Պարույր Սևակ
(Պարույր Ռաֆայելի Ղազարյան)
հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ։
Հունվար 24, 1924 - Հունիս 17, 1971
Կենսագրություն
Մանկություն
Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։
Երիտասարդություն
1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար;
[խմբագրել]Հասուն տարիներ
1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։
Գրական կյանք
Կեղծանուններ
Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի (Հախվերդեան 1981, էջ 39)։
Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։
Գիտական աշխատանք
Սևակի Գրական Ինստիտուտում ավագ գիտական աշխատող լինելու տարիների հիմնական աշխատանքներից է Սայաթ Նովա մենագրությունը (Սևակ 1987), որն էլ պաշտպանում էր որպես թեկնածուական աշխատանք, բայց աշխատանքի հիմնորոշության պատճառով արժանացավ դոկտորի կոչման։
Ստեղծագործություններ
Գրքեր
Անմահները Հրամայում են 1948
Անհաշտ Մտերմություն 1953
Սիրո Ճանապարհ 1954
Անլռելի Զանգակատուն 1959
Մարդը ափի մեջ 1964
Սայաթ Նովա 1969
Եղիցի լույս 1969
Ձեր Ծանոթները 1971
Պոեմներ
Անլռելի Զանգակատուն
Հայտնի բանաստեղծություններ
Անքնություն
Տպագություններ
Սևակ, Պարույր (1987), Սայաթ Նովա (1ին տպ.), Երևան: Սովետական գրող
Ֆիլմ
Պարույր Սևակ - Կամ «Եղիցի լույս» Սցենարի հեղինակ Շահե Տատուրյան, Ռեժիսոր Լևոն Մկրտչյան - (Ողջ Ֆիլմի ընթացքում հնչում է Պարույր Սեվակի ձայնը, որը կարդում է իր բանաստեղծությունները:) Հայֆիլմ, Կինոստուդիա (1984)
Գրականություն
Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1974, 448 էջ։
Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ։ Կենսամատենագրություն, Երևան, ՀՍՍՀ Գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983, 52 էջ։
Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, վերահրատարակություն, Երևան, «Սովետական գրող», 1984, 400 էջ։
Հովիկ Չարխչյան, Սիրում եմ քեզ (նամականի), Վեդի, 1991։
Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 1, Երևան, 2004։
Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 2, Երևան, 2004։
Հովիկ Չարխչյան, Սևակի մահվան առեղծվածը, Երևան, 2005։
«Պարույր Սևակ. Զուտ սովետական սպանություն»
2 հատոր, հեղինակ՝ Սերգեյ Գալոյան
Հեղինակը ուսումնասիրում է հայ սիրված բանաստեղծ Պարույր Սևակի կյանքը և մահվան հանգամանքները՝ հիմնվելով տարբեր փաստաթղթերի, արխիվային նյութերի, նամակների և կենսագրական գրքերի վրա։
Գրքի առաջին հատորը լույս է տեսել 2007 թվականի հունվարին, իսկ երկրորդ հատորը՝ օգոստոսին։
Սևակի մահվան կապակցությամբ Գալոյանի հիմնական վարկածը հետևյալն է.
«Պարույր Սևակի սպանության մանրամասները ուսումնասիրելիս, վարկածները համեմատելիս այն եզրակացության եկա, որ այսպիսի սպանությունները բնորոշ են միայն սովետական հասարակարգին։ Գրքում ներկայացված են հիմնականում փաստեր և փաստաթղթեր, որոնք խոսում են այն մասին, որ Պարույր Սևակին կարող էին սպանած լինել ինչպես ուժային կառույցները, այնպես էլ պատահական անձինք... Երբ ուսումնասիրում ես Սևակի ստեղծագործությունները և կյանքը, տեսնում ես, որ նրան հոգեբանորեն կարող էին սպանել իր կողքի մարդիկ...»