Վանիկ Մելքոնյան
Մայիսի 9-ին ՄԵ՞Ր հաղթանակի օրն էր
(երբ սեփական երկրում օտարված ես զգում)
Մայիսի իննը տոնական օր էր: Իմ տեսածից շատ ազդված եմ և կուզեի կիսվել: Որպես քաղաքացի ցանկացա լինել Արտաշատում կազմակերպված մայիսիննյան արարողությանը, թեև երբեք էլ չեմ սիրել մասնակցել նմանատիպ «արարողակարգային» միջոցառումներին: Մի քանի երևույթներ բավականին բացասական ազդեցություն ունեցան: Նախ հավաքված քաղաքացիների սակավությունը, որ մեծմասամբ հետևանք է արտագաղթի, միջոցառման վատ կազմակերպված լինելը (հստակ երևում էր, որ վարչական ռեսուրսների օգտագործումը անարդյունավետ էր), անգամ դպրոցից չէին կարողացել անհրաժեշտ թվով մարդիկ բերել: Բայց այս ամենը երկրորդական թվաց րոպեներ հետո տեսածիս ֆոնին: Չէի էլ իմանում, որ զինվորական շքերթ է լինելու: Ենթադրեցի, երբ թիկունքումս շարված զինվորական ստորաբաժանումներ նկատեցի... Ռուսական զորքեր... Տոնական հագուկապ... Իսկական հաղթական զինվորական կեցվածք... Ռուսական նվագախմբի երաժշտության տակ առջևից Ռուսաստանի պետական դրոշով և ուրիշ դրոշներով երկու զինվորական մեքենաներ էին գնում, իսկ միջոցառման մասնակիցները ռուսական ստորաբաժանումների խրոխտ և ձիգ երթին հետևում էին հիացմունքով: Ի վերջո` մի քանի զինվորից բաղկացած Հայոց բանակի փոքրիկ մի դասակ: Պատկերն ավելի քան ցնցող էր, և դժվար է նկարագրել, թե այդ ժամանակ ինչ էի զգում...
Մտքումս միայն հարցեր էին... հարցեր... հարցեր... հարցեր...
Այն, որ ռուսական զորքը պետք է անցներ, հասկանալի էր, բայց ու՞ր էր հայոց զորքը, ու՞ր էր Շուշին ազատագրած իմ անկախ պետության ազգային բանակի զինվորը: Ինչու՞ մի քանի հոգուց բաղկացած դասակ՝ ռուսական տասնյակ դասակների շարքում: Ինչու՞ ռուսական դրոշի ներքո և ինչու՞ ռուսական զինվորական քայլերթի ներքո... Միջոցառման մասնակիցներից էին ռուս բանակայինների ընտանիքների անդամները, որոնց հայացքներում նկատելի էր տոնը` ի հակառակ մեր քաղաքացիների տխուր, պարտադրված ու կեղծ ժպիտների:Թերևս պատճառն այն է, որ այս ռուս մարդիկ ունեն աշխատանք և վարձատրվում են ըստ արժանվույն (նվազագույն աշխատավարձը` $1000):
Մի փաստ ևս, որ աչքի էր զարնում. ռուսկան ստորաբաժանումների անձնակազմի 70%-ը հայ երիտասարդներ էին: Մտածում էի, թե ինչո՞ւ իմ երկիրը այդ հայ տղաներով չի համալրում մեր օրեցօր ավելի շատ թվակազմի խնդիր ունեցող բանակը` տալով արժանապատիվ աշխատավարձ: Այս ամենից հետո հոգեբանական ընկճված վիճակը բանաձևեմ` ես իմ սեփական հայրենիքում ինձ օտարված էի զգում:
Հ.Գ. Կխնդրեմ վերը շարադրվածի մեջ չփնտրել հակառուսություն: Մտահոգությունս այն է, որ մեր հաղթանակի օրվա մեջ ես ոչ մի կերպ չտեսա հայոց պետությանը...