Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 22 » Լրագրողների ներկայությամբ զրուցենք, որ ի՞նչ անենք
10:27
Լրագրողների ներկայությամբ զրուցենք, որ ի՞նչ անենք


Աշոտ Սարգսյան

Ինչ-որ բան անհասկանալի է մնում։ Տեսանյութը ու դրա վերարտադրությունը հստակ ցույց են տալիս, որ Ս. Սարգսյանը Ր. Հովհաննիսյանին հարցնում է. «Հիմա լրագրողների ներկայությա՞մբ պետք է զրուցենք»։ Ինչին Ր. Հովհաննիսյանը պատասխանում է «Ոչ, ինձ թվում է ոչ»։ Էս երկուսն էլ փաստ են։
Հետո նախագահականից հաղորդագրություն է տարածվում այն մասին, որ մինչեւ հանդիպումը Ր. Հովհաննիսյանի հետ Ս. Սարգսյանի անունից արարողակարգի ղեկավարը հստակ պայմանավորվել է այն մասին, որ հանդիպումը լինելու է առանց լրագրողների։ Սա էլ է փաստ։ Այդ դեպքում Ս. Սարգսյանը Ր. Հովհաննիսյանին ողջունելուց հետո ինչո՞ւ է հարցնում «հիմա լրագրողների ներկայությա՞մբ պետք է զրուցենք»։

Հնարավոր է երկու տարբերակ։

Տարբերակ առաջին. Ս.Սարգսյանի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունը համապատասխանում է իրականությունը։ Այդ դեպքում Սերժ Սարգսյանի արածը կամերայի առաջ շատ վատ բան է ... (այնքան որ դժվար է հարմար մեղմասացություն գտնել այն բնորոշելու համար)։ 

Տարբերակ երկրորդ. Նման նախնական պայմանավորվածություն չի եղել եւ Ս. Սարգսյանի հարցը բնական էր։ Այս դեպքում ստացվում է, որ Ր. Հովհաննիսյանին շատ ծանր վիճակից հանելու համար է հետին թվով հորնվել նախապես պայմանավորված լինելու այս պատմությունը։ Համենայնդեպս, նախագահականից տարածված մամլո հաղորդագրության վերջին միտքը նման գորովանքի մի նմուշ է, որ կարծես գրվել է Րաֆֆու շտաբում. «Ինքը՝ պարոն Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում, և մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը»։ Ո՞ւր են էդ կադրերը,թող հրապարակեն, մեր տեսածը դրա ճիշտ հակառակն է։
Երրորդ տարբերակ կա՞։ Ես չգտա։

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 1060 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Րաֆֆի Հովհաննիսյան, Սերժ Սարգսյան, Աշոտ Սարգսյան | - Վարկանիշ -: 0.0/0