1. Բրինձով
Որոշ տնտեսուհիներ դժգոհում են, որ իրենց պատրաստած փլավը հաջող չի ստացվում, քանի որ այն կպչուն է լինում: Ամենևին անհանգստանալ պետք չէ, եթե պատրաստեք ստորև նշված եղանակով.
ա. Եռացող ջրի մեջ ճաշի գդալից մի քիչ ավելի աղ լցրեք և բրինձը եռացրեք այնքան, որպեսզի այն լրիվ չեփվի, այլ մի քիչ հում մնա: Այնուհետև քամել, կաթսայի մեջ առատ յուղ լցնել, ավելացնել բրինձը, թեթևակի խառնել (կաթսան թափահարելով) կրակից վերցնել, կափարիչով լավ փակել, սրբիչով հերմետիկ փաթաթել կաթսան ու թողնել 0,5-1 ժամ մնա:
Փլավի որակը կախված է հետևյալից.
- ա) Կրակը պետք է շատ ուժեղ լինի, որովհետև ուժեղ կրակի դեպքում բրինձը ուշ կեփվի և կպչուն չի լինի,
- բ) Ջուրը պետք է լինի 1/5 հարաբերությամբ,
- գ) Յուղը առատ լինի,
- դ) Եփելուց հետո պետք է որոշ ժամանակ թողնել, անմիջապես չմատուցել:
Եթե անհրաժեշտ է անմիջապես մատուցել, երկրորդ եղանակով պատրաստեք:
բ. Լվացած բրինձը յուղով բովել այնքան, որ դառնա հազիվ նկատելի վարդագույն, ավելացնել աղ, տաք ջուր (1:2 հարաբերությամբ), միջին կրակով եփել: Երբ ջուրը սպառվի և երեսին անցքեր երևան, վերցնել կրակից, կափարիչով փակել, սրբիչով փաթաթել կաթսան և թողնել 20-25 րոպե, որից հետո մատուցել:
Չամիչով պատրաստելիս այն տապակել յուղով, լցնել արդեն պատրաստի փլավի վրա, խառնել զգուշությամբ և ծածկել վերը նշված ձևով:
2. Վերմիշելով
Որոշակի դժվարություն է հարուցում նաև վերմիշելով փլավը: Գաղտնիքը նրանում է, որ վերմիշելով փլավի համար նույնպես յուղը պետք է առատ լինի:
Վերմիշելը յուղով բովել, ավելացնել այնքան տաք ջուր, որ վերմիշելի մակերեսից 1-2 մատ բարձր լինի: Ավելացնել աղ և միջինից մի քիչ ուժեղ կրակով եփել: Երբ շատ քիչ ջուր մնա (մի քիչ թանձր) վերցնել կրակից, սրբիչով կաթսան փաթաթել, թողնել 10-20 րոպե հանգստանա:
Թույլ կրակի դեպքում կստացվի կպչուն զանգված:
3. Մսով փլավ
Թե ունեք շատ քիչ փափուկ միս և չեք կողմնորոշվում ինչ պատրաստել, ապա պետք է աղալ, յուղով տապակել, ավելացնել ջրով բացած 1 ճ/գ տոմատի մածուկ, աղ, սև, կարմիր պղպեղ, խառնել փլավին:
Սկուտեղի մեջ լցնելուց հետո կողքերը զարդարել լոլիկով, կանաչ պղպեղով, ձմռանը՝ թթու վարունգով:
4. Ձավարով, հաճարով, բլղուրով և մսով փլավ
2-3 գլուխ սոխը օղակաձև կտրատել և կաթսայի մեջ տապակել, ավելացնել 4-5 բաժակ մսի արգանակ, 2 թեյի բաժակ ձավարեղեն (բլղուր կամ հաճար և այլն):
Երբ սկսի եռալ, ավելացնել նախապես խաշած ու մանր կտրատած միսը և թողնել կրակին մինչև պատրաստ լինելը: Այսպիսի փլավ կարելի է պատրաստել նաև առանց մսի, այդ դեպքում կարելի է փլավի եփվելու ընթացքում ավելացնել մի քիչ տոմատի մածուկ: