանում, որ ռեժիմը տեղի կտա միայն իր դեմ ռեալ ուժ տեսնելու դեպքում, որովհետև իր իշխանությունը պահպանելու համար այն բոլոր քայլերին գնացել է ու հացադուլը նրա համար չեղածի հաշիվ է:

Իմ եզրակացությունը մեկն է, Րաֆֆին իշխանափոխություն չի ուզում: Բայց պիտի նաև հիասթափեցնեմ իրեն, որովհետև երևէ պարագայում նա ընդդիմության իրական առջնորդ չի դառնալու, որովհետև խաղեր տալով կորցրել է պահը:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 929 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Րաֆֆի Հովհաննիսյան, Վազգեն Պապոյան | - Վարկանիշ -: 0.0/0