Ամփոփելով Կոնգրեսի դաշինքի գործունեությունը, առաջին նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց դաշինքի մաս կազմած բոլոր ուժերին եւ անհատներին, անկախ նրանի՝ շարունակուոմ են Կոնգրեսի հետ ընթացքը, թե «այլ ճանապարհ են ընտրել»:
Նա հայտարարեց, որ մինչև 2012-ի աշունը դաշինքը եղել է կուռ, միահամուռ. «Այդ ժամանակ ոչ մեկ չի փորձել խաղեր տալ, գլուխ պահել, այն ժամանակ բոլորը միահամուռ աշխատում էին»:
«Անկախ այն բանից, թե հետագայում այդ դաշինքի անդամներից ոմանք ինչ գործունեություն դրսևորեցին, չի նսեմացնում այն գործը, որ մենք արել ենք այս տարիների ընթացքում: Եթե այսօր մենք կուսակցություն ենք ներկայացնում, այդ անդամների մեծ մասը անկուսակցական են, իսկ նրանք մեզ հետ են Կոնգրեսից»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահն անդրադարձավ նաևր ՀՀՇ-ի հարցին, որը միավորվել է ՀԱԿ կուսակցության հետ: Նա ասաց, որ նախորդ հինգ տարիներին ՀՀՇ-ն որպես ինքնուրույն ուժ չի գործել, այլ նույնացված է եղել Կոնգրեսի հետ: «Եվ այսօր, փաստորեն, ոչ մի բան չի փոխվում, երբ ՀՀՇ-ն դառնում է ՀԱԿ կուսակցություն»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Հայ ազգային կոնգրես կուսակցության հռչակումն ընդամնեը կատարված փաստի եւ հինգ տարի առաջ կայացած իրողության ֆորմալ հաստատումն է: Տա Աստված, որ կուսակցությունը համապատասխանի դաշինքի ավանդույթներին»,- ասաց առաջին նախագահը:
Նա կրկին բարի ճանապարհ մաղթեց բոլոր ուժերին, որոնք հեռացել են ՀԱԿ-ից: