04:12 Ետ տվեք մեր հողերը | |
Ռաֆայել Թեյմուրազյան Պետք է փաստել, որ Սևրի պայմանագրի ստորագրումից գրեթե մեկ դար անց տարածաշրջանում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Ճիշտ է, պայմանագիրը մնաց թղթի վրա, բայց հայ «քաղաքական մտքի» վերջին շաբաթներին դրսևորած ճկունությունը նոր հնարավորություններ է բացում: Ինչո՞վ է պայմանավորված այդ ճկունությունը: Առաջինը՝ վաղուց ազգովի ուղերձ ենք հղել, որով մտադիր ենք հետևողականորեն թալել թուրքերուն մերը: Ու չնայած այսօր դա ծիծաղելի է հնչում, այդ ուղերձն անվավեր ճանաչելու ոչ մի հիմք չկա: Երկրորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՅԴ-ն, Արա Պապյանը և շատ այլ ուժեր վերահստատեցին իրենց հավատը Սևրի պայմանագրի նկատմամբ՝ Արևմտյան Հայաստանն ընդունելով որպես մայր հայրենիքի անբաժան մաս: Ներկայիս Հայաստանը որպես այդ հայրենիքի կորիզ՝ բոլոր հիմքերն ունի Միացյալ Հայաստանի ձևավորման գործընթաց սկսելու համար: Հայաստանը պիտի ձեռնարկի միայն ու միայն այնպիսի գործողություններ, որոնք հատուկ են հաղթած երկրին, այսինքն՝ Միացյալ Հայաստանին: Այսպես ասելով՝ նկատի ունեմ նոր երկրի, կամ եթե կուզեք՝ պետության ձևավորումը: Համաձայն Սևրի պայմանագրի, Հայաստանին պետք է վերադարձվեն 6 վիլայեթներ: Մինչ այդ, ուրեմն, մեր հիմնական անելիքը մնում է դրանց կառավարող մարմինների ձևավորումը: Նոր կառավարության ճանաչման մասին հայտարարություններով պետք է հանդես գան հայտնի անհատներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, և որ ամենակարևորն է՝ Հայաստանի Հանրապետության համայնքները, այսինքն՝ քաղաքներն ու գյուղերը: Բոլոր այն գյուղերում և քաղաքաներում, որոնց գործող ղեկավարները երբևէ ջուր են լցրել թուրքերի ջրաղացին, կամ աջակցում են նման ուժերի, պետք է ընտրվեն ստվերային գյուղապետեր և քաղաքապետեր, ովքեր հընթացս իրենց ձեռքը կվերցնեն տեղական իշխանությունը՝ նոր կառավարության աջակցությամբ: Նոր կառավարության ձևավորման պրոցեդուրան պետք է լինի ծայրահեղ պարզ: Մենք պետք է հատ-հատ ընտրենք այն մարդկանց, ովքեր կուզեինք, որ կառավարեին մայր Հայաստանին միանալիք 6 վիլայեթները և ներկայացնել ֆեյսբուքի հաստատմանը: Սա կլինի սաստիկ հայրենասիրության արտահայտման գործուն մեխանիզմ: Իմ կողմից առաջարկում եմ նախ օտարահունչ «վիլայեթ» բառը փոխարինել «մարզ» կամ «գավառ» հայեցի բառերով: Որպես Էրզրումի մարզպետ առաջարկում եմ Artur Grigoryan-ի, որպես Վանի մարզպետ՝ Սամվել Թեյմուրազյանի թեկնածությունները (նրանց նախնիներն այդ կողմերից են)... Ներկայացրեք նաև ձեր առաջարկները: Միացյալ Հայաստա՛ն
| |
|