Գայանե Ղազարյան - ՀԱԿ - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Գայանե Ղազարյան
սոցիոլոգ


Պայմանագրային աշխատող «Շահխաթուն» և «Բեյքեր Թիլլի Հայաստակ» ՀԿ-ներում՝ որպես սոցիոլոգ: 
Ավարտել է՝ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը, նաև՝ ասպիրանտուրան,
Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի (Կանադա) և Մինեսոտայի համալսարանի «Ցեղասպանությունը և մարդու իրավունքները» դասընթացները:
Գիտական հոդվածների հեղինակ է:
Տիրապետում է հայերեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին, 
Անկուսակցական է, 
Ակադեմիկոս, «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Ռաֆայել Ղազարյանի դուստրն է:


wŸ Հոդվածներ  wŸՀարցազրույցներ  wŸԵլույթներ  wŸՀղումներ

Կանայք և ընտրությունները


Գայանե Ղազարյան. «Ցանկանում եմ՝ մայիսի 5-ից հետո փոփոխությունների սկիզբ դրվի»

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող, մասնագիտությամբ սոցիոլոգ, անկուսակցական Գայանե Ղազարյանը ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկն ընդունել է պատասխանատվության զգացումից ելնելով: Այս մասին նա նշեց  WomenNet-ի հետ զրուցում՝ խոստովանելով, որ առաջարկը սկզբում փորձել է մերժել, սակայն այն ընդունել է մոր, եղբոր և հատկապես ամուսնու հորդորով:
 
Ի՞նչ ակնկալիքներ ունեք Երևանու ավագանու ընտրություններից:
 
- Բնականաբար, Հայաստանում բուն ընտրական մեխանիզմներից մեծ ակնկալիքներ  հնարավոր չէ ունենալ, քանի որ ընտրությունները հիմնականում կեղծվում են: Այդուհանդերձ, գտնում եմ, որ յուրաքանչյուր անգամ հարկավոր է ամեն ինչ անել, բոլոր միջոցները ձեռնարկել, բոլոր ուժերը կոնսոլիդացնել՝ ընտրությունը ընտրություն դարձնելու համար: Այսինքն՝ առիթն այդ առումով չի կարելի բաց թողնել:
 
Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա պետք է նշեմ, որ Երևանը շատ կարևոր կետ է, քանի որ Հայաստանում ամեն ինչ կենտրոնացված է  հենց մայրաքաղաքում: Ուստի, եթե ցանկություն ունես փոփոխություններ իրականացնել՝ պետք է բազմաթիվ քայլեր ձեռնարկել: Նախ՝ կոռուպցիոն համակարգը վերացնելու  համար պետք է ամենառաջինը Երևանից սկսել: Կարծում եմ, որ իշխանություններին զրկելով որոշ լծակներից, հնարավոր է  աստիճանաբար հաղթահարել այն ճահիճը, որում այսօր գտնվում ենք:
 
Բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերը համարյա նույն բովանդակությունն ունեն: Այդ դեպքում ինչպես պետք է կոմնորոշվի  ընտրողը և ինչո՞ւ պետք է  վստահի հենց  Ձեզ:

- Շատ կարևոր հարց է: Հարց, որը շատ հաճախ ինքս ինձ եմ տալիս և կարծում եմ, որ գտել եմ բանալին: Բանն այն է, որ իրոք կուսակցությունները գրում են շատ ցանկալի ծրագրեր, ասում են այն, ինչ հաճո է լսել ընտրողին: Այստեղ միակ խնդիրը մնում է խոսքի և գործի համապատասխանությունն ու հետևողականությունը:  Այս պարագայում ընտրողը այլ չափանիշ չունի կողմնորոշվելու, քան ուղղակի դիտարկել, թե որ քաղաքական ուժն ավելի հետևողական է տանում իր խոսքը: Բնականաբար, պետք է տեսնել, թե արդյոք այն քաղաքական ուժը, որը իրապես տիրապետում է լծակներին և երկար ժամանակ իշխանության է՝  կատարել է այն ամենը, ինչ խոստացել է: Այս պարագայում, կարծում եմ, հարցը կունենա հստակ պատասխան՝ ոչ: Բնականաբար, հինգ տարիների ընթացքում ՀՀԿ-ն չի կատարել իր ծրագրային դրույթներից որևիցե մեկը:
 
Իսկ դուք ծանո՞թ եք մայրաքաղաքի խնդիրներին  և  ի՞նչ կցանկանայիք փոխել Երևանում:

- Այն ինչ կցանկանայի փոխել Երևանում՝ կցանկանայի փոխել նաև Հայաստանում: Ես չեմ կարծում, որ կա յուրահատուկ խնդիր, որը միայն Երևանին է բնորոշ: Բոլոր խնդիրները համահայաստանյան են: Ես նորից մնում եմ այն կարծիքին, որ առաջին հերթին պետք է վերացնել կոռուպցիան, մենաշնորհները: Դրան պետք է հաջորդեն մնացած կարևոր խնդիրները՝  թույլ չտալ հանրային տարածքների  ապօրինի սեփականաշնորհումը, պատմամշակութային հուշարձանների և կանաչ տարածքների անխնա ոչնչացումը: Ի դեպ, իշխող կուսակցությունը  խոստացել էր հինգ տարիների ընթացքում  ավելացնել կանաչ տարածքները, բայց իրականում դրանք կրճատվեցին: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց պետք է շուտափույթ լուծում տրվի: Բայց ես պետք է շեշտեմ, որ կոռուպցիայի և մենաշնորհներին կողքին Հայաստանում առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել  էկոլոգիական խնդիրներին:  Ամենացավալին այն է, որ անխնա ոչնչացնելով  էկոլոգիան  Հայաստանը դրանից ոչ մի օգուտ չի քաղում: Գոնե, եթե թունավորում են բնությունը, հանքեր են վաճառում օտարերկրացիներին, դրանից  շահեր ՀՀ քաղաքացին, գոնե մարդկանց կենսամակարդակը բարձրանար:
 
Եթե դուք դառնաք ավագանու անդամ, ապա  առաջին  հերթին  ո՞ր խնդիրների  լուծմամբ  կզբաղվեք:
 
- Իրականում դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, քանի որ շատ կուզենայի, որ բոլոր խնդիրները միանգամից լուծվեն: Այսինքն՝ բոլոր քայլերը դարձնել առաջին քայլ: Ես իրոք չեմ կարող առանձնացնել, թե որ խնդիրն է առավել կարևոր: Ինձ համար կարևոր են բոլոր, իսկ թե ինչ հերթականությամբ պետք է լուծել, ապա կարծում եմ՝ դա ընթացքում կերևա: Այդուհանդերձ կարծում եմ, որ պետք է սկսել մենաշնորհների վերացումից:
 
 
Սովորաբար կանանց  համար ավելի դժվար է մասնակցել նման պատասխանատու գործին: Որքանո՞վ  է աջակցում  Ձեր  ընտանիքը, ընկերները:
 
- Ւ տարբերություն շատ հայ կանանց, ինձ մոտ ճիշտ հակառակ երևույթն է: Ես ավելի հակված էի այս առաջարկից հրաժարվելու, բայց մայրս, եղբայրս և հատկապես  ամուսինս  թույլ չտվեցին:  Պետք է անկեղծ ասեմ՝ թե խորհրդարանական, թե Երևանու ավագանու ընտրություններին մասնակցելու որոշումը չէի ասի, որ ես եմ կայացրել: Հարազատներս են ինձ առաջ մղում: Ես շատ եմ զբաղվում կանանց իրավունքներով, նրանց հուզող խնդիրների մասին մշտապես բարձրացնում եմ, ներկայումս «Շահխաթուն» ՀԿ-ի հետ կատարում եմ հետազոտություն քաղաքական դաշտում կանանց իրավունքների վերաբերյալ, հետազոտություն եմ անցկացրել նաև կանանց մասնակցությունը մարդու իրավունքների  պաշտպանության ուղղությամբ: Այսինքն՝  մշտապես բարձրացնում եմ այդ հարցերը և հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք  հասարակական կյանքում ակտիվ չեն ոչ միայն տղամարդկանց արգելելու  պատճառով, այլև խնդիրը հենց իրենցում է. շատ հաճախ նրանք հրաժարվում են մասնակցություն ունենալ ինչ-որ գործընթացների:  Հատկապես այս փաստարկն  իմ դեմ օգտագործելով՝ ամուսինս և եղբայրս ինձ համոզեցին, որ ընտրություններին մասնակցելուց չհրաժարվեմ: Եթե ես բողոքում եմ, որ կանայք պասիվ են և չեն ցանկանում առաջ գնալ, ապա ինքս առաջարկը մերժելու իրավունք  չունեմ:
 
Ինչպե՞ս  կարելի է  գնահատել  կանանց  ազդեցությունը  երկրի կառավարման, զարգացման գործընթացներում այսօր:

- Կարծում եմ՝ շատ ցածր: Այս  պահին հանրապետությունում կա 800-ից ավելի համայնք, որից միայն 20-ում են կանայք ղեկավարում: Ընդհանրապես չունենք կին քաղաքապետ, չունենք կին մարզպետ, ունենք միայն մեկ կին մարզպետի տեղակալ, իսկ  Ազգային ժողովում ներկայացված է ընդամենը 14  կին  պատգամավոր: Այստեղից կարող ենք հետևություն անել՝ ինչպե՞ս կարող են կանայք որոշիչ դերակատարություն ունենալ քաղաքական և հասարակական կյանքում: Իսկ երբ հետևում ես որոշ կին քաղաքական գործիչների բանավեճերին, տեսնում ես, որ «պատրիարխիկ» հասարակության պատկերացումներ են:  Լինելով նախարարներ, պատգամավորներ, որևէ քայլ չեն ձեռնարկում քաղաքական դաշտում, հասարակական կյանքում  կանանց դերը ինչ-որ ձևով բարձրացնեն: Նրանք ընդամենը ամրապնդում են նույն կարծրատիպերը, որոնք առկա են մեր հասարակությունում: Նրանց  հարցազրույցներից հստակ երևում է, որ իրենք իրենց ներկայացնում են որպես շատ լսող, հեզ, համեստ, ոչ նախաձեռնող, ծնողների կամ ամուսինների որոշումների դաշտում գտնվող մարդիկ: Այսինքն՝ այս կանայք իրականում առաջ են տանում այն գաղափարները, որոնք դեմ են և  իրենց, և բոլոր կանանց առաջխաղացմանը:
 
Մերի Մարգարյան
http://womennet.am/

«Հասարակության ազատ կամարտահայտման մերժումը զրկում է մեր պետականության գոյությունը լեգիտիմությունից»


Երեւանի ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրես կուսակցության կողմից ներկայացրած ցուցակում ի թիվս մի շարք ակտիվ երիտասարդների եւ փորձառու գործիչների ներառված է նաեւ Գայանե Ղազարյանը։ Գայանե Ղազարյանը սովորել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում, նաեւ՝ ասպիրանտուրայում, մասնագիտությամբ սոցիոլոգ է։

Գայանե, ինչքանո՞վ ես կարեւորում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ընտրական գործընթացներին։

- Ընտրական գործընթացներին մասնակցությունը ժողովրդավարական հասարակարգերում քաղաքացու իշխանության իրացման ամենահիմնարար մեխանիզմն է, որով հասարակությունը պետության կառավարումը որոշ ժամանակով վստահում է առավել նախընտրելի ուժին։ Սակայն ընտրություններին մասնակցությունն ի սկզբանե ենթադրում է հասարակության անդամի ազատ եւ անկաշկանդ կամարտահայտում։ Ուստի ընտրություններին «զուտ» մասնակցությունը միշտ չէ, որ կարող է իշխանության իրացում դիտվել, քանի որ մասնակցության հիմքում կարող են առկա լինել ուղղակի կամ անուղղակի ճնշումներ։ Այս իմաստով քաղաքացիներին ստիպողական ընտրության տանելը, սպառնալիքների կամ ճնշումների գործադրմամբ ընտրելու դրդելը, ինչպես նաեւ նրանց անօգնական վիճակից օգտվելով՝ ընտրակաշառքով շահագրգռելը չի կարող ընտրության ժողովրդավարական դրսեւորում համարվել։ Այնպես որ, հարկ է ճշտել, որ քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ընտրություններին կարեւոր է միայն ազատ կամքով ընտրություն կատարելու պարագայում։ Հակառակ դեպքում դա ոչ թե ժողովրդավարություն է, այլ ինքնավերարտադրվող բռնապետություն, որում ընտրական գործընթացը քաղաքացու հանդեպ տոտալ վերահսկողությունը ժամանակ առ ժամանակ քաղաքացուն հիշեցնող եւ նրա հանդեպ դա վերահաստատող մեխանիզմ է։

Ինչպե՞ս ես վերաբերում այն մոտեցմանը, որ ինչքան քաղաքացիները ակտիվ մասնակցեն ընտրություններին, այնքան ավելի դժվար կլինի կեղծել դրանց արդյունքները։

- Ինչքան քաղաքացիներն ավելի ակտիվ դրսեւորեն իրենց սեփակա՛ն կամքը, այլ ոչ պարտադրանքը (ուղղակի թե անուղղակի՝ ընտրակաշառքի միջոցով), այնքան ավելի դժվար կլինի հետին թվով «ինչքան ուզել, այնքան խփելը»։ Սակայն այստեղ արդեն կարեւոր է ոչ միայն քաղաքացիների ազատ կամարտահայտումը, այլ նաեւ հանձնաժողովների աշխատանքը, որոնք պարտավոր են արձանագրել խախտումները եւ հատկապես՝ չստորագրել կեղծված արձանագրությունները։

Արդեն տեղեկություններ են ստացվում իշխանական կուսակցությունների կողմից սննդի կամ ռեստորան այցելության տեսքով ընտրակաշառքի մասին։ Ինչպե՞ս ես վերաբերում նման երեւույթներին։

- Դա ժողովրդավարության վերացման քայլերից մեկն է։ Ցանկանում եմ շեշտել, որ նրանք, ովքեր համառորեն քանդում են ընտրական մեխանիզմները՝ ժողովրդավարությունը, ուղղակիորեն քանդում են մեր պետականության հիմքերը, քանի որ մեր անկախությունը ձեռք է բերվել հասարակության հանրաքվեի միջոցով։ Հասարակության ազատ կամարտահայտման մերժումը զրկում է մեր պետականության գոյությունը լեգիտիմությունից։ Բացի այդ՝ ժողովրդավարության մերժմամբ անհնար է դառնում նաեւ Ղարաբաղի անկախության արծարծումը միջազգային ատյաններում՝ որպես Ղարաբաղի հասարակության ինքնորոշման հարց, եւ հարցականի տակ է դնում ԼՂՀ-ի գոյությունը, որը նույնպես ձեռք է բերվել հանրաքվեով։

Երեւանում առկա ո՞ր խնդրի լուծումն ես համարում առաջնային։

- Երեւանում լուծելիք կարեւոր խնդիրներից են հանրային տարածքները մեծահարուստների ապօրինի տնօրինությունից քաղաքացուն վերադարձնելն ու բարեկարգելը, պատմական հուշարձան շենքերի (որոնց մեծ մասն արդեն ոչնչացված է) վերականգնումն ու պահպանությունը, մետրոպոլիտենի հավելյալ հատվածների կառուցումը, կանաչապատ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը եւ այլն։ Սակայն կարեւորագույն խնդիրն օրինականության եւ քաղաքացու՛ իշխանության հաստատումն է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության։

Ինչպիսի՞ Երեւանում ես ցանկանում ապրել։

- Նույնպիսի, ինչպիսի Հայաստանում եմ ցանկանում ապրել. որտեղ կա օրենքի գերակայություն, չկա անպատժելիություն, «բեսպրեդել», եւ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջեւ։

Հարցազրույցը վարեց՝ Անի Գեւորգյանը
«Չորրորդ իշխանություն», 18 ապրիլ 2013 թ

Ամեն ինչ Կոնգրեսի դեմ
Իրավիճակի մարտահրավերը մտավորականի համար
Մարտի 1-ի նոր ուրացողներին

Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (27.04.2013)
Դիտումներ: 781 | Տեգեր: Անի Գևորգյան, Գայանե Ղազարյան, Ռաֆայել Ղազարյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0