09:27 1992–1994 թթ մեծ զրկանքների մասին | |
«Թող տարօրինակ չհնչի, բայց ես երջանիկ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը 1992–1994 թվականները համարում է «ցրտի ու մթի» տարիներ, ինչը նշանակում է, որ նա իր մաշկի վրա չի զգացել պատերազմի արհավիրքները». Լևոն Տեր-Պետրոսյան 16.11.2007թ. «Ազատության» հրապարակում կայացած հանրահավաքի ելույթից «...1992–1994 թվականներին Հայաստանի իշխանությունները, մեծ զրկանքների ենթարկելով հանրապետության քաղաքացիներին, հայթայթված սուղ միջոցներն ամբողջովին ներդրեցին Արցախի գոյությունն ու անվտանգությունն ապահովելու գործում՝ մեր երկրի տնտեսական գլխավոր խնդիրը դիտելով պատերազմի կարիքների բավարարումը, զենքի, զինամթերքի, դիզվառելիքի, դեղորայքի հայթայթումը, հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը, բանակի հանդերձավորումն ու պարենավորումը։ Թեեւ բոլորի մոտ տպավորված է այն պատկերացումը, թե պատերազմն ընթանում էր Լեռնային Ղարաբաղում, սակայն իրականում Հայաստանը նույնպես անմիջականորեն ներքաշված էր չհայտարարված պատերազմի մեջ։ Հայ-ադրբեջանական եւ հայ-նախիջեւանյան ողջ սահմանային գոտին երկու տարի շարունակ ենթարկվում էր համարյա ամենօրյա ռմբակոծությունների, հրաձգությունների եւ ավերումների։ Այդ գոտում՝ սկսած Ոսկեպարից մինչեւ Մեղրի եւ Երասխ, չկա որեւէ գյուղ, որը զոհեր եւ վիրավորներ տված չլինի։ Ադրբեջանի կողմից, ըստ էության, պատերազմ էր հայտարարված նաեւ Հայաստանի արտաքին կոմունիկացիաներին։ 1992–1995թթ. ընթացքում 42 անգամ պայթեցվել է Հայաստան մտնող գազամուղը եւ 21 անգամ՝ վրաց-հայկական երկաթգիծը։ Կարիք չկա ասելու, թե այդ պայթեցումներից հետո ինչ լրացուցիչ ծախսեր են պահանջվել կոմունիկացիաների վերականգնման աշխատանքների համար։ Ես առայժմ չեմ կարող պետական գաղտնիքներ հրապարակել, բայց հավատացնում եմ, որ պատերազմի, զենքի, զինամթերքի, դիզվառելիքի հայթայթման, բանակի մատակարարման, Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության, խափանված կոմունիկացիաների վերականգնման վրա այնքան գումար է ծախսվել, որ լիուլի կբավարարեր մեր ժողովրդին թե՛ լույսով, թե՛ ջերմությամբ ապահովելու համար։ 1993–1995 թվականներին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարն է եղել Սերժ Սարգսյանը, որն ամբողջությամբ տիրապետում է այդ գաղտնիքներին, եւ որը չի կարող չհաստատել այս ամենը։ Դիմելով այս հրապարակում գտնվող լրագրողներին, խորհուրդ եմ տալիս՝ առիթի դեպքում հարցրեք նրան եւ տեսեք, թե ինչ է պատասխանելու։ Թող տարօրինակ չհնչի, բայց ես երջանիկ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը 1992–1994 թվականները համարում է «ցրտի ու մթի» տարիներ, ինչը նշանակում է, որ նա իր մաշկի վրա չի զգացել պատերազմի արհավիրքները։ Մինչդեռ Արցախ մեկնած հազարավոր հայաստանցի կամավորների ու նրանց ընտանիքների, սահմանամերձ շրջանների բնակչության համար դրանք եղել են արյան, դիերի, վիրավորների, ռմբակոծումների եւ ավերումների տարիներ՝ զոհողություններ, որոնց գինը ազատագրված Արցախն է։...» | |
|