ՀԱՎԸ ԲՐՆՁՈՎ
1 հատ հավ, 500-700 գրամ կիսախաշած բրինձ, աղ, 200 գրամ կարագ կամ յուղ
Ոչ շատ խոր, բայց լայն կաթսայի մեջ յուղ լցնել, լվացած հավը կտրատել համապատասխան բաժիններով և դասավորել կաթսայում, վրան լցնել բրինձը, կողքերին ու երեսին կարագ դնել, կափարիչով ծածկել, դնել ջեռոցը:
Մատուցել տաք վիճակում:
ՀԱՎԸ ԿԱՆԱՉ ԼՈԲԻՈՎ
1 հավ, 3 գլուխ սոխ, յուղ, 4 հատ լոլիկ, 1 կգ կտրտած կանաչ լոբի, 3 հատ կանաչ պղպեղ, խառը կանաչի, աղ
Սոխը կաթսայում տապակել, ավելացնել լոլիկ, 5 րոպե եռացնել, որից հետո կտրտած կանաչ լոբի, 5 րոպե շոգեխաշել, նախապես եփած հավի արգանակից լցնել այնքան, որպեսզի լոբին ծածկվի ու եփել մինչև լոբու փափկելը, այնուհետև լցնել հավի միսը, 3 հատ կանաչ պղպեղ, կանաչի:
10-15 րոպե եփելուց հետո մատուցել տաք վիճակում:
ՀԱՎԸ ՍԽՏՈՐՈՎ
1 հավ, 100 գրամ թթվասեր, սև պղպեղ, 3-4 պճեղ ճզմած սխտոր, աղ, յուղ կամ կարագ, 1 կգ տապակած կարտոֆիլ, բուսական յուղ
Հավը մաքրել, լվանալ,բաժանել մասերի, վրան աղ ցանել և թողնել: Առանձին ամանի մեջ լցնել թթվասերը, ավելացնել սխտոր, սև պղպեղ: Հավի կտորներն առանձին-առանձին թաթախել թթվասերի մեջ այնպես, որ բոլոր կողմերը հավասարապես պատվեն թթվասերով, շարել նախապես յուղ կամ կարագ քսած թիթեղի վրա և դնել ջեռոցը:
Երբ դառնա վարդագույն, կարելի է մատուցել խոշոր կտորներով տապակած կարտոֆիլի հետ տաք վիճակում:
ՀԱՎԻ ՏԱՊԱԿԱ
Հավը կամ ճուտը մաքրել, լվանալուց հետո կրծքավանդակի կողմից ուղղահայաց ճեղքել այնպես, որպեսի երկու թևերով փռված տեսք ստանա, ապա մեջքի կողմը թակիչով թեթևակի հավասարեցնել, թավայի հատակին յուղ դնել, հավը տեղավորել մեջը, թավայից քիչ փոքր կափարիչով հավը ծածկել, վրան ծանրություն դնել: Չմոռանալ մինչ այդ հավի վրա աղ ցանել, ցանկության դեպքում՝ նաև սև պղպեղ: Տապակել գազօջախի կամ էլեկտրական սալիկի վրա: 30 րոպե անց ստուգել, եթե կարմրել է տակը, շուռ տալ մյուս կողմը:
Երբ տապական պատրաստվի, մատուցել տաք վիճակում ցանկացած խավարտի (գարնիր), փլավի կամ տապակած կարտոֆիլի հետ: