11:52 ՍՍ-ի դավաճանական վարքագիծը | |
Երջանիկ Աբգարյան Երեւում է, որ ոմանք պատրաստ են Ղարաբաղի անվտանգության դիմաց «ծախել Հայաստանի սուվերենությունը»: Սա կատարյալ քաղաքական անհեթեթություն, տխմարամտություն եւ ինքնախաբեություն է: Այսպիսի բան չի լինում եւ ոչ մի մաքսային միություն որեւէ հակամարտության կողմին որեւէ քաղաքական երաշխիք տրամադրելու խնդիր չի դնում իր առջեւ ոչ միայն բանավոր փսփսոցով, այլեւ արձանագրային որեւէ տեքստով: Միմիայն ռուսական Մաքսային միությունն է, որ ակնհայտորեն ձեւավորվում է քաղաքական թելադրանքի հիման վրա: Բայց սա բերել եւ լրջորեն կապել Ղարաբաղի անվտանգության հետ առնվազն մանկամտություն է: Պուտինին Ղարաբաղի հակամարտությունը հետաքրքրում է այնքանով, թե ինչքան այն կարելի է ձգձգել ու օգտագործել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված լինեն ընդունել Ռուսաստանի գերիշխանությունը: ՍՍ-ական Հայաստանը դա անմիջապես ընդունեց եւ մտավ ռուսական թրի տակը, իսկ Ադրբեջանը մերժեց: Դրանից Ղարաբաղի հարցում ոչինչ չի փոխվում եւ ոչ մեկը չի կարող ասել, թե այսօր կամ վաղը այն ավելի անվտանգ է լինելու, քան երեկ էր: Իրականում Ղարաբաղի հարցը օգտագործվում է ընդամենը արդարացնելու համար ՍՍ-ի դավաճանական վարքագիծը` Ղարաբաղի անվտանգության հարցի շահարկումով Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը կորստյան մատնելը: | |
|