Կարտոֆիլը ամենաշատ օգտագործվող բանջարեղենն է, կիրառվում է որպես պարեն և տեխնիկական նպատակներով, քանի որ պարունակում է օսլա, շաքարներ, սպիտակուցներ, հանքային աղեր և վիտամիններ՝ Ը, Թ1, Թ2, B6, հ, PP, K:
Ձոն կարտոֆիլ սիրողներին
Ճերմակ, փխրուն իմ կարտոֆիլ,
Միշտ սիրելի ու հաճելի
Եվ արժանի խոր հարգանքի:
Կանչում ես դու զօր ու գիշեր,
Դառնում սիրված համեղ մի կեր:
Մերթ խաշվում ես, մերթ տապակվում,
մերթ էլ դառնում սալաթ սիրուն:
Շողշողում ես ամանի մեջ
Ու մեզ գերում տեսքով անվերջ:
Դու չգիտես, չես իմանում,
Որ իմ սիրտը ամեն ինչից՝
Սև ու կարմիր խավիարներից
Տեսակ-տեսակ խորտիկներից
Միայն քեզ է գերադասում:
Էլ ի՜նչ հարգանք, ի՜նչ վայելում,
Երբ ամեն օր քեզ չեն ուտում
Առավոտյան ու կեսօրին,
Նաև ճաշին, կեսգիշերին:
Թողնում եմ ես մի սուրբ պատգամ,
Որպես սիրող քեզ արժանի,
Երբ որ մեռնեմ, թող ինձ թաղեն
Թփի տակին կարտոֆիլի:
Կարտոֆիլով կոտլետ
1 կգ կարտոֆիլ, 2 ձու, 2 ճաշի գդալ ալյուր, բուսական յուղ, աղացած պաքսիմատ, աղ, կարմիր և սև պղպեղ, համեմ, կարոս, կանաչ ոլոռ, 0,5 կգ միս
Կարտոֆիլը խաշել, կեղևը հեռացնել, լավ տրորել, ավելացնել ձու, մանր կտրատած կանաչի, աղ, սև և կարմիր պղպեղ, ալյուր: Ամբողջ զանգվածը լավ տրորել, որից հետո պատրաստել կոտլետներ և թաթախելով պաքսիմատի մեջ՝ բուսական յուղով տապակել:
Մատուցել տաք վիճակում:
Սկուտեղի մեջ լցնելուց հետո մեջտեղում ավելացնել կանաչ ոլոռ (տապակած կամ առանց տապակելու), տապակած միս կամ լանգետ, կողքերը զարդարել կանաչ պղպեղով ու լոլիկով:
Լեզուն կարտոֆիլով
1 կգ տավարի փափուկ միս, 2-3 ճաշի գդալ յուղ, 0,5 թեյի բաժակ գինի, 1 կգ կարտոֆիլ, 2-3 հատ դափնու տերև, 1 թեյի բաժակ արգանակ, 2 ճաշի գդալ յուղ, աղ
Կա չար լեզու այս աշխարհում,
Նաև դառը ու սուր լեզու,
Կա և բարի, քաղցր լեզու,
Որ օձին է բնից հանում:
Կա և համեղ, անուշ լեզու,
Որ ուտելուց չես կշտանում,
Թե մատուցեն կարտոֆիլով,
Իրոք, կուտեք մատ լիզելով:
Լեզվի վրայի շերտը հեռացնել, լավ լվանալ, առանց կտրատելու խաշել, ընթացքում ավելացնել աղ, այնուհետև յուղով տապակել, ավելացնել գինի, տաք արգանակ (որի մեջ եփվել էր լեզուն) և թույլ կրակով շոգեխաշել, ավելացնել դափնու տերև:
Կարտոֆիլը մաքրել, լվանալ, հաստ շերտով օղակաձև կտրել, դասավորել կաթսայում, վրան յուղ լցնել, ավելացնել աղ, միջին կրակով եփել ջեռոցում, որից հետո դասավորել սկուտեղում շերտ-շերտ կտրատած լեզվի հետ, կողքերը զարդարել կանաչ պղպեղով և նույն կերպ կտրատած լոլիկով (օղակաձև), իսկ ձմռանը մատուցել տնային պայմաններում պատրաստած լեչոյով:
Կարտոֆիլով կոլոլակ
1 կգ կարտոֆիլը մաքրել, խաշել,հետո լավ տրորել, ավելացնել մի քիչ աղ: 0,5-1 կգ. խաշած միսը աղալ, 2 գլուխ սոխի հետ թեթևակի տապակել և խառնել կարտոֆիլին: Հետո պատրաստել ընկույզից քիչ մեծ կոլոլակներ և տապակել թավայի մեջ: Այնուհետև վերցնել 4 ձու, 1 թ/գ ալյուրի հետ լավ հարել, ճաշի գդալով լցնել ամեն մի կոլոլակի վրա և թողնել եփվի: Լվացած խնձորի միջուկը հանել (1 կգ խնձոր), մեջը լցնել շաքարավազ ու ջեռոցում եփել:
Կոլոլակների հետ խնձորը շարել սկուտեղի մեջ և մատուցել տաք վիճակում:
Կարտոֆիլով, մսով կոլոլակ
1 կգ կարտոֆիլ, 0,5-1 կգ տավարի փափուկ միս, 2 հատ խոշոր սոխ, յուղ, 4 ձու,1 թեյի գդալ ալյուր, աղ, սև պղպեղ
Կարտոֆիլը խաշել, կեղևը հեռացնել, լավ տրորել: Աղացած միսը սոխի հետ թեթևակի տապակել, խառնել կարտոֆիլին, որից հետո պատրաստել ընկույզից քիչ մեծ գնդիկներ (կոլոլակներ) և թավայի մեջ յուղով տապակել: Ձուն ալյուրի հետ խառնել, լավ հարել և ճաշի գդալով լցնել յուրաքանչյուր կոլոլակի վրա, ծածկել կափարիչով, թողնել եփվի:
Մատուցել տաք վիճակում, սկուտեղի մեջ լցնելուց հետո ձևավորել կանաչ պղպեղով և լոլիկով, իսկ ձմռանը ջեռոցում եփված 1 կգ խնձորի հետ, որի միջուկը պետք է հանել, մեջը լցնել շաքարավազ:
Կարտոֆիլով նախուտեստ
2-3 գլուխ սոխ, 4 հատ լոլիկ, 2 թեյի բաժակ ջուր, 1-1,5 կգ միջին չափի կարտոֆիլ, 3 հատ կանաչ պղպեղ, 0,5 կապ համեմ, յուղ
Սոխը յուղով տապակել, ավելացնել կեղևը մաքրած ու կտրտած լոլիկ, 5 րոպե եռացնել, վրան լցնել տաք ջուր և մաքրած, չկտրտած կարտոֆիլ, աղ, կանաչ պղպեղ, կանաչի, կափարիչով ծածկել և միջին կրակով եփել: Պատրաստի կարտոֆիլը մատուցել տաք վիճակում (կարելի է նաև հետը խաշած միս կամ ձուկ մատուցել):
Կաթսայում մնացած հյութը մատուցել առանձին ամանով:
2. Խոր կաթսայի մեջ 2-3 գլուխ սոխը յուղով տապակել, ավելացնել չորս հատ մաքրած լոլիկ, 2 թեյի բաժակ տաք ջուր, 1 կգ մաքրած, բայց չկտրատած կարտոֆիլ, 2-3 հատ կանաչ պղպեղ, կափարիչով ծածկել և մեղմ կրակով եփել, որից հետո վերցնել կրակից: Պատրաստի կարտոֆիլը դասավորել սկուտեղի մեջ, վրան կտրատել խառը կանաչի, իսկ կաթսայի մեջ մնացած թանձրահյութը մատուցել առանձին ամանով:
Կարտոֆիլի հետ կարելի է մատուցել շոգեխաշած միս, փլավ, կոտլետ ու քաբաբ:
Կարտոֆիլով, մսով նախուտեստ
0,5 կգ կարտոֆիլ, 300-500 գ տավարի փափուկ միս, 3 հատ սոխ, 8-10 հատ ընկույզի մանրացրած միջուկ, 1 ճաշի գդալ ալյուր, կարագ կամ յուղ, կարոս, աղ, սև պղպեղ
Կարտոֆիլը խաշել, կեղևը հեռացնել, ավելացնել աղ, կարագ,2 հատ սոխ լավ տրորել:
Միսը աղալ, ավելացնել աղ, սև պղպեղ, 1 հատ սոխ և տապակել, որից հետո վրան լցնել ընկույզ, ալյուր, լավ խառնել:
Թավայի կամ ոչ շատ խոր կաթսայի հատակին յուղ կամ կարագ դնել, բարակ շերտով կարտոֆիլը փռել, այնուհետև մսի շերտն ամբողջությամբ փռել, երեսին մանր կտրտած կարոս ավելացնել և կարտոֆիլի մնացած մասը: Ամբողջ զանգվածի երեսին կարագ կամ յուղ դնել և 15-20 րոպե դնել տաք ջեռոցում՝ մինչև վարդագույն դառնալը:
Մատուցելիս կտրատել քառակուսի կամ փախլավաձև:
Կարտոֆիլով՝ մսով «թխված»
1 կգ կարտոֆիլ, 0,5 կգ փափուկ միս, կարագ, աղացած պաքսիմատ, աղ, սև և կարմիր պղպեղ, 4 հատ սոխ, 2 ձու
Կարտոֆիլը խաշել, կեղևը հեռացնել, ավելացնել աղ, պղպեղ, կարագ և լավ տրորել (դարձնել պյուրե):
Միսը խաշել, աղալ, ավելացնել վերը նշված համեմունքները, աղ, տապակած սոխ: Կաթսայի հատակին յուղ լցնել, սպասել, մինչև ամբողջ հատակով այն տարածվի, այնուհետև աղացած պաքսիմատ շաղ տալ, վրան հավասարաչափ լցնել կարտոֆիլի կեսը, հետո միսը, որից հետո մնացած պյուրեն, երեսը հարթեցնել, վրան լցնել լավ հարած ձուն այնպես, որպեսզի ողջ մակերեսը պատվի ձվով և20-30 րոպե եփել ջեռոցում:
Մատուցել տաք վիճակում թանձրահյութի կամ սոուսի հետ: «Թխված» կարտոֆիլը լցնել սկուտեղի մեջ երեսը պատել սոուսով: Ցանկության դեպքում սոուսը կարող եք կծու պատրաստել, որը բացառիկ համ կարող է տալ թե տապակած և թե շոգեխաշած մսեղենին:
Կարտոֆիլի ռուլետ մսով
1 կգ կարտոֆիլ, 0,5 կգ փափուկ միս, 2 հատ սոխ, 2 ձու (կամ թթվասեր), աղացած պաքսիմատ, յուղ կամ կարագ, աղ, սև պղպեղ
Խաշած կարտոֆիլով պատրաստել պյուրե՝ խառնելով աղ, պղպեղ, կարագ:
Միսը աղալ (կարելի է նաև նախապես խաշել), ավելացնել աղ, պղպեղ, յուղով տապակել:
Կարտոֆիլը 2 սմ հաստությամբ հավասար շերտով փռել խոնավ սրբիչի վրա (կամ մեծ անձեռոցիկի), մեջտեղում լցնել միսը, անձեռոցիկի (սրբիչի) օգնությամբ նեղ կողմով զգուշությամբ եզրերը միացնել հնարավորին չափ ձիգ՝ զանգվածին տալով ռուլետի ձև և միացման տեղը ներքև պահած տեղավորել նախապես յուղ քսած թիթեղի վրա (ջեռոցի թավա), զգուշությամբ սրբիչը հանել, երեսը պատել հարած ձվով կամ թթվասերով, վրան պաքսիմատ շաղ տալ, վերջում հավասարապես վրան յուղ լցնել, 20-30 րոպե դնել լավ տաքացրած ջեռոցում մինչև բաց վարդագույն դառնալը: Մատուցել տաք վիճակում կանաչ ոլոռով, որևէ խավարտով կամ սոուսով:
Կարտոֆիլով տոլմա
1,5 կգ կարտոֆիլ, 0,5 կգ տավարի փափուկ միս, 2 հատ սոխ, խառը կանաչի, սև և կարմիր պղպեղ
Միսը աղալ, ավելացնել կտրտած խառը կանաչի, աղ, պղպեղ, լավ խառնել ու յուղով տապակել, ընթացքում ավելացնել մանր կտրտած սոխ:
Միջին մեծության կարտոֆիլը մաքրել, լվանալուց հետո մեջը փորել, բայց պատերը շատ չբարակացնել, միջուկը լցնել առանձին ամանի մեջ, իսկ կարտոֆիլի մեջ լցնել մսով լցոնը և բոլոր կողմերից տապակել: Նույն յուղի մեջ տապակել նաև կարտոֆիլի միջուկը:
Սկուտեղի մեջ դասավորելուց հետո կողքերը զարդարել կարտոֆիլի տապակած միջուկով, թարմ լոլիկով, տապակած ոլոռով:
Կարելի է նաև առանձին ամանի մեջ տապակել 2 հատ սոխ, ավելացնել 2-3 լոլիկ կամ 2 ճաշի գդալ տոմատի մածուկ, մանր կտրատած կանաչ պղպեղ, խառը կանաչի 1/4 թեյի բաժակ ջուր, 10 րոպե եռացնել և ամբողջ զանգվածը լցնել սկուտեղի մեջ դասավորած կարտոֆիլի վրա, կողքերը դարձյալ զարդարել կանաչ ոլոռով և մատուցել տաք վիճակում: