18:14 Նիկոլական խաղեր | |
Նիկոլ Փաշինյանն իր «Հայկական ժամանակ» թերթի միջոցով առանձնակի հաճույքով է մատուցում այն իրողությունը, որ ԲՀԿ անդամ որոշ մանրմունր պաշտոնյաներ, ինչպես, օրինակ, Գյումրու, Սիսիանի եւ Իջեւանի քաղաքապետեր Բլասանյանը, Հակոբջանյանը եւ Ղալումյանը, հակառակ կուսակցության պաշտոնական դիրքորոշման, հայտարարել են առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին։ Չգիտես ինչու, սակայն, Նիկոլ Փաշինյանն իր «Հայկական ժամանակ» թերթի միջոցով բացարձակ լռության է մատնում այն խայտառակ փաստը, որ Սերժ Սարգսյանին անհամեմատ ավելի բացահայտ ու փութաջանորեն գովերգում, թմբկահարում ու սատարում է իր մարտական ընկեր Դավիթ Շահնազարյանը։ Մասնավորապես, ԲՀԿ որեւէ ներկայացուցիչ Սերժի հասցեին դեռեւս չի հնչեցրել այնպիսի լորձաշուրթ ներբողներ, ինչպիսիք են, օրինակ, Շահնազարյանի հետեւյալ պնդումները. «Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 14-րդ համագումարում ես դրական եմ գնահատում, հատկապես արտաքին քաղաքական զարգացման դրույթները» (Առավոտ. 17.01.2013)։ Մի քանի տող հետո, արտաքինը քիչ համարելով, Շահնազարյանը բարձր է գնահատում նաեւ Սերժ Սարգսյանի ներքին քաղաքականությունը. «Նշյալ ելույթը գնահատում եմ դրական, քանի որ համարում եմ, որ այն որպես ծրագրային փաստաթուղթ համարժեք է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական ներկայիս մարտահրավերներին» (նույն տեղում)։ Շահնազարյանը չի բավարարվում նաեւ այսքանով, այլ հիմնվելով նշված գնահատականների վրա, վերջապես արտահայտում է նաեւ իր հիմնական միտքը. «Վիճակը հիմա շատ ավելի վատթար կլիներ, եթե այսօր, ՀՀԿ-ական կառավարության փոխարեն, ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ միասնական շտաբը կառավարություն լիներ Հայաստանում» (նույն տեղում)։ Այսինքն, մարդը բացեիբաց հայտարարում է, որ հանուն ներկայիս վարչախմբի պահպանման, պայքարել ու պայքարելու է բոլոր մութ ուժերի դեմ, քանի որ, իր համոզմամբ, Սերժ Սարգսյանն է Հայաստանի շահերի միակ արտահայտիչն ու պաշտպանը (թեկուզ իշխանությունը զավթած՝ տասը անմեղ քաղաքացիների գնդակահարության եւ հարյուրավոր մարդկանց բանտարկության գնով)։ Ինչպես տեսնում ենք, Սերժ Սարգսյանին փառաբանելու եւ սատարելու հարցում Դավիթ Շահնազարյանը տվել անցել է ոչ միայն ԲՀԿ-ական որոշ մանր չինովնիկների, այլեւ նույնիսկ պալատական ողորմելի պնակալեզներ Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին եւ Գալուստ Սահակյանին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, իր թերթի միջոցով ամեն օր ԲՀԿ-ի աչքի փուշը մատնանշելով, համառորեն չի ուզում տեսնել Շահնազարյանի աչքի գերանը։ Ո՞րն է, արդ նրա կողմից այսքան ակնհայտ ու աղաղակող երկակի ստանդարտի կիրառման պատճառը։ Մեր կարծիքով, առկա է ոչ թե մեկ, այլ երկու պատճառ.
Եկեք խոստովանենք, որ սա ազնվության, սկզբունքայնության ու թափանցիկության մարմնավորում հանդիսացող քաղաքական գործչին վայել պահվածք չէ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայանալ հասարակության առջեւ։ Ուստի, այդ բիծը նրա անվան վրայից ջնջելու անկեղծ ցանկությամբ, նրան առաջարկում ենք՝ ուղիղ պատասխանել հետեւյալ հարցին. «Նիկոլ, ինչպե՞ս ես գնահատում քո մարտական ընկեր, գաղափարակից ու զինակից Դավիթ Շահնազարյանի ներկայիս վարքագիծը»։ Խաչիկ Կարապետյան | |
|