Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 21 » Լեւոն Զուրաբյանի հարցը Միխեիլ Սաակաշվիլուն
22:16
Լեւոն Զուրաբյանի հարցը Միխեիլ Սաակաշվիլուն


Լեւոն Զուրաբյան. «Ո՞րն է Աբխազական երկաթուղու հարցում վրաց ղեկավարության տարաձայնության պատճառը»

 
ilur.am կայքը հաղորդում է, որ հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հերթագրվել է Ստրասբուրգում կայանալիք Վեհաժողովի նիստում ակնկալվող՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթից հետո նրան հարց ուղղելու համար: Հարցը վերաբերում է Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկմանը եւ այդ հարցի շուրջ վրացական իշխանության տարբեր թեւերի կողմից արտահայտված հակասական դիրքորոշումներին: Հարցը հետևյալն է.


«Ձերդ գերազանցություն, պարոն Նախագահ,

Վերջերս Հայաստան կատարած այցելության ժամանակ ձեր երկրի նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարություն է արել Աբխազական երկաթուղու բացման օգտին, որը կապում է Հայաստանը, Վրաստանը եւ Ռուսաստանը եւ վճռական նշանակություն ունի երեք երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացման հարցում: Այդ հայտարարությունն անհապաղ հերքվեց Վրաստանի նախագահի աշխատակազմի կողմից՝ ի հայտ բերելով այս հարցում Վրաստանի նախագահի եւ կառավարության միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունը:  

Հակամարտությունների լուծման հարցերում մասնագիտացած մի շարք միջազգային փորձագետներ պնդում են, որ Աբխազական երկաթուղու բացումը պետք է դիտարկվի որպես վստահության ամրապնդման արդյունավետ միջոց եւ կարող է միայն նպաստել վրաց-աբխազական հաշտեցմանը: Կարո՞ղ եք բացատրել Ձեր հայտարարության դրդապատճառները եւ այս հարցում վրացական ղեկավարության ներսում առկա տարաձայնությունների պատճառը»
Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 948 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Միխեիլ Սահակաշվիլի, Լևոն Զուրաբյան, ԵԽԽՎ Վեհաժողով | - Վարկանիշ -: 5.0/1