04:40 ՀՀԿ-ն ինքն իրեն կվերացնի | |
Այս ընտրություններում միակ շահած թեկնածուն Նախագահի` արդեն նախկին թեկնածու Արամ Հարությունյանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախագահի մյուս թեկնածուները, իրեն չմիանալով, փաստացի միացան Սերժ Սարգսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը, ըստ նրա, հիմա եւ հետայսու հայտնվել են Արթուր Բաղդասարյանի, Վազգեն Մանուկյանի եւ Արտաշես Գեղամյանի կարգավիճակում: Մյուս երեք թեկնածուներին՝ Արման Մելիքյանին, Անդրիաս Ղուկասյանին եւ Վարդան Սեդրակյանին, Արամ Հարությունյանը վերապահումով է մոտենում: Նախագահի նախկին թեկնածուն վստահեցրեց, որ ինչպես ակտիվ եղել է, այնպես էլ մնալու է: «Հիմա տղեքին թողնենք մենակ, թող մի քիչ տունտունիկ խաղան»,- հայտարարեց Հարությունյանը: Նա վստահեցրեց, որ ընտրություններից հետո երկրում նոր իրավիճակ է ստեղծվելու, կլինեն «էտված» կամ նոր ստեղծված կուսակցություններ: «Իշխանության մեջ ոչինչ հարթ չի, նախընտրական շտաբում իրար միս են ուտում, ավելի շատ են իրար ատում, քան ընդդիմադիրներին: Իշխանության ներսում իրենք իրենց հարցերը մաս-մաս լուծելու են»,- հայտարարեց Հարությունյանը, նաեւ եւս մեկ անգամ ընդգծեց, որ այս ընտրությունների միակ խնդիրն իշխանության համար լինելու է մասնակցության ցուցանիշ ապահովելը: Ըստ նրա` բոլոր թեկնածուների փոխարեն ՀՀԿ-ն է ընտրություններին մարդ տանելու:
| |
|