Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 29 » Ինչու արգելվեց դրսում ընտրությունների անցկացումը
18:17
Ինչու արգելվեց դրսում ընտրությունների անցկացումը

Հասմիկ Հարությունյան

Ի պատասխան մի բանավեճի մի բան հիշեցի և մտածեցի, որ այստեղ գրեմ, շատերիդ կհետաքրքրի։

1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ես ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում էի աշխատում։ Մի քանի, կարծեմ՝ մի 4 (գուցեև ավելի, կարելի է ճշտել) ընտրատեղամաս ունեինք. Լոս ԱՆջելեսում, Բոստոնում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, եթե ավելին կար, չեմ հիշում։ Ես հանձնաժողովի նախագահ էի Բոստոնում։ Ընտրելու իրավունք ունեին, անշուշտ, միայն ՀՀ քաղաքացիները։ Սա նշանակում է, որ գրեթե բոլոր ընտրողները անկախությունից հետո դուրս եկածներն էին, քանի որ ավելի հին արտագաղթածներն արդեն ԱՄՆ քաղաքացիներ էին, իսկ մենք երկքաղաքացիություն չունեինք այն ժամանակ։

ԱՄՆ-ում ՀՀ նախագահի ընտրություններն անցել են ոչ թե սոսկ «ազատ, թափանցիկ», այլ այնպես հաշալի ու օրենքի տառին համապատասխան, որ ուզածդ ամենաժողովրդավար երկիրը կնախանձեր։ Օրինակ, մի խիստ «լևոնականի» թույլ չտվեցի մասնակցել ընտրություններին, որովհետև հարկ եղած փաստաթղթերը չուներ, և տղան մինչև հիմա ինձ հետ չի խոսում։

Հիմա։ Ես գրեթե համոզված էի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ մոտ չի շահելու, քանի որ ընտրողների ճնշող մեծամասնությունը նրա օրոք Հայաստանից դուրս եկածներն էին, որոնք, առնվազն իրենց կողմից երկիրը լքելն արդարացնելու համար, պետք է նրա դեմ քվեարկեին։ Այնինչ գիտե՞ք ինչ եղավ. Բոստոնում Տեր-Պետրոսյանն ստացավ 86 %, իսկ ԱՄՆ-ում՝ 83 (չի բացառվում, որ, թվերը ստույգ հիշելով հանդերձ, այս երկու թվերի տեղերը խառնեմ)։ 

Դե, իհարկե, հաջորդ՝ 1998-ի ընտրություններում ԱՄՆ-ում Կարեն Դեմիրճյանը շահեց։ Խորհրդարանական հաջորդ ընտրություններում, առնվազն Վաշինգտոնում՝ ՀՀՇ-ն։

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ճիվաղն ինչու արգելեց դրսում ընտրությունների անցկացումը. չէին կարողանում կեղծիքներ պարտադրել։ 

Ինչ վերաբերում է Հայաստանում 1996-ին Լևոնի հաղթել-չհաղթելուն, դրա մասին էլ դուք մտածեք։


Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1361 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Հասմիկ Հարությունյան, Լևոն Տեր-Պետրոսյան | - Վարկանիշ -: 0.0/0