Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 22 » Բաց նամակ Սերժ Սարգսյանին
10:47
Բաց նամակ Սերժ Սարգսյանին



Բաց նամակ պարոն Սերժ Սարգսյանին

 

Հանրապետության գիտության բնագավառում այսօր առկա բացասական երևույթները երկրում արմատավորված քրեաօլիգարխիկ համակարգի ու նրա բարքերի ուղղակի արտապատկերումն են։ Այն, ինչ կատարվում է ամբողջ երկրում, չի կարող չանդրադառնալ նաև գիտության ոլորտին: Այստեղ նույնպես ծաղկում են կոռուպցիան, հովանավորչությունը, բյուջետային միջոցների չարաշահումներն ու խմբակային մոտեցումները։ Ոլորտը այլասերող ու քայքայող երևույթները քանիցս փաստագրվել են նույնիսկ իշխանական համակարգի համապատասխան կառույցների կողմից։


Սակայն, հատկապես վերջին զարգացումները ապացուցում են, որ դրությունը բնագավառում ավելի քան տագնապալի է։ Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի կողմից, փաստորեն, պատերազմ է հայտարարված գիտական գործունեության դեմ՝ ընդհուպ մինչև ոլորտի արմատախիլ անելը և նրա անվերադարձ վարկաբեկումը։

Երկրի իշխանությունները բացահայտ կերպով խրախուսում են «ուղեղների արտահոսքը», մեզանում սովորական են դարձել կասկածելի եղանակներով գիտական աստիճանների ձեռքգցումը պետական «բազմազբաղ» պաշտոնյաների և այլ դուրսպրծուկների կողմից, ինչպես նաև ակնհայտ զեղծարարություններով ակադեմիական տիտղոսներին տիրանալու հաջողված դեպքերը: Եվ այդ ամենը իրականացվում է իշխանությունների՝ գիտության հանդեպ խիստ «մտահոգ» կեցվածքով՝ տարատեսակ շոուներ կազմակերպելով, խրախուսանքի և պարգևների արժանացնելով գիտության բնագավառն ամայացնող գործընթացների հեղինակներին։ Նշված երևույթները զուտ «ներհամքարային» հարցեր չեն։ Այդ երևույթները մսխում և քայքայում են երկրի կարևորագույն ռեսուրսներից մեկը` գիտության բնագավառը։

Եթե նույնիսկ, անհրաժեշտ կամքի դրսևորման պարագայում, համեմատաբար կարճ ժամանակահատվածում հնարավոր է բարելավել տնտեսության այս կամ այն հատվածը, ապա գիտության դեպքում պահանջվող հիմքերը դրվում են տասնամյակներով։ Հետևաբար, այն, ինչ մենք կորցնում ենք այսօր, հնարավոր է, որ այլևս երբեք չունենանք։
Հաշվի առնելով շարադրվածը՝ անիմաստ եմ համարում հետայսու կրել «Նախագահի մրցանակի դափնեկիր» կոչումը, որը ստացել եմ 2007 թ. բնական գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար։ Ես հրաժարվում եմ այդ մրցանակից, և վերադարձնելու եմ դափնեկրի վկայագիրն ու մեդալը, ինչպես նաև համապատասխան դրամական պարգևը` նման դեպքերում նախատեսված կարգի համաձայն։

Հարություն Կարապետյան, 
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական
քիմիայի ԳՏԿ–ի ավագ գիտաշխատող
18 հունվարի, 2013թ.

Հ.Գ. Իմ այս քայլի համար ներողամտություն եմ հայցում մրցույթի հովանավոր «Պողոսյան հիմնադրամից», մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականցրած Հայաստան համահայկական հիմնադրամից, ինչպես նաև իմ համահեղինակներից։

Կատեգորիա: Բաց նամակ | Դիտումներ: 998 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: գիտնականներ, Սերժ Սարգսյան | - Վարկանիշ -: 5.0/1