ՌՔ-ՍՍ ավազակախմբի քարոզչությունը մի հնարք ունի, որը հենց սկզբից՝ 1998-ից հետո շատ արդյունավետ է գործել եւ գործում: Դա այն է, որ երբ խոսքը գնում է իշխանափոխության անհրաժեշտության մասին էկրանին հայտնվում են «օբյեկտիվիկները» եւ սկսում «հավասարաչափ» նախշել ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը: Վերջում ձեռքերը թափահարում են, թե «սաղ սուտ ա, իշխանության համար կռիվ ա»: Էս խոսքերի հաջորդ օրը շատանում է նրանց թիվը, որոնք իրենց Ազատության հրապարակ չգնալը արդարացնում են «Իմ համար մեկ ա, թե ով ա նախագեն, ով էշ, ես փալան», ոչ մեկից էլ խեր չկա, իրանց փողի համար են կռվում»:
Դե լավ, եկեք համեմատենք Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀՀՇ-ի իշխանությունը ՌՔ-ՍՍ վարչախմբի իշխանության հետ: Պայմաններն ընդ որում հիմնովին տարբեր էին: ՀՀՇ-ն իշխանության եկավ նախորդ պետության փլուզման, Հայաստանի մեկ երրորդ մասի ավիրվածության, Ադրբեջանի հետ թեժացող ռազնական բախումների, շրջափակման, սոցիալական կարեւորագույն հարցերի օրեցօր սրման նախնական փուլում: Հստակեցվեց փուլի գլխավոր նպատակը՝ հաղթանակ Արցախում եւ, զուգահեռաբար, ներքին բարեփոխումներ երկրում:
Արցախում հաղթանակի համար նպատակ դրվեց բացել միջանցքը, անվտանգության գոտի ստեղծել ԼՂՀ-ի շուրջը եւ ստիպել ադրբեջանցիներին հրադադար կամ զինադադար խնդրել: Կատարվեց փայլուն:
Հաշվի առնելով ծանր սոցիալական դրության առաջացումը եւ հնարավոր սովի վտանգը, որոշվեց, առաջնահերթորեն իրականացնել հողային բարեփոխումները: Դրա շնորհիվ պատերազմի դաժան տարիներին Հայաստանում սովի ոչ մի երեւույթ չեղավ։ Երբ տնտեսական բարեփոխումները դանդաղեցին ոչ ՀՀՇ-ական վարչապետների սաբոտաժի պատճառով, այդ սխալը ուղղվեց եւ 1993 թվականից այդ բարեփոխումները հունի մեջ հայտնվեցին:
Էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ատոմակայանը վերաբացել: Կատարվեց փայլուն:
Ես խոսեցի միայն ամենագլխավոր ձեռքբերումների մասին եւ ասեմ, որ 1998-ի պետական հեղաշրջման մասնակիցները ստացան թեկուզ դեռ կարեւոր մարտահրավերների դիմակայող, բայց արդեն ոտքի վրա հաստատուն կանգնած երկիր: Պայմանները բարնպաստ էին արդյունավետ գործունեություն վարելու համար:
Հիմա դիտարկենք ՌՔ-ՍՍ ավազակախմբի իշխանության «գործերը»: 15 տարի է ոչ ոք չի հայտարարել, թե Հայաստանը կոնկրետ դեպի ո՞ւր է գնում եւ ի՞նչ է ուզում այս աշխարհից: 15 տարի է սուսիկ-փուսիկ միլիարդատերեր ու միլիոնատերեր են հայտնվում օրեցօր աղքատացող երկրում: 15 տարի է բացի երկիրը քանդելուց, ծախելուց ու լափելուց որեւէ արժեք ներկայացնող ազգային եւ պետական խնդիր չեն լուծել: Ցույց տվեք միայն մեկ այդպիսի գործ: Չկա: Չէ կա՝ Հյուսիսային պողոտան՝ Երեւանի խայտառակությունը քաղաքի կենտրոնում, կառուցված անտառապատ տարածքներում ծնված ու ապրած եւ ծառ ու ծաղիկի նկատմամբ քամահրանք ունեցողց գեղցու ճաշակով՝ ամեն ինչ քարապատ, սալապատ եւ ասֆալտապատ:
Զգացի՞ք սար ու ձորի տարբերությունը ՀՀՇ-ի իշխանության եւ ՌՔ-ՍՍ երկվորյակի իշխանության միջեւ: