Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 25 » Տեր-Պետրոսյանի դիմումը ազգային բուրժուազիային
16:29
Տեր-Պետրոսյանի դիմումը ազգային բուրժուազիային
Լևոն Տեր-Պետրոսյանն  ուղիղ դիմում է ազգային բուրժուազիային
‎2007-ի դեկտեմբերի 8-ի ելույթում 
 
 
«Մեր սիրելի՛ ու հարգարժա՛ն ձեռներեցներ եւ գործարարներ, մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեք ձեզ պատիվ չբերող այդ նվաստացումը, մինչեւ ե՞րբ պիտի հաշտվեք ձեր ստրկական վիճակի հետ։ Մի՞թե չեք հասկանում, որ ձեր ծառայամտությամբ դուք ամրապնդում եք խանական իշխանության հիմքերը եւ ստրկության դատապարտում մեր ողջ ժողովրդին, նաեւ՝ ձեր իսկ երեխաներին։ Մի՞թե չեք տեսնում, որ մենք կանգնած ենք բախտորոշ հասարակական վերափոխման շեմին, որի նպատակն է բացառապես քաղաքական պայքարի խաղաղ, օրինական միջոցներով վերականգնել երկրի սահմանադրական կարգը։ Մե՛նք չէ, որ ձեզ պետք է հորդորեինք միանալ համազգային նոր շարժմանը։ Դո՛ւք պիտի առաջնորդեիք այն եւ ժողովրդին տանեիք ձեր ետեւից: Ի՞նչն է ձեզ խանգարում համախմբվել ու թոթափել բոլորի, այդ թվում՝ ձեզ համար ատելի խանական լուծը։ Ինչի՞ց եք վախենում։ Մի՞թե ավելի շատ բան ունեք կորցնելու, քան ժողովուրդը... Ուստի քանի դեռ ուշ չէ, քանի դեռ չեք արժանացել ժողովրդի լիակատար քամահրանքին, ուղղեք ձեր մեջքը եւ վճռականորեն միացեք մեր շարքերին... Դուք, որ պիտի լինեիք տնտեսության զարգացման առաջամարտիկները, ստանձնելով թաթար-մոնղոլական խանության ստորաքարշ վասալների դերը, դարձել եք զարգացման գլխավոր խոչընդոտը։ Մինչդեռ գործելով օրենքի դաշտում՝ դուք կարող եք վերագտնել ձեր արժանապատվությունը, հարգվել հասարակության կողմից եւ նույնիսկ ընդլայնել ձեր բիզնեսն ու բազմապատկել ձեր եկամուտները։ Եթե շարունակեք պատվազրկությամբ ծառայել ներկա իշխանություններին, ապա նրանք ցանկացած պահի ձեզ կոչնչացնեն առանձին-առանձին։ Իսկ եթե միահամուռ կերպով ընդդիմանաք նրանց, ապա մեկ օր անգամ չեն դիմանա... Հասկանալի է, թե դրան ինչն է խանգարում։ Հասկանալի է, թե ինչու եք այդքան վախեցած, կուչ եկած։ Հասկանալի է, թե ինչու եք շրջապատված սափրագլուխների գումարտակներով։ Այս ամենը հասկանալի է, քանի որ քոչարյանա-սերժական ռեժիմը ձեր դեմ կոմպրոմատներ ունի։ Դուք ստիպված եք եղել ձեր գործունեության մեջ բազմիցս խախտել օրենքը՝ խուսափել մաքսավճարներից ու հարկերից, կաշառել ու կաշառվել, թաքցնել ձեր իրական եկամուտները եւ այլն։ Բայց դա ձեր մեղքը չէ։ Դուք հարկադրաբար ենթարկվել եք այն խաղի կանոններին, որոնք սահմանել է ներկա վարչախումբը։ Դուք իրականում կատարել եք ձեր հարկային պարտավորությունները, բայց ձեր մուծումները հայտնվել են ոչ թե պետական բյուջեում, այլ բոլորովին ուրիշ տեղ։ Վստահաբար, նույնիսկ ավելին եք մուծել, քան պարտավոր էիք։ Սա է իրականությունը, եւ դուք այլ կերպ չէիք կարող վարվել, քանի որ հակառակ պարագայում կհայտնվեիք բանտերում կամ ստիպված կլինեիք թողնել բիզնեսը»:
 

 
 
 
 
Կատեգորիա: Ելույթներ | Դիտումներ: 2564 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Լևոն Տեր-Պետրոսյան, Արխիվային | - Վարկանիշ -: 4.6/7