Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 20 » Սերժ Սարգսյանն ու «մրցակցային ընտրություններ» շոուն
17:11
Սերժ Սարգսյանն ու «մրցակցային ընտրություններ» շոուն
Ազատ լրագրողների ցանց

Սերժ Սարգսյանն ու «մրցակցային ընտրություններ» շոուն



Երբ չկա ինչ-որ բան, անհրաժեշտ է ստեղծել դրա առկայության իմիտացիա: Այսպես՝ մի նախադասությամբ կարելի է բնութագրել Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի ու նրա վայ-տեխնոլոգների քառամյա գործունեության իր բնույթով գեբելսյան սկզբունքը, որի միջոցով լուծվում է Սերժ Սարգսյանի իշխանությունն աներեր պահելու ռազմավարական նպատակը: 

Ժողովրդավարության փոխարեն՝ ժողովրդավարության իմիտացիա, սահմանադրականության փոխարեն՝ սահմանադրականության իմիտացիա, տնտեսության զարգացման փոխարեն՝ տնտեսական աճի իմիտացիա, արդարադատության փոխարեն՝ արդարադատության իմիտացիա, քաղաքացիական հասարակության հաղթանակների փոխարեն՝ դրանց իմիտացիա, իսկ հիմա արդեն նաև մրցակցային ընտրությունների փոխարեն՝ մրցակցության իմիտացիա: 

«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, Սերժ Սարգսյանն ասել է.  «Ես հակված եմ կարծելու, որ իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը։ Ես համարում եմ, որ իշխանությունների խնդիրն է մրցակցային դաշտ, մրցակցային մթնոլորտ ստեղծելը, թեեւ սա էլ միայն իշխանությունների պարտականությունների մեջ չի մտնում։ Բայց մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից մեր մի հայրենակցի բերեի՞նք, պարտադրեի՞նք, կամ ինչ-որ մեկին այստեղ սկսեինք աճեցնե՞լ։ Դա այն է, ինչում փորձում են մեզ մեղադրել, որ իբր մենք դրանով ենք զբաղված։ Փառք Աստծո, մենք դրանով երբեք չենք զբաղվել, չենք զբաղվելու, եւ դա ընդհանրապես ոչ շնորհակալ գործ է։ Գիտեք, երբ որ ասում են, որ չկա ուժեղ մրցակից, երբ որ չկա մարդ, որ կարող է շատ ձայներ տանել, ես դրա հետ համաձայն չեմ։ Իսկ ո՞վ է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պարույր Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն եւ ճանապարհ են անցել, շատ ավելի հեշտ մրցակիցներ են, կամ ավելի քիչ փորձ ունեն բանավիճելու կամ հրապարակային խոսքի»։

Մի կողմ թողնենք այն զավեշտալի հայտարարությունը, թե մրցակցային դաշտ ստեղծելը միայն իշխանությունների պարտականությունը չէ (Սերժ Սարգսյանը երևի համարում է, որ օրենքով նման պարտականություն է դրված, ասենք, նաև իմ հարևան Վարդուշ տոտայի վրա, ինչևէ): Մի կողմ թողնենք նաև Եվրոպայից կամ Նահանգներից հայրենակիցներին Հայաստան քարշ տալու ու զոռով նախագահացու դարձնելուն վերաբերող հարցադրումը, քանի որ եթե անգամ Սերժ Սարգսյանի տեխնոլոգների ուղեղներում նման պայծառ միտք փայլատակեր, նրանք կհանդիպեին ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի լինելու ու հանրապետությունում մշտական բնակված լինելու խոչընդոտին (թեև արդարության համար պետք է նշել, որ ռեժիմի համար սահմանադրական խոչընդոտները հաղթահարելը մի մեծ խնդիր չէ: Բացի այդ, ընտրություններին արդեն իսկ մասնակցում է Միացյալ Նահանգներից Հայաստան կարծես թե կամովին եկած ու նույնքան կամովին (?) առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանը):

Անդրադառնանք, ուրեմն, ուժեղ մրցակցի առկայության կամ բացակայության խնդրին: Սերժ Սարգսյանն իր փեսա Միշիկի հետ միասին չորս տարիների ընթացքում այնքան ապաշնորհ է կառավարել երկիրը, որ եթե Բագրատյանի կոշիկի թայն անգամ առաջադրվեր և ընտրություններն արդար լինեին, այդ կոշիկի թայը հավանաբար ավելի շատ ձայներ կհավաքեր, քան ինքը՝ Սարգսյանը: Այս տեսանկյունից ՍՍ-ն իրավացի է. Հայաստանում մի երկու միլիոն մարդ կա, որ արդար ընտրությունների պարագայում կարող է ավելի շատ ձայներ տանել, քան իշխանական թեկնածուն: 

Բայց ի ուրախություն ՍՍ-ի և ի տխրություն հայ ժողովրդի՝ Հայաստանում ընտրությունները նույնքան արդար են, որքան՝ Սադդամ Հուսեյնի Իրաքում, ուստի, ցավոք, ոչ Բագրատյանի կոշիկի թայը, ոչ էլ ինքը՝ Բագրատյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը՝ միասին վերցրած, ընտրակեղծիքների մեքենան կոտրել ու հաղթել չեն կարող: Սերժ Սարգսյանը, սակայն, ցանկանում է մի քիչ տարբերվել Սադդամից ու ի տարբերություն վերջինիս՝ ժողովրդավարության բացակայությունը արդեն չորս տարի է՝ փոխարինել է ժողովրդավարության առկայության իմիտացիայով: Իսկ որ այդ իմիտացիան ստացվի, անհրաժեշտ է մեկ այլ՝ մրցակցային ընտրությունների իմիտացիա, և այդ իմիտացիոն գործընթացը կազմակերպելու հարցում իրեն օգնության են հասել նույն Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը և այլոք, որոնց ՍՍ-ն այդքան հաճույքով վկայակոչում ու գովերգում է: 

Դատելով ՍՍ-ի՝ իր «մրցակիցներին» ուղղված գովեստի խոսքերից, որ վերաբերում են վերջիններիս հրապարակային խոսքի փորձին ու բանավիճելու հմտությանը, կարելի է ենթադրել, որ փեսա Միշիկի տեխնոլոգները «մրցակցային ընտրություններ» շոուն կայացնելու համար պատրաստվում են նախընտրական շրջանում վերոնշյալ նախագահացուների միջև հրապարակային բանավեճեր կազմակերպել, ճիշտ այնպիսի շոու տարրերով, ինչպիսին են Միացյալ Նահանգներում նախագահի թեկնածուների բանավեճերը: Հրանտ Բագրատյանն նույն «Ազատությանը» տված հարցազրույցում ինքն է ՍՍ-ին հրավիրել բանավեճի, համոզված ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անհրաժեշտության դեպքում ևս չի մերժի բանավեճ-շոուի շրջանակներում սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը (հիշենք Հովհաննիսյանի՝ ձեռքսեղմումների նկատմամբ թուլությունը), դե իսկ Պարույր Հայրիկյանը, բոլորին է հայտնի, զերծ է որևէ մեկի հետ բանավիճելու կոմպլեքսից:  

Այսպիսով, Միացյալ Նահանգներում ընդունված նախագահացուների բանավեճերի հայաստանյան իմիտացիան  ՍՍ-ին հնարավորություն կընձեռի նաև համոզել Արևմուտքին, ողջ աշխարհին ու հայ ժողովրդին, թե որքան քաղաքակիրթ, զարգացած, մրցակցային մթնոլորտ ու դաշտ ապահովող է ինքն ու իր նժդեհյան քաղաքական թիմը: 

Դե, իսկ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին առաջարկում ենք առժամանակ թուլանալ, հիանալ Բաղրամյան 26-ի շոու ծրագրերով ու հաճույք ստանալ: Հետո կգա գործելու ժամանակը… 

Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 875 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: ընտրություններ, Րաֆֆի Հովհաննիսյան, Սերժ Սարգսյան, Բագրատյան | - Վարկանիշ -: 5.0/1