Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 14 » ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞Վ է ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
02:32
ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞Վ է ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Լևոն Զուրաբյան

Արման Գալոյանի հարցազրույցը Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ,

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ


- Վերջին օրերին քաղաքական դաշտի քննարկումների հիմնական թեման հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերն են: Կխնդրեի ձեր գնահատականը կատարվածի վերաբերյալ, եւ քանի որ շատերը խոսում են պատերազմի վերսկսման մասին, արդյո՞ք դուք հավանական եք համարում դա:

- Կատարվածի էությունը հասկանալու համար մենք պետք է խնդիրը դիտարկենք վերջին շրջանում ձեւավորված իրողությունների համատեքստում, ինչն առաջին հերթին ենթադրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծված ռազմաստրատեգիական բալանսի ու Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հավանականության վերլուծություն:

2007թ. լինելով Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան, աշխատել եմ մի ուսումնասիրության վրա, որի նպատակն էր գնահատել Ղարաբաղյան ճակատում պատերազմի վերսկսման վտանգը: Այն ժամանակ բազմաթիվ հանդիպումներ ունեցա համապատասխան պաշտոնյաների հետ, ՀՀ եւ ԼՂՀ այն ժամանակվա պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի, մեր բանակի բարձրաստիճան սպաների հետ: Ուսումնասիրության մեջ վերլուծեցինք հայկական եւ ադրբեջանական կողմերի ռազմական հնարավորությունները, ինչպես նաեւ կոնկրետ զինատեսակներ ու սպառազինություններ գնելու հնարավորությունները եւ Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսական պոտենցիալի ու զարգացման հեռանկարները:

Պարզվեց հետեւյալ պատկերը. Ադրբեջանը նավթարդյունաբերությամբ ձեռք բերված գերշահույթների երաշխավորված հոսք պետք է ունենար առնվազն մինչեւ 2012թ., այնուհետեւ հասներ նավթարդյունաբերության իր պիկին, որից հետո պետք է սկսվեր աստիճանական անկում: Այս պատկերի վրա մենք եկանք հետեւյալ եզրակացությունների.

1. Տարիներ շարունակ Ադրբեջանը` ռազմական ծախսերի առումով Հայաստանի նկատմամբ ունենալու է հնգակի առավելություն. տարեկան մոտ 2 մլրդ դոլար` Հայաստանի 400 մլն-ի դիմաց:

2. Այդ տարիներն Ադրբեջանն օգտագործելու էր Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայություն ստանալու նպատակով` գնելով բարձր ճշգրտության հեռահար հրետանի ու ռմբարկու ավիացիա: Սա պետք է թույլ տար Ադրբեջանին, ռազմական գործողությունների դիմելու դեպքում, խուսափել ուղիղ շփման ռազմական գործողություններից ու ապահովել մի վիճակ, երբ այդ շփումը սկսվում է հայկական դիրքերի վրա անակնկալ լայնածավալ ստրատեգիական ռմբակոծություններից հետո:

3. Քանի որ Ադրբեջանի ծախսերի 70 տոկոսը կապված էր նավթային սեկտորից ստացած եկամուտների հետ, իսկ ոչ նավթային ՀՆԱ-ն արդեն կտրուկ անկման մեջ էր, նավթարդյունաբերության ծավալների անկումը 2012- 2015 թվականներին պետք է անխուսափելիորեն բերեր այնտեղ ՀՆԱ-ի անկմանն ու աստիճանաբար առաջացներ կենսամակարդակի անկում ու սոցիալական դժգոհության աճ:

4. Հաշվի առնելով, որ 2012-15թթ. այն սահմանագիծն են, որից սկսած աստիճանաբար նվազելու են սպառազինություններ գնելու եւ ռազմական բալանսն արմատապես փոխելու Ադրբեջանի հնարավորությունները, մյուս կողմից բարձրանալու էր տնտեսական ճգնաժամի եւ սոցիալական դժգոհության աճի հնարավորությունը, այդ տարիներին Ադրբեջանը լուրջ շարժառիթ կունենար սկսելու պատերազմը, եթե այն երբեւէ պետք է սկսվեր:

Ելնելով այս հանգամանքներից, մենք զգուշացրել էինք, որ 2012 թվականից հետո ընկած ժամանակաշրջանն ամենավտանգավորն է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման առումով: Իհարկե, այդ վերլուծությունն, առանձին վերցրած, բավարար չէր պատերազմի սկիզբ կանխագուշակելու առումով, որովհետեւ այս վերլուծության մեջ պետք է ներառվեն նաեւ միջազգային գործոնները, մասնավորապես ՌԴ-ի ու այլ գերտերությունների` Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու հնարավորությունները: Քանի որ դրանք որոշակի սահման ունեն, եթե Ադրբեջանն ինչ-որ պահի գտներ, որ հասել է Հայաստանի նկատմամբ արագորեն առավելության  հասնելու համար անհրաժեշտ գերակայության, ոչ ՌԴ-ի, ոչ էլ այլ գերտերությունների զսպիչ ուժը չէր բավարարի:

Եվ ահա ուկրաինական ճգնաժամը խորը ազդեցություն ունեցավ այս գործոնների վրա: Նախ եւ առաջ, որովհետեւ ՌԴ-ի ու Արեւմուտքի միջեւ սկսվել է հակամարտություն, եւ նրանք այլեւս չեն գործում որպես արդյունավետ միասնական զսպիչ ուժ` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության: Եւ երկրորդ` ՌԴ-ն, որն առավել մեծ հնարավորություններ ունի ինչպես հակամարտող կողմերի միջեւ ռազմաստրատեգիական բալանսը փոխելու, այնպես էլ` ուղիղ ռազմական միջամտության առումով, կաշկանդված է ուկրաինական ճգնաժամով, ինչի հետեւանքով նրա զսպիչ հնարավորությունները լրջորեն նվազել են: Փաստորեն, միջազգային վերջին զարգացումները հավելյալ գործոններ էին, որոնք բարենպաստ պայմաններ էին ստեղծում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի համար, մեծացնելով պատերազմի վերսկսման վտանգը:

Այս վիճակում Հայաստանը, ի դեմս Սերժ Սարգսյանի իշխանության, որդեգրել էր Ադրբեջանի սադրանքներին, դիվերսիաներին ու ռմբակոծություններին չպատասխանելու քաղաքականություն: Տրամաբանությունն այն էր, որ Ադրբեջանի համար չստեղծի որեւէ առիթ կամ պատճառաբանություն` պատերազմը վերսկսելու եւ ագրեսիան միջազգային հանրության առաջ Հայաստանի գործողություններով արդարացնելու համար: Սակայն, նման քաղաքականությունը ոչ միայն չէր ծառայում իր նպատակներին, այլեւ միայն ու միայն լկտիացնում էր Ադրբեջանին, որը, հավատալով իր ձեռք բերած ռազմական «առավելությանը», ավելի ու ավելի էր սաստկացնում հարձակումները:

Սերժ Սարգսյանի այդ քաղաքականությունը թեեւ խուլ, բայց լուրջ դժգոհություն էր առաջացրել մեր բանակի, ՊՆ եւ հրամանատարական կազմի մեջ: Այս վիճակում հուլիսի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, հրապարակային կոչ արեց վերանայելու այդ քաղաքական դիրքորոշումը եւ համարժեք պատասխան տալ Ադրբեջանի ոտնձգություններին: Սերժ Սարգսյանը, հայտնվելով մի կողմից զինվորական վերնախավի լուռ, մյուս կողմից` ընդդիմության հրապարակային ճնշման տակ, ստիպված էր իր վերջնական հեղինակազրկումը կանխելու նպատակով փոխել «ջայլամային» մոտեցումը: Հայկական բանակը վերջապես վճռական հակահարված տվեց թշնամուն, ինչը քարուքանդ արեց վերջին տարիներին Ադրբեջանի ստեղծած միֆը (որին ինքն էլ էր հավատացել), թե արդեն կարող է Ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով:

- Այսքանից հետո կարելի է պատերազմի վերսկսումը բացառե՞լ, թե` ոչ:

- Եկեք սթափ դատենք. սա մեր բանակի, մեր զինվորների հաջողությունն էր, որն այսօր միայն շատ կարճ ժամկետով զսպել է Ադրբեջանի ախորժակը: Ադրբեջանն իր քթին լավ հարված ստացավ, եւ դա որոշ ժամանակ կզսպի նրան: Բայց կատարվածը մեզ չի կարող լիարժեք վստահություն ներշնչել ապագայի նկատմամբ: Գլխավոր խնդիրը, որը թույլ է տալիս Ադրբեջանին` կուտակել Հայաստանի նկատմամբ ռազմաքաղաքական առավելություն, լուծված չէ. Հայաստանը շարունակում է մնալ բարոյական որեւէ սկզբունք չունեցող քրեապետական խմբակի ձեռքում, շարունակվում է տնտեսական սրընթաց անկումը, շարունակվում է արտագաղթը, եւ եթե այսօր մեր տղաների կռվելու ունակության շնորհիվ մենք կարողացանք ագրեսորին հեռու պահել մեր սահմաններից, դա դեռ չի նշանակում, որ այդ հարցը վերջնականապես լուծել ենք:

Եթե մենք այսօր չլուծենք Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու խնդիրը, ապա վաղը պարզապես բավարար չափով զինվորներ չենք ունենա` պաշտպանելու համար սահմանները: Այն հանգամանքը, որ մենք այնքան ենք թուլացել, որ տարիներ շարունակ չենք համարձակվում համարժեք պատասխան տալ Ադրբեջանին, իսկ երբ պատասխանում ենք` դա արվում է կողքից հուշումով ու ներքին քաղաքական դիրքերն էլ ավելի չթուլացնելու դրդապատճառով, ցույց է տալիս` մենք գտնվում ենք սխալ ուղղության վրա: Եթե շարունակենք շարժվել այդ ուղղությամբ, գալու ենք մի աղետի, երբ չեն փրկի ոչ հուշումները, ոչ էլ զինվորների հերոսությունը: Ուստի, հայ ժողովրդի համար կայուն խաղաղության եւ զարգացման, Ղարաբաղի պահպանման գլխավոր երաշխիքները պետք է դառնան ձախողված ռեժիմի հեռացումն ու երկիրը զարգացման առաջնորդող իշխանության ձեւավորումը Հայաստանում:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում այս օրերին Հայաստանի դիվանագիտական կեցվածքը, այդ միջադեպերի վերաբերյալ արձագանքները:

- Այս օրերին Հայաստանի դիվանագիտության ամենամեծ թերությունը ես տեսնում եմ նրա մեջ, որ համարժեք արձագանք չտրվեց  Կարեն Պետրոսյանի ստորագույն սպանությանը: Մի բան է, երբ զոհեր են լինում ռազմական գործողությունների հետեւանքով, երբ մահանում են զինվորներ, մեկ այլ բան է այն, ինչ արեց Ադրբեջանը Կարեն Պետրոսյանի նկատմամբ: Հայկական կողմն այսօր ունի բոլոր անհրաժեշտ անհերքելի ապացույցները, ներառյալ տեսանյութեր առ այն, որ Կարեն Պետրոսյանը, լինելով սովորական քաղաքացի, խաղաղ բնակիչ, ուղղակի մոլորվել էր ու հայտնվել ադրբեջանական գյուղում, որ նրա վրա սկզբից եղել է քաղաքացիական հագուստ, որ նրան գերելով, Ադրբեջանի զինված ուժերը փոխել են այն` հագցնելով զինվորականի համազգեստ: Ու դա միայն մեկ նպատակով` հրապարակավ սեփական ժողովրդի առաջ նրան դիվերսանտ ներկայացնելու ու մատաղ անելու եւ նման ստորագույն արարքով փորձելով դարմանել այն հոգեբանական շոկը, որում հայտնվեց Ադրբեջանի հասարակությունը վերջին ռազմական իրադարձությունների պատճառով: Սա այլ կերպ, քան պետական տեռորիզմ` որակել հնարավոր չէ: Հայաստանի  ԱԳՆ-ն կատարվածի մասին գոնե պետք է համապատասխան դատապարտող հայտարարություն աներ, ինչպես նաեւ տեղեկացներ կատարվածի մասին միջազգային կազմակերպություններին, ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին` պահանջելով Ադրբեջանի գործողությունների դատապարտում: Եթե ռազմական գործողությունների առումով կողմերի պնդումներն իրարամերժ են ու անապացուցելի, ապա սա այն դեպքն էր, երբ Հայաստանը հնարավորություն ուներ աշխարհին ցույց տալու ողջ ճշմարտությունը: Բայց, չգիտես ինչու, նորից ընտրվել է չհակադարձելու քաղաքականությունը:

- Դուք ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում խոսեցիք Հայաստանի իրավիճակի, արտագաղթի եւ այլնի մասին: Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում կոչ էր անում ընդդիմությանը` որոշ հարցերի շուրջ լինել զուսպ, քանի որ ինչպես ասել է իր խոսքում. «Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է եւ այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգեւորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում եւ որոշ հարցերի շուրջ լինել զուսպ»: Ինչո՞ւ եք ձեր հայտարարություններով ոգեւորում ադրբեջանցիներին:

- Եթե Սերժ Սարգսյանը կարծում է, որ Ալիեւը կամ ադրբեջանցիները իրենց պատկերացումները Հայաստանի մասին կառուցում են ընդդիմության ելույթներում պարունակվող տեղեկությունների հիման վրա եւ ըստ դրա են որոշում իրենց գործողությունները, ուրեմն, ի դեմս Սերժ Սարգսյանի, մենք ունենք անվտանգության լրջագույն խնդիր: Իսկ եթե իսկապես հավատանք, որ Ալիեւը կամ ադրբեջանցիներն իրենց քաղաքականությունը կառուցում են ընդդիմության ելույթներում պարունակվող տեղեկությունների հիման վրա, ուրեմն անվտանգության լրջագույն խնդիր ունեն ադրբեջանցիները` ի դեմս Ալիեւի: Երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանի ասածը լուրջ չէ:

- Սերժ Սարգսյանը մյուս կողմից դրական արտահայտվեց ընդդիմության մասին` հիշելով ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը. «Նույնիսկ իշխանությունների նկատմամբ շատ կոշտ դիրքորոշում ունեցողները, մեր քաղաքական հակառակորդները իրենց մեջ ուժ գտան դրական արձագանքելու մեր բանակի գործողություններին, և դա նրանց պատիվ է բերում»: Եվ այդքանից հետո նա կոչ արեց ընդդիմությանը` այս իրավիճակում այլ քաղաքականություն որդեգրել իշխանությունների նկատմամբ. «Ես նրանց կոչ չեմ անում մեր դեմ չպայքարել: Ընդդիմությունը նրա համար է, որ որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է հակառակորդին ոգեւորելը լավ բան չէ»:

- Սա արդեն բացահայտ շահարկում է, որը եւս մեկ անգամ մատնում է իշխանությունների ցանկությունը` օգտագործել ռազմական վտանգները կամ Ղարաբաղի խնդրի կարգավորված չլինելը սեփական իշխանությունը հավերժացնելու նպատակով: Ես ստիպված եմ եւս մեկ անգամ բերել Իսրայելի օրինակը, որտեղ տեղի է ունենում ներքաղաքական անդադար պայքար, հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցեր, ընդդիմությունը պայքարում է իշխանությունների դեմ եւ շարունակաբար հաղթում այդ պայքարում, բայց դա որեւէ կերպ չի անդրադառնում երկրի պաշտպանունակության վրա: Եթե Սերժ Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը մտածում են, որ կարող են շահագործել ռազմական վտանգները իշխանության հավերժացման կամ գովազդելու նպատակով, ապա նրանք եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ շատ հեռու են պետական մտածողության տարրական չափանիշներից:

- Կարելի է ենթադրել, որ Ղարաբաղի խնդրում իրավիճակը սրվելու մշտական վտանգից անկախ, աշնանն այնուամենայնիվ, ընդդիմությունը գնալու է կտրուկ քայլերի:

- Կարծում եմ` ձեր հարցին արդեն պատասխանեցի: Ռեժիմի գոյության շարունակումն ակնհայտ կերպով մսխում է Հայաստանի մարդկային, տնտեսական եւ բարոյական ռեսուրսները, ինչի հետեւանքով վերածվել է մեր անվտանգության գլխավոր խնդրի: Բանակի ադեկվատ գործողությունների շնորհիվ ներկա փուլում ռազմական վտանգը կարելի է հեռացված համարել: Թշնամու դեմ կռվող բանակի հետ մենք համերաշխ ենք, եւ սահմանադրության շրջանակներում ընթացող ամենակատաղի ներքաղաքական պայքարն անգամ չի կարող որեւէ կերպ անդրադառնալ երկրի անվտանգության վրա: Մինչեւ սեպտեմբերի 30-ը 12+1 կետերը կատարելու պահանջներն  ուժի մեջ են, այս ռեժիմից երկիրը փրկելու ծրագիրն ուժի մեջ է: Եվ դա պետք է անել հնարավորինս արագ, սահուն եւ անցնցում կերպով: Իսկ գործի հաջողության գրավականը ժողովրդական զանգվածների ակտիվ մասնակցությունն է:

Արման Գալոյան


 

 
 
 
Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 4059 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Լևոն Զուրաբյան, Լևոն Տեր-Պետրոյան | - Վարկանիշ -: 5.0/2