ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
2008 թվականի մարտի 1-ին ընտրություններում իր քվեն կեղծելու դեմ բողոքի խաղաղ ցույցի դուրս եկած ժողովրդի վրա կրակեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախումբը։ Զոհվեց 10 մարդ, հարյուրավոր մարդիկ բանտ նետվեցին, տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, ժողովրդի ձեռքից խլվեց նրա հաղթանակը։ Այդ օրից ի վեր ոչ մի րոպե չի դադարել հանցավոր ռեժիմի դեմ համաժողովրդական պայքարը։ Քանի դեռ ռեժիմը պատասխան չի տվել այս ամենի համար, Հայաստանում չի լինելու որեւէ այլ նորմալ ընտրություն, ոչ մեկն իրեն անվտանգ ու ապահով չի զգալու։
ՄԱՐՏԻ 1-ին, ժամը 18.00-ին ՀԱՅ ԱԶԳԱՅՆ ԿՈՆԳՐԵՍԸ Ազատության հրապարակից կազմակերպում է բողոքի երթ։
Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է մարտի 1-ին կայանալիք հանրահավաք-երթին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
Կոնգրեսը կոչ է անում մարտի 1-ին միանգամից հավաքվել
Մյասնիկյանի հրապարակում
«Ինչպես հայտնի է, օրենքով նախատեսված ժամկետներում Հայ Ազգային Կոնգրեսը իրազեկել էր եւ այդ իրազեկումը ի գիտություն էր ընդունվել Երեւանի քաղաքապետարանի կողմից՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում ավանդական հանրահավաք եւ դեպի Մյասնիկյանի հրապարակ երթ կազմակերպելու համար։ Բայց երեկ պարզվեց, որ նույն ժամերին քաղաքապետարանը Մյասնիկյանի հրապարակում հանրահավաք է արտոնել Ժառանգություն կուսակցությանը։
2008թ. մարտի 1-ի ողբերգության տարելիցը դիտելով որպես բռնության դեմ անհանդուրժողականության ցուցադրման օր եւ կարեւորելով այդ օրը ժողովրդի կամքի միասնական դրսեւորման հրամայականը՝ Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար չի համարում նույն իրադարձությանը նվիրված երկու միջոցառման միաժամանակյա անցկացումը եւ, չեղյալ հայտարարելով իր նախաձեռնած հանրահավաքն ու երթը՝ Կոնգրեսի անդամներին եւ համակիրներին կոչ է անում միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին»։