21:33 Ինչու՞ Լևոնը չբարևեց Րաֆֆուն | |
Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանն այն հարցին, թե ինչու, այնումենայնիվ, Ազատության հրապարակում մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նա չմոտեցավ ողջունելու Րաֆֆի Հովհաննիսյանին: «Որովհետև դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին: Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաև` ծոմապահության ցուցադրականությունը: Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դա դադարում է առաքինություն լինել: Մասնավորապես, ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր Հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռևս 5-րդ դարում ասել է հետևյալը. «Սատանան կործանում է թե՛ ծոմապահին, թե՛ նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, և մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում և կործանում» («Մատենագիրք Հայոց»,Ա, էջ 1170): Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել հայ և համաշխարհային եկեղեցական մատենագրությունից: Ինչևէ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլև լիակատար զորակցություն կհայտնեի նրան»,– նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը: | |
|