Վահե Աղաքարյան
Ինչու՞ չեմ քվեարկելու ՀՀ նախագահի թեկնածուներից ոչ մեկի օգտին
Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանանք, թե ով պետք է կամ ով կարող է լինել նախագահ, պետության ղեկավար, պետության առաջին դեմք: Աշխարհում այդպիսի մոտավորապես 200 մարդ կա, 200 պետության ղեկավար, 7 միլիարդից ընդամենը 200-ը: Այսինքն 35.000.000-ից 1-ը, այսինքն բացառիկ մարդիկ, տվյալ պետության, տվյալ երկրի ազգաբնակչության ամենախելացի, ամենահավասարակշռված, ամենախարիզմատիկ, ամենահեղինակավոր, ամենասիրված, ամենապարկեշտ, ամենաառաքինի, մի խոսքով, տվյալ պետության բնակչության իդեալական մարդ լինելուն ամենամոտ մարդը:
Հիմա նայենք մեր թեկնածուներից ո՞վ է այդպիսին:
1) Սերժ Սարգսյան
Նախ հիշենք այն, որ մեր ազգում շատերն ասում են, որ հայ ազգը բացառիկ ազգ է կամ էլ գոնե աշխարհի ամենախելացի ազգերից մեկն է: Եթե անգամ սա չենք ընդունում, գոնե պետք է ընդունենք, որ օրինակ ուզբեկներից ավելի խելացի ենք, հետևաբար մեր նախագահը գոնե ուզբեկների նախագահից ավելի խելացի պետք է լինի, չէ՞: Հիմա վերադառնանք Սերժ Սարգսյանին: Իր այն ելույթում, որտեղ Սարգսյանը հայտարարեց նախագահի թեկնածու լինելու մասին, ըստ որոշ լավատեղյակ աղբյուրների, պարոնը կրկնել էր Ուզբեկստանի նախագահի որոշ մտքեր, հետևաբար Սերժ Սարգսյանը մտավոր ունակություններով զիջում է անգամ Ուզբեկստանի նախագահին, այսինքն չի կարող լինել Հայաստանի իդելական մարդ լինելուն ամենամոտ մարդը:
2) Րաֆֆի Հովհաննիսյան Նախ հիշենք, որ մեր ազգում շատերն ամերիկացիներին «տուպոյ» են համարում, հետևաբար մեր նախագահը գոնե ԱՄՆ-ի նախագահից ավելի խելացի պետք է լինի, չէ՞: Հիմա վերադառնանք Րաֆֆի Հովհաննիսյանին: Եթե հիշում եք, այս պարոնը, Մեծ Պահքի շրջանում Ազատության հրապարակում հացադուլի անվան տակ դիետա էր պահում, որի արդյունքում պարոն Հովհաննիսյանը ահագին նիհարեց, նիհարելու հետևանքով, վերջինիս օրգանիզմում ուժեղացավ մելանին պիգմենտի արտադրությունը, իսկ մելանինը սև գունակ է, որն ապահովում է մաշկի, մազերի, աչքերի գույնը և նրա շատ քանակներն ապահովում են մաշկի մուգ գունավորումը, սրա արդյունքում հարգարժան պարոնը դարձավ ավելի թխամաշկ, մինչ այդ էլ բեղերն էր սափրել, հետո աստիճանաբար նկատվեցին փոփոխություններ նրա ձայնի հնչերանգում, տեմբրում: Այս ամենի հետևանքով պարոն Հովհաննիսյանը նմանվեց իր շատ սիրելի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Բա մեր նախագահը տուպոյ երկրի նախագահին նմա՞ն պետք է լինի, բա մեզ սազե՞ց:
3) Հրանտ Բագրատյան Պարոն Բագրատյանն, ահա, իր հիմնական մրցակից համարում է Սերժ Սարգսյանին. վերևում գրել եմ, թե ինչու Սերժ Սարգսյանը չի կարող լինել ՀՀ նախագահ, հետևաբար նրան իրենց մրցակիցը համարող մարդիկ, այսինքն նրա մակարդակի մարդիկ, նույնպես չեն կարող արժանանալ ՀՀ նախագահի պաշտոնին:
4) Պարույր Հայրիկյան Եթե լսենք պարոն Հայրիկյանին, ապա կգանք այն եզրահանգման, որ պարոն Հայրիկյանն իրոք իդեալական թեկնածու է, բայց եթե մարդու մասին այդպիսի կարծիք կազմում ենք, երբ լսում ենք իր այդպիսի խոսքերն իր մասին, ապա այդ մարդը բնականաբար չի կարող հավակնել պետության ղեկավարի կոչմանը:
Մյուս թեկնածուների մասին խոսելը համարում եմ անիմաստ: |