Ամեն մի տնտեսուհի պետք է գիտենա, որ ինչքան բազմազան լինեն կրեմները, այնքան դյուրին կլինի տորթերի և տարբեր տեսակի թխվածքների պատրաստելը: Ստորև տրվում են մի քանի կրեմների պատրաստման չափերն ու եղանակները: Կան կրեմներ, որոնք ունեն նույն բաղադրությունը, սակայն օգտագործվող մթերքների չափերն են տարբեր կամ էլ պատրաստման եղանակը՝ չնչին տարբերությամբ: Ուստի չպետք է դրանք համարել նույնի կրկնություն: Դրանք զետեղել ենք գրքույկում միայն մի նպատակով, այն է՝ պատրաստողն անմիջապես կողմնորոշվի, թե ո՞ր կրեմն օգտագործի (օրինակ՝ 300 գր կարագո՞վ, թե՞ նույն կրեմը 200 գր կարագով և այլն):
Եվ քանի որ տարբերությունը կապված է կրեմների բաղադրության հետ, ուստի նպատակահարմար գտանք դրանք համարակալել՝ անհրաժեշտության դեպքում վերջում նշելով, թե տվյալ կրեմը հատկապես ո՞ր թխվածքի համար է օգտագործվելու:
ԿՐԵՄ 1
Ա. 200 գր կարագը հարել մինչև սպիտակելը, ավելացնել 1 թեյի բաժակ շաքարավազ և աստիճանաբար քիչ-քիչ ճաշի գդալով ավելացնել 0,5 թեյի բաժակ սառը ջուր՝ ամեն անգամ լցնելիս ձեռքով լավ խառնել, այլապես կրեմը կկտրվի: Վերջում ջուրն ավելի քիչ՝ թեյի գդալով ավելացնել ու հարել այնքան, մինչև շաքարավազը լրիվ հալվի, որից հետո ավելացնել վանիլին:
Այս կրեմով կարելի է տորթերի երեսը զարդարել ամենագեղեցիկ ծաղիկներով, վարդերով, իհարկե, եթե դուք ունեք համապատասխան հարմարանքներ՝ ներարկիչ իր բոլոր զարդատեսակներով: Ավելացնենք նաև, որ տաքությունից զարդերը չեն ձևափոխվում, և տորթը կարելի է պահել երկար ժամանակ, քանի որ կրեմը պատրաստվում է առանց կաթի և ձվի:
Հիշեք, որ տորթը զարդարելուց առաջ կրեմը չի կարելի սառնարանում դնել, որովհետև ջուրը կարագից կառանձնանա և ստիպված կլինեք կրկին հարել:
Բ. Նույնպիսի չթուլացող կրեմ կարելի է պատրաստել նաև այսպես.
1,5 թեյի բաժակ շաքարավազին խառնել 0,5 թեյի բաժակ ջուր և շարունակ խառնելով եռացնել, մինչև ստացվի մեղրի թանձրությամբ զանգված։ Սառեցնել և վերը նշված ձևով քիչ-քիչ գդալով խառնել կարագին՝ չընդհատելով խառնելը։ Ուշադիր եղեք, որ կրեմը չկտրվի. եթե միասեռ քաղցր զանգված է ստացվում, դադարեցնել շաքարաջրի ավելացնելը։ Ստացվում է կանգուն կրեմ։
Ավելացնել 1 հատ վանիլին և ներարկիչով զարդարել ցանկացած թխվածք։
ԿՐԵՄ 2
200 գր կարագը հարել մինչև սպիտակելը, մաս-մաս ավելացնել 0,5 բանկա խտացրած կաթ, 1 հատ վանիլին:
Այս կրեմը կարելի է օգտագործել «Նապոլեոնի» համար՝ հետևյալ չափերով. 350 գր. կարագ, 1,5 բանկա խտացրած կաթ, 1 հատ վանիլին:
ԿՐԵՄ 3
Վերցնել 1 լիտր կաթ, 2 թեյի բաժակ շաքարավազ և անընդհատ խառնելով մեղմ կրակով եփել այնքան, մինչև կաթը դառնա 0,5 լիտր, իսկ գույնը՝ դեղնավուն: Կրակի վրայից վերցնել, սառչելուց հետո խառնել 300 գրամ ծեծած ընկույզ:
Այս կրեմը կարելի է օգտագործել շաքարային տորթերի համար (շերտերը միացնել, երեսն ու կողքերը զարդարել):
ԿՐԵՄ 4
5 ճաշի գդալ եռացրած ու սառեցրած կաթին խառնել 1 լիքը ճաշի գդալ կակաո, 0,5 բաժակ շաքարավազ և թեթևակի եռացնել, կրակի վրայից վերցնելիս անմիջապես ավելացնել 50 գրամ կարագ, 1 հատ վանիլին:
ԿՐԵՄ 5
2 ձուն 1 թեյի բաժակ շաքարավազի հետ մի քիչ հարել, ավելացնել 0,5 թեյի բաժակ ալյուր, 0,5 թեյի բաժակ եռացրած սառեցրած կաթ, լավ խառնել և մեղմ կրակով եփել՝ անընդմեջ խառնելով, որպեսզի կոշտուկներ չառաջանան: Վերցնել կրակից, ավելացնել վանիլին:
ԿՐԵՄ 6
300 գրամ կարագը 1,5 բաժակ շաքարավազի հետ հարել մինչև սպիտակելը, ապա մաս-մաս ավելացնել 3/4 թեյի բաժակ եռացրած-սառեցրած կաթ, խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված: Վերջում ավելացնել 1 հատ վանիլին:
Այս կրեմը կարելի է օգտագործել բիսքվիտից պատրաստվող տորթերի համար:
ԿՐԵՄ 7
Կոնֆիտյուրին (կամ որևէ ջեմ) խառնել 1 հատ քամած կիտրոն և օգտագործել շաքարային տորթերի համար:
ԿՐԵՄ 8
200 գր ընկույզը բովել, աղալ, խառնել 1 բանկա խտացրած կաթին, ավելացնել 1 հատ վանիլին:
ԿՐԵՄ 9
3 ձվի սպիտակուցը 1 բաժակ շաքարի փոշու հետ հարելով դարձնել բեզե և դրանով զարդարել շաքարային տորթերը, քսել պեչենիների երեսին՝ 1-2 րոպե դնելով տաք ջեռոցի մեջ՝ որպեսզի բեզեի ամբողջ մակերեսը պնդանա և անմիջապես ջեռոցից հանել:
ԿՐԵՄ 10
150 գր կարագը մի քիչ հարել, ավելացնել 1 ճաշի գդալ կակաո, լավ խառնել, ավելացնել 1 թեյի բաժակ եռացրած ու սառեցրած կաթ:
ԿՐԵՄ 11 - ՍԻՐՈՂԱԿԱՆ
2 թեյի բաժակ շաքարավազը և 2 լիքը ճաշի գդալ ալյուրը լավ խառնել, ավելացնել 2 թեյի բաժակ եռացրած-սառեցրած կաթ (կարելի է նաև ջուր) և մեղմ կրակով եփել: Սառչելուց հետո քիչ-քիչ լցնել լավ հարած 300 գրամ կարագի վրա: Վերջում ավելացնել 1 հատ վանիլին:
ԿՐԵՄ 12
2 ճաշի գդալ ալյուրը և 0,5 թեյի բաժակ շաքարավազը խառնել իրար, ավելացնել 2 թեյի բաժակ եռացրած- սառեցրած կաթ և մեղմ կրակով այնքան եփել, մինչև դառնա թթվասերի պնդության և տաք վիճակում ավելացնել 200 գր կարագ, 1 հատ վանիլին:
ԿՐԵՄ 13
250 գր փափուկ կարագը լավ հարել և մաս-մաս ավելացնել 1,5 բանկա խտացրած կաթ, 1 հատ վանիլին:
ԿՐԵՄ 14
200 գր կարագը լավ հարել և քիչ-քիչ ավելացնել 1 բանկա խտացրած կաթ, 1 հատ վանիլին:
Նպատակահարմար է շաքարային թխվածքների համար՝ շերտերն իրար միացնելիս։
ԿՐԵՄ 15
2 ճաշի գդալ ալյուրը խառնել 2 ոչ շատ լիքը թեյի բաժակ շաքարավազին, ավելացնել 2 թեյի բաժակ տաքացրած-սառեցրած կաթ կամ ջուր, մեղմ կրակով եփել, գոլ վիճակում ավելացնել 100 գր կարագ, 1 հատ վանիլին: