11:17 Հայելի.am-ի կեղտոտ լրագրությունը | |
Սա արդեն ոչ միայն ծառայամտություն է, այլև փչացածություն Երեկ, Հայելի.am կայքը «ՀԱԿ անդամը բացահայտում է, թե ովքեր են ոչնչացնում ՀԱԿ-ը» վերնագրով նյութ է հրապարակել՝ Անի Սահակյան ստորագրությամբ։ Վերնագիրը ենթադրում է, որ պիտի կարդանք երկրի թիվ մեկ ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսին վերաբերող մի «ցնցող» բացահայտման մասին և վերջապես կայքը մեզ կուղղորդի իմանալու այն անձանց անունները, թե ովքեր են ոչնչացնում ՀԱԿ-ը, սակայն բացահայտվում է միանգամայն այլ բան՝ կայքի քարոզչական ուղղվածությունը, որը լիովին տեղավորվում է ռեժիմի սպասարկման շրջանակներում և իշխանահաճո այդ պատվերի կատարման լրագրողական բացառիկ անտաղանդության մակարդակը։ Եվ այսպես, լրագրողը, վկայակոչելով «որոշ լուրեր», ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանից փորձում է կորզել որոշ բառեր կամ արտահաստություններ, որոնք կարող են, ըստ իրենց տրամաբանության, հաստատել ՀԱԿ-ի ոչնչացման իշխանական բաղձալի նպատակը։ Եվ հարց է տրվում ԺՀԿ առաջնորդ Պետրոս Մակեյանի ՀԱԿ քաղխորհրդի նիստում պատրաստվող գոյություն չունեցող և սեփական կուսակցությունում չքննարկված ինչ-որ առաջարկությանների փաթեթի մասին, որում խոսք պետք է լինի ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին փոխելու հարցը։ Իշխանական քարոզչամեքենայի այս հորինովի տեղեկությանը պարոն Աբգարյանը պատասխանում է՝ «Ինձ այդ հարցերը չեն հետաքրքրում»։ Այնուհետև կայքը գրում է, որ Երջանիկ Աբգարյանը, հավելել է, որ ինքը ՀԱԿ-ից հիասթափված չէ։ Թե ինչու՞ պետք է ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանը հիասթափված լինի Կոնգրեսից՝ հայտնի է միայն Բաղրամյան 26-ին և կայքին։ «Ես միշտ պայքարել եմ, հիմա էլ պայքարում եմ խառնակչությունների դեմ,- ասում է պարոն Աբգարյանը,- պայքարում եմ, որ մարդիկ հասկանան, որ պետական դավաճանների հետ գործ ունեն, պայքարում եմ, որ մարդիկ հասկանան, որ այսպես շարունակվի Հայաստանը կվերանա աշխարհի քարտեզից եւ այլն»։ Պարզ է, որ ՀԱԿ անդամը «պետական դավաճաններ» ասելով նկատի ունի ռեժիմին, բայց այստեղ կայքի լրագրողը փորձել է պատասխանն այնպես ներկայացնել, որ ընթերցողը կարծի, թե խոսքը ընդդիմության գործիչների մասին է։ «Իհարկե Մակեյանը,- շարունակում է պարոն Աբգարյանը,- ինչպես ցանկացած կոնգրեսական իրավունք ունի, ազատ է կարծիքներ հայտնելու համար, բայց ես ոչինչ ասել չեմ կարող, առավել եւս, որ խնդրին ամբողջությամբ եւ հիմնավորումներին տեղյակ չեմ: Հիմա ես չգիտեմ՝ ի՞նչ խոսակցություն է, ի՞նչ հիմքերի վրա են հարցեր բարձրացնում եւ այլն»: Իհարկե, ոչ միայն պարոն Աբգարյանը, այլև ոչ մի այլ մարդ ոչինչ չի կարող ասել գոյություն չունեցող բանի մասին. քարոզչական պարզունակ զառանցանքին ոչ մի լուրջ մարդ ուշադրության չի արժանացնում։ Լրագրողի հաջորդ հարցը սադրանքի ժանրից է՝ «Կա՞ առհասարակ ՀԱԿ-ն առողջացնելու անհրաժեշտություն, թե՞ Կոնգրեսն այսօրվա մեխանիզմներով էլ կարող է պայքարել «ավազակապետության» դեմ» և լրագրողը ցինիկաբար զարմանում է, թե ինչո՞ւ է ՀԱԿ անդամն այդքան վրդովվում հարցից՝ իբր չի հասկանում, որ լրագրողական կեղտոտ սադրանքները նորմալ մարդկանց վրդովվեցնում են, իսկ պարոն Աբգարյանը դրա համար հենց այդ լրագրողին մեղադրանք է ներկայացնում ՀԱԿ-ը «ոչնչացնելու» մեջ՝ դրանոց բացահայտելով տրված հարցերի նպատակը։ «Դուք ինչո՞ւ եք այնպիսի հարցեր տալիս, որ անպայման ներքին խառնակությունների, խառնակչությունների ուղղությամբ են: Մի քիչ կառուցողական հարցեր չեք կարո՞ղ տալ: Ճիշտն ասած, արդեն ես զզվել եմ էս կարգի հարցերից»- բարկանում է պարոն Աբգարյանը, իսկ լրագրողը ներկայացնում է, թե «անտեղի պոռթկած Երջանիկ Աբգարյանը. «Երկիրը գնում է կործանման, իսկ դուք զբաղված եք ՀԱԿ-ը ոչնչացնելու գործով: Դուք մեծ օգնություն եք ցուցաբերում նրանց, ովքեր դրանից շահում են: Եւ դուք, եւ ուրիշ կայքեր, լրատվամիջոցներ հակաազգային, հակապետական գործունեությամբ եք զբաղված: Դուք ինքներդ գրեք, թե ՀԱԿ-ին առողջացման ինչ դեղատոմսեր են հարկավոր, ոչ թե ինձ հարցրեք»: Իրեն հարգող ոչ մի լրատվամիջոց Երջանիկ Աբգարյանի այս խոսքերից հետո կլռեր և նյութը չէր ներկայացնի տարածման, բայց, քանի որ լրագրողը «պետպատվերի» շրջանակներում է, իսկ հարցազրույցը՝ ձախողված, «մուննաթ» է գալիս՝ «ՀԱԿ-անդամներդ եք ՀԱԿ-ը «հիվանդացրել» եւ հիմա առողջացնելու դեղատոմսեր եք առաջարկում, իսկ մենք ընդամենը հարցնում էինք՝ անհրաժե՞շտ է առողջացումը, թե՞ ՀԱԿ-ը կարող է պայքարել եւ ինչպե՞ս»: Այս ամենը ոչ միայն զվարճալի է, ծիծաղելի, այլև անբարոյականության աստիճանի կեղտոտ ու տհաճ, քանի որ ոչ ՀԱԿ-ի ոչնչացմանը ականատես եղանք, ոչ էլ որևէ բացահայտման. բոլորին էլ վաղուց է հայտնի ծախու լրատվամիջոցների ու լրագորղների դեմքերը։ | |
|