Արտակ Հարությունյան
Շատերն են այս օրերին միացում ուզում, պահանջում, երազում, կոչ անում: Ու շատերն առաջին հերթին նկատի ունեն ՀԱԿ-ին ու ՀԱԿ համակիրներին: Քաղաքացու այս պահանջը իմ համար լրիվ հասկանալի ու ընկալելի է: Գուցե նաև հենց դա է պատճառը, որ, չնայած Րաֆֆիի նկատմամբ մեծ թերահավատությանս, ես մասնակցում եմ իր միջոցառումներին, հանրահավաքներին: Գնում եմ՝ փորձելով անտեսել իր անընդհատ ակնարկները 2008-ի ընտրությունների ու դրան հաջորդող շարժման մասին, չնայած էն ջրբաժանին, որ ոչ ուղիղ, բայց Րաֆֆին փորձում է գծել իր ու ՀԱԿ-ի մեջ, չնայած իր հավակնոտ կոչերին, որ առաջին անգամ է «բարի հեղափոխություն» արվում ու նման շատ բաների: Գնում եմ, որտև Հրապարակում իմ համերկրացիներն են, ովքեր արդարություն են ուզում, ու ովքեր ուզում են բոլորիս միասնական տեսնել: Սա իմ որոշումն է ու ես այդ որոշմանս հավատարիմ եմ:
Մարտի 1-ին ՀԱԿ-ը, ինչպես միշտ, հարգանքի տուրք է մատուցելու 2008 թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակին: Այս միջոցառումը պլանավորված է վաղուց, այս միջոցառման մասին գիտեն բոլորը: Ու հիմա ես ուզում եմ հարցնել բոլոր «միացում» կոչ անողներին. չե՞ք տեսնում, որ հստակ ջրբաժան ու հստակ անջատման են տանում, ինչու՞ պետք է երկու առանձին նման միջոցառում լինի այդ օրը, ակամա «կռվացվեն» երկու միջոցառումների մարդիկ, ովքե՜ր են շատ, ովքե՜ր են քիչ... Ախր դա սրբապղծություն է: Դա վիրավորանք է մարտի 1-ի զոհերի հասցեին: Ախր չի կարելի: Ախր պետք է այդ օրը բոլորս, Րաֆֆիի ու Լևոնի, ՀԱԿ-ի ու Ժառանգության կողմնակիցներն ու մնացած-մնացած բոլորը, անկախ քաղաքական և այլ պատկանելիությունից միասին գնայինք՝ ցույց տալու համար, որ ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի մոռացվել, որ մենք մի բռունցք ենք: Մի՞թե սա էլ պետք է էսպես մրցակցության բուն դառնար: Ու հիմա ես հավատա՞մ, որ Րաֆֆիի միացման կոչերն ազնիվ ու անկեղծ են: Կներեք, բայց չեմ կարողանում:
Ես հունվարի 28-ին լինելու եմ Րաֆֆիի հանրահավաքին: Չեմ կարող չլինել: Էնդեղ իմ պայքարող ընկերներն են ու ես իրենց կողքին եմ լինելու: Իսկ մարտի 1-ին ժամը 6-ին ես լինելու եմ Ազատության հրապարակում: Ու ճիշտն ասած ակնկալում եմ, որ իմ պայքարող ընկերներն այդ օրը լինելու են իմ կողքին: Այդ օրը նրանք ՀԱԿ-ի համար չեն գալու: Չէ: Մենք պետք է ցույց տանք, որ 5 տարի առաջ սկսված պայքարն արդար էր, որ զոհերի մեղքն իշխանության վզին է, որ մեր սկսած պայքարն ավարտված չէ, որ պետք է հասնենք արդարության հաստատմանը: