Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 19 » Քվեաթերթիկը պետք է անվավեր դարձնել
11:10
Քվեաթերթիկը պետք է անվավեր դարձնել

Քվեաթերթիկը պետք է անվավեր դարձնել


ՀՀ Սահմանարդություն, հոդված 30. Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք: 

Նախագահական ընտրությունների օրը սրընթաց մոտենում է, այնուամենայնիվ քաղաքացիների մեծ մասը չի կողմնորոշվել, թե ինչ է անելու այդ օրը: 

Թեև ՀՀ Սահմանադրությամբ քաղաքացիների` ընտրությունների մասնակցությունը սահմանված է իբրև իրավունք, այլ ոչ` պարտականություն, այնուամենայնիվ ընդունված է համարել, որ ընտրական գործընթացներին քաղաքացիների չմասնակցությունը (աբսենտեիզմ) ցածր իրավագիտակցության արտահայտում է կամ այլ կերպ` քաղաքացիական հասարակության չկայացածության ցուցիչ: 

Մի շարք երկրներում քաղաքացիների` ընտրություններին մասնակցությունն անգամ սահմանված է ոչ թե իբրև իրավունք, այլ` պարտականություն, իսկ այդ պարտականությունից խուսափող քաղաքացիները ենթարկվում են պատասխանատվության: Այսպես, Արգենտինայում, Լյուքսեմբուրգում, Ավստրիայում ընտրությունների չմասնակցած անձինք տուգանվում են, իսկ Իտալիայում, օրինակ, ընտրություններին չմասնակցած քաղաքացիները ենթարկվում են հասարակական պարսավանքի. Նրանց անունները կարող են տպագրվել մամուլում: Բելգիայում ընտրություններին երեք անգամ չմասնակցած ու տուգանքի ենթարկված անձի անունը զետեղվում է հատուկ հայտարարության մեջ, որը կախվում է հանրային վայրում, իսկ չորրորդ անգամ ընտրություններին չմասնակցելու պարագայում քաղաքացին տասը տարով զրկվում է ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև պետական մարմիններում աշխատելու հնարավորությունից: Նման խիստ պայմանները արդարացնում են իրենց. Բելգիայում, օրինակ, ընտրություններին մասնակցողների տոկոսը միջինը կազմում է 94, 6, Ավստրալիայում` 94, 5, Ավստրիայում` 91, 5 : 

Ընտրությունների մասնակցության նման խիստ պայմանները սահմանված են, քանի որ աբսենտեիզմը համարվում է ժողովրդավարության սպառնալիք և այդ մոտեցումը բավական փաստարկված ու համոզիչ է: 

Այս տեսանկյունից թեև Հայաստանում ընտրություններին մասնակցությունը սահմանված է իբրև իրավունք, այլ ոչ` իբրև պարտականություն,  այնուամենայնիվ ողջունելի չէ ընտրական իրավունքի իրացումից հրաժարումը կամ այլ կերպ ասած` ընտրությունների բոյկոտը, առավել ևս, որ տարբեր երկրներում քաղաքագետների ու քաղաքական գործիչների մի ստվար զանգված հիմնավորված կասկածի տակ է առնում բոյկոտի` իբրև քաղաքական պայքարի միջոցի արդյունավետությունը: 

Այսպիսով, առաջիկա նախագահական ընտրություններին քաղաքացիների` իրենց ընտրական իրավունքի իրացումից հրաժարումը (ընտրությունների բոյկոտը) արդարացված համարելը ճիշտ չէ: 

Մյուս կողմից, սակայն, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր դաշտի երկու հիմնական ուժերը` Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ու Հայ Ազգային Կոնգրեսը, ինչպես նաև Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու Ազատ դեմոկրատները չեն առաջադրել որևէ թեկնածու ու նաև չեն հայտարարել առաջադրված թեկնածուներից որևէ մեկին սատարելու մասին:  Այլ կերպ ասած` վերոնշյալ ուժերը անուղղակիորեն հայտարարել են, որ ստեղծված իրավիճակում իրենց ուժերից վեր է կանգնեցնել իշխանությունների օգտին աշխատող ընտրակեղծիքների մեքենան: Ու թեև վերոնշյալ հիմնական ուժերը փաստել են, որ իրենց ռեսուրսներն անբավարար են իշխանություններին հաղթելու համար, այնուամենայնիվ ընտրություններին առաջադրվել են ակնհայտորեն ավելի քիչ ռեսուրսների տիրապետող ու ընդդիմադիր դիրքերից հանդես եկող առանձին անձինք, որոնց առաջադրումը տարակուսանքի ու այդ թեկնածուների նկատմամբ անվստահության մթնոլորտ են ձևավորել հասարակության շրջանում: Քաղաքացիների հարցադրումը տրամաբանական է. եթե ավելի մեծ ռեսուսների տիրապետող ուժերը փաստում են, որ ի զորու չեն կոտրել ընտրակեղծիքների մեքենան ու հաղթել իշխանական թեկնածուին, ապա ինչպե՞ս պետք է ավելի քիչ ռեսուրսներ ունեցող թեկնածուները լուծեն նույն խնդիրը: Այս ռացիոնալ հարցադրումն էլ հենց ձևավորում է տարակուսանքի ու անվստահության մթնոլորտը թեկնածուների հանդեպ: Հարցադրումն ինքնին հռետորական է թվում և շատերը փաստում են, որ թեկնածուներից ոչ ոքի չի հաջողվի կոնսոլիդացնել ընդդիմադիր էլեկտորատի ձայներն ու կոտրել ընտրակեղծիքների մեքենան: Ինքնըստինքյան ծնվում է երկրորդ հարցը. այդ դեպքում ո՞րն է այդ թեկնածուների առաջադրման նպատակը, եթե այն իշխանական թեկնածուին հաղթելը չի կարող լինել: Այս հարցադրման պատասխանը քաղաքացիների տարբեր խմբերի մոտ տարբեր թեկնածուների պարագայում զանազան է, բայց էականը այդ հարցի պատասխանը չէ: 

Էականը գտնելն է այն հարցի պատասխանը, թե ի՞նչ պետք է անի քաղաքացին ընտրությունների օրը, եթե մի կողմից աբսենտեիզմը ողջունելի չէ, սակայն մյուս կողմից առաջադրված թեկնածուներից որևէ մեկի քայլերի նկատմամբ, թեկնածուներից որևէ մեկի հաղթելու հնարավորության հանդեպ անվստահությունն էլ անհնարին է դարձնում նրանցից որևէ մեկին ընտրելու տարբերակը: Այլ կերպ ասած` ինչպե՞ս իրացնել էլեկտորալ իրավունքը` ոչ ոքի չընտրելով, սա է խնդիրը: 

Խնդրի լուծումը հետևյալն է. ընտրությունների օրը գնալ ընտրատեղամաս` իրացնելով էլեկտորալ ֆունկցիան, և քանի որ քվեաթերթիկում բացակայում է «բոլորին դեմ» տարբերակը, անվավեր դարձնել քվեաթերթիկը` իրացնելով կամարտահայտման իրավունքը, այսինքն` քվեաթերթիկի վրա գրելով այն, ինչ քաղաքացին կցանկանա: Այս կերպ քաղաքացին մի կողմից կխուսափի այդքան քննադատվող ու դատապարտվող աբսենտերիզմից կամ այլ կերպ` ընտրությունների բոյկոտից, կիրացնի իր էլեկտորալ իրավունքը, մյուս կողմից կխուսափի չարյաց փոքրագույնի սկզբունքով ոչ այնքան ցանկալի ու հաղթելու շանսեր չունեցող թեկնածուներից մեկին ընտրելուց, ինչպես նաև կիրացնի կամարտահայտման իր իրավունքը:

Արթուր Մինասյան

Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 915 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Արթուր Մինասյան | - Վարկանիշ -: 5.0/1