Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 28 » Պետրոս Մակեյանի հարցազրույցի մասին
02:23
Պետրոս Մակեյանի հարցազրույցի մասին

     Արթուր Մինասյան

Կարդացի «168 ժամ»-ում Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հարցազրույցը ու, ճիշտն ասած, մի լավ ապշեցի

Նախ, Մակեյանն, անդրադառնալով ընտրություններին չմասնակցելու ու որևէ թեկնածուի չպաշտպանելու ՀԱԿ-ի հայտարարությանը, իր հարցազրույցում ասում է.  «Գնահատականների հետ համամիտ եմ, բայց պետք է արդար լինել: Այդ գնահատականները կային նաև մայիսի 6-ի ընտրություններից առաջ, և Կոնգրեսը, ցավոք սրտի, ընդունեց այդ խաղի կանոնները և մասնակցեց մանդատների աճուրդին»: Մակեյանը, սակայն մոռանում է, որ այդ այսպես կոչված «մանդատների աճուրդին» նա գործուն մասնակցություն է ունեցել, մասնավորապես` եղել է Կոնգրեսի համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում և մեծամասնականով առաջադրվել թիվ 36 ընտրատարածքում... 

Երկրորդ` Մակեյանն ասում է մի բան, որն ուղղակի զավեշտալի է` որ կողմից էլ որ դիտես: Ասում է` «այդ հայտարարությունը մեր կուսակցությանը չի վերաբերում, չնայած որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից փոխնախագահը մասնակցել է ՀԱԿ քաղխորհրդի նիստին, ցավոք, թյուրիմացաբար համաձայնություն է տվել այդ որոշմանը»: Թե որքանով է կոռեկտ ոչ ավել, ոչ պակաս` կուսակցության փոխնախագահի քայլերը «թյուրիմացություն» որակելը, թողնենք մի կողմ, բայց Մակեյանը հետո մի այնպիսի բան է ասում, որ աթոռից չընկնելու համար հատուկ ջանքեր են պետք: Ասում է` «մեր կուսակցության փոխնախագահը, լինելով ազնիվ մարդ, թյուրիմացաբար իր համաձայնությունն է տվել»: Այսինքն` Մակեյանը փաստում ա, որ ցանկացած ազնիվ մարդ տվյալ պարագայում այլ բան չէր կարող անել, քան համաձայնություն տալ, հետևաբար բոլոր նրանք, ովքեր դեմ են այդ հայտարարությանը, ըստ Մակեյանի տրամաբանության՝ անազնիվ են: Ճիշտ է ասում Մակեյանը, ես լրիվ համամիտ եմ իր հետ, բայց այդ դեպքում հասկանալի չէ, թե ազնիվ մարդու ազնիվ քայլը ինչու՞ է «թյուրիմացություն» որակվում։ Թե՞ «ազնիվ մարդ» ասելով` Մակեյանը նկատի ունի «միամիտ մարդ» ու կուսակցության փոխնախագահին, այսպես ասած, «ֆռցրել» են։ Այդ դեպքում մի այլ տհաճ բան է ստացվում. ստացվում է, որ Մակեյանը անազնիվ է համարում ՀԱԿ-ի հայտարարությանը կողմ արտահայտված իր գործընկերներին: Էլ չասած, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ կուսակցության ոչ ավել, ոչ պակաս` փոխնախագահին հնարավոր է «ֆռցնել»։ 

 

Մի խոսքով, Մակեյանի հարցազրույցը վերջին շրջանում իմ կարդացած հարցազրույցներից ամենաշատն էր մտքի գոհարներ ու մարգարիտներ պարունակում...
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 1089 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0