ՄՍՈՎ ՌՈՒԼԵՏ
Միսն է միշտ համ տալիս ճաշին,
Նաև հարգանք լավ հյուրերին:
Ի՞նչ կստացվի Ձեր կոտլետից,
Եթե չեփեք դուք այն մսից,
Կամ խորոված՝ առանց մսի՝
Լոկ սմբուկով, կարտոֆիլով,
Նաև տոլմա՝ ինչ-որ բանով:
Բայց մենք գիտենք՝ հայի ձեռքով
Ինչե՜ր ասես, չի պատրաստվում
Ինչո՜վ ասես չի պարծենում,
Ամեն մի հայ իր շնորհքով:
Քեզ չի՞ թվում՝ պստիկ գոճին
Երբ «բազմում է» քո սեղանին,
Իր աչքերն է վրադ հառում,
Համ ու տեսքով հպարտանում,
Ամեն անգամ «ջիջիլ» գցում.
Իսկ երբ հավն է «սեղան նստում»
Քիմքդ շոյող անուշ տեսքով,
Քեզ թվում է ոչ թե եփած,
Այլ կենդանի հավ է թառած:
1 կգ միսը 2 գլուխ սոխի հետ աղալ, ավելացնել սև պղպեղ, աղ, խառը կանաչի, 1 սմ հաստությամբ ուղղանկյունաձև բացել թրջած մաքուր սրբիչի կամ մառլյայի վրա: 500 գրամ մակարոնով պատրաստել փլավ (յուղով կամ կարագով), սառեցնել, բարակ ու հավասարաչափ լցնել մսի վրա, զգուշությամբ փաթաթել ռուլետի պես և դնել նախապես յուղ քսած թիթեղի վրա, սրբիչը զգուշությամբ հանել, մի քանի տեղից ռուլետը ծակծկել, վրան յուղ լցնել, վերջում՝ լավ հարած 2-3 ձու, երեսին աղացած պաքսիմատ ցանել, եփել ջեռոցում՝ մեղմ կրակով:
Սառչելուց հետո կտրատել երշիկի պես և մատուցել տապակած կարտոֆիլի կամ այլ տեսակի խավարտի հետ:
ՄԻՍ ԸՆԿՈՒՅԶՈՎ
1 կգ տավարի փափուկ միսը կտրատել, ամեն մի կտորը թակիչով ծեծել, վրան աղ ցանել և երկու կողմից բարակ շերտով մանանեխ քսել (ցանկության դեպքում կարելի է չքսել): 250 գրամ ընկույզը և 3-4 հատիկ սխտորը ծեծել, խառնել իրար և երկու կողմից քսել մսի կտորներին, ռուլետի նման փաթաթել, թելով կապել և թեթևակի տապակել, որից հետո թելերը հանել, շարել կաթսայի մեջ, վրան լցնել 1 թեյի բաժակ գինի և մեղմ կրակով եփել մինչև հյութը գոլորշիանա (գինու փոխարեն կարելի է ավելացնել մի քիչ տաք ջուր):
Մատուցել տաք վիճակում՝ տապակած կարտոֆիլի կամ ուրիշ խավարտով (գարնիր):
ՄԻՍԸ ԿԱՆԱՉ ՈԼՈՌՈՎ (սոլյանկա)
1 կգ տավարի միսը խաշել, մանր կտրատել, առանձին կաթսայի մեջ թեթևակի կարմրացնել, ավելացնել 3-4 գլուխ սոխ, 5 րոպե մսի հետ տապակել, վրան կտրատել 3-4 հատ լոլիկ, 2 հատ կանաչ պղպեղ (կծու), կես թեյի գդալ սև պղպեղ, աղ, 1 բանկա կանաչ ոլոռ և մսի արգանակից այնքան, որպեսզի հազիվ ծածկի մսի պարունակությունը: Մատուցելիս ավելացնել մանր կտրատած կարոս կամ խառը կանաչի:
Նույնը կարելի է պատրաստել ձմռանը՝ տոմատի մածուկով կամ լեչոյով և չորացած կանաչիով:
ՄՍԻ ՁՈՂԻԿՆԵՐԸ ՏԱՊԱԿԱԾ
0,5 կգ տավարի փափուկ միսը կտրտել ոչ մեծ կտորներով, լավ լվանալ, թողնել ջուրը քամվի և թակիչով ծեծել, որից հետո կտրել ձողիկների տեսքով: Մաքրած 2-3 գլուխ սոխը մանր կտրտել, յուղով տապակել: Երբ սոխը դառնա բաց վարդագույն, մսի ձողիկները լցնել վրան, ավելացնել աղ ու պղպեղ և 5-6 րոպե տապակել, պատառաքաղով շուտ-շուտ խառնելով: Այնուհետև մսի վրա ալյուր ցանել, խառնել և կրկին 2-3 րոպե տապակել, որից հետո ավելացնել 3/4 բաժակ թթվասեր, լավ խառնել, 2-3 րոպե եփել, այնուհետև ավելացնել թանձրահյութ կամ արգանակով պատրաստած սոուս (վերջինս՝ ըստ ցանկության):
Որպես խավարտ՝ հետը մատուցել տապակած կարտոֆիլ, իսկ մսի վրա լցնել մանր կտրտած կարոս, համեմ, կամ սամիթ:
ՄՍՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ՝ ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐՈՎ
2 հատ միջին մեծության սոխը մանր կտրատել և յուղով կամ կարագով թեթևակի տապակել, ավելացնել 500 գրամ աղացած միս և շարունակ խառնելով՝ շոգեխաշել սոխի հետ, ավելացնել աղ, սև պղպեղ, 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, որը պետք է ջրով մի քիչ նոսրացնել, կրակը թուլացնել և ամբողջ զանգվածը 25-30 րոպե տապակել մինչև ջրային մասի ներծծվելը, որից հետո ավելացնել 1 հատ հարած ձու, 1 թեյի բաժակ քերած «Լոռի» պանիր, 2 ճաշի գդալ աղացած պաքսիմատ, մանր կտրտած կարոս, լավ խառնելուց հետո վերցնել կրակից:
Շերտավոր խմորը բարակ բացել 5 մմ հաստությամբ, երկարությամբ բաժանել 10-12 սմ լայնություն ունեցող մասերի, հետո կտրտել ուղղանկյունաձև, յուրաքանչյուր կտորի մեջտեղում դնել մսով պատրաստած լցոնից և գլանաձև փաթաթել, երեսին ձու քսել, շարել յուղ քսած թիթեղի վրա և 20-25 րոպե մինջին կրակով թխել ջեռոցում:
Մատուցել տաք վիճակում:
ՄՍՈՎ «ԹԽՎԱԾ» ԿԱՐՏՈՖԻԼԸ
Վերցնել 1 կգ կարտոֆիլ, լվանալ, դասավորել կաթսայում, ավելացնել այնքան ջուր, որպեսզի կարտոֆիլները ծածկվեն, ջրին խառնել 1 ճաշի գդալ աղ և խաշել, որից հետո ջուրը քամել, կեղևը մաքրելուց հետո ավելացնել աղ, պղպեղ, 100-150 գրամ կարագ և տրորելով դարձնել պյուրե: Ցանկացած տեսակի 500 գրամ միսը խաշել, աղալ, ավելացնել աղ ու պղպեղ, տապակած սոխ: Կաթսայի հատակին յուղ դնել՝ և սպասել, որ ամբողջ հատակը հավասարապես յուղով պատվի, ողջ հատակով մեկ շաղ տալ աղացած պաքսիմատ և կարտոֆիլի կեսը հավասար մակերեսով փռել, վրան լցնել միսը, այնուհետև մնացած պյուրեն, երեսը հարթեցնել, լավ հարած ձու քսել և 20-30 րոպե եփել ջեռոցում: Իսկ մսի արգանակից կարելի է պատրաստել սոուս:
Սոուսը պատրաստել հետևյալ կերպ. 1 ճաշի գդալ յուղով 1 ճաշի գդալ ալյուրը բովել, մինչև դառնա բաց շագանակագույն, այնուհետև խառնել 1-2 ճաշի գդալ տոմատի մածուկ, լավ խառնել, մինչև միասեռ դառնալը, ապա ավելացնել 2 թեյի բաժակ մսի արգանակ, թեթևակի տապակած սոխ և թույլ կրակով 20-30 րոպե եփել: Վերջում ավելացնել աղ, 1-2 ճաշի գդալ կարմիր գինի, խառնել և ամբողջ զանգվածը մաղով քամել:
«Թխված» կարտոֆիլը տեղավորել սկուտեղի մեջ, երեսը պատել պատրաստած սոուսով:
Ցանկության դեպքում կարող եք կծու սոուս պատրաստել, որը բացառիկ համ կարող է տալ թե տապակած և թե շոգեխաշած մսեղենին:
ՄՍՈՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՌՈՒԼԵՏ
Վերը նշված ձևով պատրաստել կարտոֆիլի պյուրե, որի համար օգտագործել 1 կգ կարտոֆիլ: 0,5 կգ միսն աղալ, ավելացնել աղ, պղպեղ և յուղով տապակել: Նույնը կարելի է խաշած մսով պատրաստել (միայն աղալ, ավելացնել համեմունքները, ապա տապակել): Կարտոֆիլը մոտ 2 սմ հաստությամբ հավասար շերտով փռել խոնավ անձեռոցիկի վրա, մեջտեղում լցնել միսը, անձեռոցիկի օգնությամբ կարտոֆիլի ծայրերը միացնել ողջ երկարությամբ՝ հնարավորին չափ ձիգ՝ տալով ռուլետի տեսք և միացման տեղը ներքև պահած՝ տեղադրել նախապես յուղ քսած թիթեղի վրա, երեսը պատել հարած ձվով կամ թթվասերով, վրան ցանել աղացած պաքսիմատ, ապա յուղ լցնել և 20-30 րոպե դնել ուժեղ տաքացրած ջեռոցը, մինչև ռուլետի երեսը դառնա բաց վարդագույն:
Մատուցել որևէ սոուսով՝ տաք վիճակում:
ՄՍՈՎ ՊԵՐՈԳ
500-600 գրամ միսը լվանալ, վերածել մանր կտորների և մանր կտրտած սոխի ու սխտորի հետ (նույնպես կտրտած) յուղով տապակել, ավելացնել սև պղպեղ, աղ, մի քիչ դարչին, 2 րոպե լավ խառնել, 0,5 բաժակ սպիտակ գինիով սառեցնել, ավելացնել մի քիչ ջուր, 1 ճաշի գդալ տոմատի մածուկ և թույլ կրակով շոգեխաշել կես ժամ, այնուհետև ավելացնել 100 գրամ բրինձ, մանր կտրտած կարոս, 2 հատ լավ հարած ձու և 150 գրամ տրորած լոռի պանիր: Թիթեղին յուղ քսել, վրան դնել շերտավոր խմորի մի շերտը այնպես, որպեսզի կողքերից դուրս մնա, խճուղակը հավասարաչափ լցնել վրան, ծածկել խմորի երկրորդ շերտով և տակի շերտի դուրս մնացած խմորով կողքերը լավ փակել, որպեսզի միջուկը չթափվի: Պերոգի երեսին հալած յուղ քսել կամ ձու, պատառաքաղով մի քանի տեղից ծակծկել և մոտ 1 ժամ մեղմ կրակով թխել ջեռոցում:
Մատուցել տաք վիճակում:
ՇՈԳԵԽԱՇԱԾ ՏԱՎԱՐԻ ՍԻՐՏ
Սիրտը լվանալ, սրբիչով չորացնել, կտրտել ոչ շատ մեծ կտորներով և յուղով 10 րոպե տապակել, որից հետո մսի կտորները ալյուրոտել և 10-15 րոպե տապակել, հետո լցնել ոչ շատ խորը կաթսայի մեջ, իսկ թավայի մեջ ջուր կամ արգանակ լցնել, եռացնել, լցնել մսի վրա, ավելացնել 1,5 բաժակ արգանակ և 1-2 ժամ մեղմ կրակով եփել: Թավայում առանձին 2 հատ սոխ տապակել, ավելացնել տոմատի մածուկ, 2 ճաշի գդալ քացախ, 2 հատ դափնու տերև, եռացնել և միսը կրակից վերցնելուց 20 րոպե առաջ թավայի պարունակությունը լցնել վրան, ավելացնել աղ:
Մատուցել որևէ խավարտի՝ խաշած կարտոֆիլի ու ցանկացած փլավի հետ:
ՄԻՍԸ ՋԵՌՈՑՈՒՄ
0,5 կգ տավարի փափուկ միսը աղալ, յուղով թեթևակի տապակել, ավելացնել 1 գլուխ սոխ, կես ճաշի գդալ տոմատի մածուկ, աղ, սև պղպեղ, 1 թեյի բաժակ մսի արգանակ կամ տաք ջուր, կափարիչով փակել և մեղմ կրակով շոգեխաշել: Այնուհետև 500 գրամ կարտոֆիլը մաքրել, կտրատել բարակ շերտերով ու տապակել, ապա լցնել մսի կաթսայի մեջ, իսկ վրան մսի զանգվածը, երեսին լցնել 2 հարած ձու, դնել ջեռոցը՝ կարմրելու:
Պատրաստ լինելուց հետո լցնել սկուտեղի մեջ, վրան ցանել մանր կտրատած խառը կանաչի և մատուցել տաք վիճակում:
Ամռանը կողքերին կարելի է շարել լոլիկ և կանաչ պղպեղ:
ՄԻՍԸ ՍՈԽՈՎ ԵՎ ԳԱԶԱՐՈՎ
500 գր սոխը մանր կտրտել, յուղով տապակել, ավելացնել 2 ճաշի գդալ տոմատի մածուկ, նախապես մաքրած և քերիչով անցկացրած 1 կգ գազար, լավ խառնել, վրան լցնել 1 թեյի գդալ կարմիր պղպեղ,աղ և այնքան ջուր, որպեսզի բանջարեղենը ծածկվի և 15 րոպե եփել թույլ կրակով:
500 գրամ աղացած տավարի միսը յուղով տապակել, ավելացնել աղ, սև պղպեղ, մանր կտրատած համեմ և լցնել գազարի վրա:
Մատուցելիս վրան կտրատել կանաչ սոխ:
Օգտագործել որպես տաք ճաշատեսակ:
ՄՍՈՎ ԴԴՄԻԿ
2 կգ դդմիկը մաքրել, լվանալ, մանր կտրտել և յուղով տապակել, հետո ավելացնել 0,5 թեյի բաժակ մսի արգանակ, աղ, կաթսան կափարիչով փակել ու եփել՝ ստեպ-ստեպ խառնելով: Առանձին ամանի մեջ 2 գլուխ սոխը տապակել, ավելացնել քերիչով անցկացրած 2 հատ խաշած գազար, խառնել և լցնել դդմիկի վրա: 700 գրամ մանր կտրատած խաշած միսը թեթևակի կարմրացնել, ավելացնել 2 հատ լոլիկ, աղ, 2 րոպե թողնել կրակին, ապա լցնել դդմիկի վրա, լավ խառնել, ավելացնել մանր կտրատած համեմ, խառնել, լցնել սկուտեղի մեջ: Թավայի մեջ յուղ դնել, մեջը մի քանի ձու կոտրել (3-4 հատ) և առանց խառնելու եփել ու շարել դդմիկի կողքերին՝ վրան ցանելով սև պղպեղ:
Մատուցել տաք վիճակում:
ՄՍՈՎ ԿԱՂԱՄԲ
1 կգ կաղամբը մանր կտրտել, խաշել, հետո յուղով տապակել: 1 կգ տավարի փափուկ միսը աղալ, ավելացնել սև, կարմիր պղպեղ, 2 գլուխ սոխ, կանաչի, աղ և յուղով տապակել: Այնուհետև կաղամբն ու միսը խառնել իրար, ավելացնել թանձրահյութ: Մատուցել տաք վիճակում՝ սկուտեղով՝ կողքերին շարելով սև սալորաչիր:
Թանձրահյութ։ Վերցնել 4 հատ լոլիկ, մաքրել, կտրատել, ավելացնել 3 հատ կանաչ պղպեղ, կանաչի, աղ ու եփել: Եթե ջրային մասը քիչ լինի, կարելի է ավելացնել ևս 2 հատ լոլիկ և մի քիչ տաք ջուր:
ՄՍՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ (պերոգ)
Խմորի համար վերցնել 300 գրամ կարագ, լավ տրորել, ավելացնել 6 ձու, 200 գրամ թթվասեր, 0,5 թեյի գդալ աղ, 1 ճաշի գդալ շաքարավազ, 2 ճաշի գդալ քացախ, 1 թեյի գդալ սոդա և այնքան ալյուր, որպեսզի ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր: Բաժանել երկու մասի և թողնել մնա:
Լցոն։ 500 գրամ տավարի փափուկ միսը խաշել, աղալ, 3 գլուխ սոխը տապակել, 2 գդալ արգանակ ավելացնել, 5-10 րոպե եփել, վրան լցնել աղացած միսը և տապակել՝ ավելացնելով աղ, սև և կարմիր պղպեղ, համեմ: Խմորի մի գունդը բացել 5 մմ հաստությամբ, դնել յուղ քսած թիթեղի վրա, հավասարաչափ լցոնը լցնել խմորի վրա, 2- րդ գունդը բացել և դրանով ծածկել ամբողջ զանգվածը, կողքերն ամրացնել, երեսին քսել երկու հարած ձու, պատառաքաղով մի քանի տեղից ծակծկել ու միջին կրակով թխել ջեռոցում:
Հանելուց հետո կտրատել փոքր քառակուսիներով կամ փախլավաձև և մատուցել տաք վիճակում:
ՄՍՈՎ, ՀԱՄԵՄՈՎ ԱՊՈՒՐ
1 կգ տավարի միսը խաշել: Առանձին կաթսայի մեջ 2-3 գլուխ սոխը տապակել, ավելացնել 3-4 հատ լոլիկ, 2-3 հատ կանաչ պղպեղ, 5 րոպե եռացնել, մեջը լցնել միսը, 5 րոպե հետո՝ արգանակը: Երբ սկսի եռալ, ավելացնել 1 կապ կտրատած համեմ, 2 հատ լավ հարած ձու, 10 րոպե թողնել կրակին, որից հետո մատուցել տաք վիճակում:
ՄՍՈՎ ՌՈՒԼԵՏ
500 գրամ տավարի փափուկ միսը 100 գրամ թրջած հացի հետ 2 անգամ աղալ, ավելացնել 1 գլուխ կտրատած կամ աղացած սոխ, 1 ձու, աղ, սև պղպեղ, լավ խառնել և 5 մմ հաստությամբ փռել թրջած սրբիչի կամ անձեռոցիկի վրա, իրար կողքի շարել 3-5 հատ պինդ խաշած ձու և ռուլետի պես փաթաթել, երեսին հարած ձու քսել, վրան ցանել աղացած պաքսիմատ, յուղ կամ կարագ դնել, պատառաքաղով մի քանի տեղից ծակծկել ու դնել ջեռոցը:
Մատուցելիս կտրել օղակաձև, բարակ շերտերով, շարել սկուտեղի մեջ, կողքերը զարդարել կանաչիով, թթու վարունգով և տապակած կարտոֆիլով կամ փլավով:
ՄՍՈՎ ՓԼԱՎ
Եթե ձեր ունեցած միսը քիչ է, այն կարելի է աղալ, ավելացնել սև պղպեղ, աղ, 1 գլուխ սոխ, յուղով տապակել, ամբողջ զանգվածին խառնել 3-4 հատ լոլիկ կամ 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, 3-5 րոպե թողնել կրակին և խառնել մակարոնով, վերմիշելով, բրնձով կամ հաճարով պատրաստած փլավին:
Մատուցել տաք վիճակում՝ տապակած կարտոֆիլի հետ միասին:
ՆԱԽՈՒՏԵՍՏ ՀՈՐԹԻ ՄՍՈՎ
Հորթի փափուկ միսը (0,5-1 կգ) կտրտել ձեռքի ափի մեծությամբ, մսի թակիչով ծեծել (ինչպես լանգետ պատրաստելիս):
1. Լցոնը կարելի է պատրաստել կաթի մեջ թրջած, լավ քամած (խոնավությունը դուրս տալու համար) ոչ շատ թարմ սպիտակ հացը տապակած սոխին խառնելով, ավելացնելով աղ և պղպեղ:
2. Պատրաստել նաև հետևյալ կերպ. սոխը մանր կտրտել, յուղով տապակել, ավելացնել 1 թեյի բաժակ խաշած բրինձ կամ ոսպ, աղ, պղպեղ: Մսի յուրաքանչյուր կտորի վրա լցնել մի ճաշի գդալ լցոն և ռուլետի պես փաթաթել, թելով կապել, վրան աղ ցանել ու յուղով տապակել բոլոր կողմերից: Դրանից հետո կրակը թուլացնել, ավելացնել 2 ճաշի գդալ տոմատի մածուկ, 1 բաժակ մսի արգանակ կամ տաք ջուր և 40-50 րոպե շոգեխաշել:
Մատուցելուց առաջ թելերը հանել և հյուրասիրել տոմատի կծու թանձրահյութի հետ:
ՆԱԽՈՒՏԵՍՏ ՄՍՈՎ
300-500 գրամ տավարի փափուկ միս, 1 կգ կեղևը հեռացրած կարտոֆիլ, 1 հատ միջին չափի ճակնդեղ, 4 հատ գազար, 4 ձու:
Միսն առանց կտրատելու առանձին-առանձին խաշել։ Եփելուց հետո միսը մանր կտրատել, իսկ բանջարեղենը՝ օղակաձև, լցնել լայն ափսեի մեջ, ավելացնել աղ, սև պղպեղ, մանր կտրտած կարոս կամ համեմ և մայոնեզ: Կողքերը զարդարել ձվի դեղնուցով կամ օղակաձև կտրտած ձվի շերտերով: