Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 17 » Սյունիքին աղետ է սպառնում
01:18
Սյունիքին աղետ է սպառնում
 Արամ Հովհաննիսյան

Վստահաբար եմ ասում, եթե իրականություն դառնա հուշագիրը, որը 10.07.2012-ին Գորիսում ստորագրել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու ԻԻՀ Արևելյան նահանգների նահանգապետ Ալիռեզա Բեյգը, իսկ 15.01.2013-ին Իրան այցի ժամանակ համաձայնագրի տեսքով վավերացրել մարզի գյուղատնտեսության պատասխանատու Սամվել Թանգյանն ու Ատրպատականի ցեղաբնակների գործերի կոոպերատիվ միության ընդհանուր տնօրեն Ղուրբան Ֆեյզին, մահացու վտանգի մեջ կհայտնվի Նժդեհի ու նրա կորովի մարտիկների փրկած երկրամասը: Խոսքն այն բազմաթիվ հոտերի մասին է, որոնք այդուհետ խուժելու են լեռնաշխարհ` հսկողությամբ խաշնարածների, ովքեր բնակություն են հաստատելու Գորիսում, Սիսիանում ու էլի չգիտեմ որտեղ: Պարոնայք, պատմության ոչ-մի դաս դուք չյուրացրի՞ք, ձեզ թվում է… Գերադասելին, սակայն, անցյալին չտրվելն է, ուստի վերադառնամ իրականություն:
Համաձայնագրով առնվազն 50 հազար հեկտար հողատարածք նվազագույնը տասը տարով վարձակալությամբ տրվելու է օտարին` հեկտարը 26 ԱՄՆ դոլարով: Բացի դա` 2000 հա տարածք է հատկացվելու եկվորին բնակության համար, Գորիսում կառուցվելու է սպանդանոց, Սիսիանում` համակցված կերերի գործարան... Չասե՞ս գործարքը վավերացնողներին, առավել ևս` խրախուսողներին` էլ հոշոտելու բան չի մնացել, հասաք հողերի՞ն: Վաղվա սերնդին ի՞նչ պատասխան եք տալու, ու՞մ վրա եք բարդելու մեղքը` համաշխարհային ճգնաժամի՞: Դուք ընդհանրապես գիրք, թերթ, գիտական հոդված, վերլուծական կարդու՞մ եք, համացանցից ծանո՞թ եք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության հարցերի կազմակերպության` FAO-ի, ամենամյա ամփոփագրերին, անասնապահության զարգացման ներկայիս միտումներին: Կասկածում եմ: Եթե գիտակ լինեիք, նախկին գյուղնախարարը հպարտությամբ 2010-ի հունվարին կասե՞ր. «Իրանից, ինչպես նաև այլ երկրներից ներդրողներ են եկել Հայաստան, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի կարողանանք ոչխարաբուծությունը զարգացնել»: Նորի բերանով արդեն խոսք է գնում ոչխարի գլխաքանակը 1,5 միլիոնի հասցնելու (ներկայումս` 592,2 հազար), Արաբական երկրներից մեկի հետ նախնական գործարքի մասին:
Իբր հող ունենք, հողատեսքեր ունենք, հիմա էլ գլխաքանակ ենք ավելացնում, վարձով տալիս: Մեր ափաչափ երկրի առավելագույն ձգվածությունը 360, ամենալայն հատվածը հազիվ 200 կմ չէ՞:
Հայաստանում Մհեր Մելքոնյան անուն-ազգանունով գիտնական է եղել, ով ժամանակին իր մասնագիտությունը կարևորելու միտումով ջատագովում էր ոչխարաբուծության զարգացումը, սակայն անգամ նա է դեռևս 1974-ին` 50 տարի առաջ իր «Ոչխարաբուծության զարգացման էտապները և ինտենսիվացման ուղիները» գրքում խոստովանել. «Անասուններով արոտավայրերի չափից դուրս բեռնվածության  կորստաբեր ազդեցությունը հանգեցնում է ոտնահարած աստիճանավոր ճանապարհների առաջացմանը և հողի վերնաշերտի մերկացմանը, որը հաճախ կազմում է արոտավայրերի ընդհանուր տարածության 30 (Արագած) և նույնիսկ 60 (Զանգեզուր, Ղափան, Մեղրի) տոկոսը»: Գիտե՞ք այդ թվերն ուր հասած կլինեին, եթե անկախությունից հետո հողը չսեփականաշնորհվեր, հանրային ունեցվածքը, այդ թվում անասունը, անհատույց չտրվեր գյուղացուն, ու պրագմատիկ հայ շինականը չգնար անեկամտաբեր մանր եղջերավորի հիմնավոր կրճատման: Թե՞ կարծում եք երկու տասամյակը բավարար ժամանակ է բնության ինքնավերականգնման, նրան հասցված վնասը ուղղելու համար: Կհավատա՞ք, եթե ասեմ, որ հարյուրամյակներ են պետք 1 սմ հողաշերտի գոյացման համար, ընդսմին` բնականոն զարգացման դեպքում: Թերևս, ինձ չեք վստահում, ուստի դիմեմ Ռոբերտ Ալենի «Ինչպես փրկել երկիրը» գրքի օգնությանը. «Նույնիսկ բնական բուսածածկույթի դեպքում 10 մմ հաստությամբ հողաշերտ գոյացնելու համար անհրաժեշտ է 100-400 և ավելի տարի, իսկ միջին չափի գրքի էջի երկարության հողաշերտի համար` 2000-8500 տարի»: Ու այսքանից հետո դուք մեր էրոզացված լեռնաշխարհը կամովին նորեն դնում եք սոսկալի հարվածի տա՞կ ու դիմացն ի՞նչ եք ստանալու. մեկ հեկտարի դիմաց 26 ԱՄՆ  դոլլար, որը 50 հազարի պարագայում կանի 1 միլիոն 300 հազար դոլլար: Ընհամենը սա չէ՞: Իսկ վնասը, որը վերականգնել այլևս հնարավոր չի լինի՞: Մտաբերեցի «Գարուն» ամսագրի 1979-ի հունվարյան համարում «Ինչու՞ են բերրի հողերը դառնում անապատ» հոդվածի հեղինակի խռովալից հարցը` որտեղի՞ց ճիմ գտնենք մեր սարերը ճիմապատելու համար: Մի արեք, քանի դեռ ուշ չէ, հրաժարվեք կործանարար քայլից, վստահեք ճանաչված գիտնական Ալենին. «Գերարածեցումը, անկախ այն բանից, որտեղ է տեղի ունենում` հարուստ, թե աղքատ հողերում, կարող է ճակատագրական դառնալ»: Վստահեք FAO-ի 2006-ի զեկույցին, համաձայն որի երկրագնդի արոտավայրերի 20 տոկոսից ավելին գերարածեցման հետևանքով անվերականգնելի չափերով էրոզացվել է:
Աշխարհի շատ երկրներ վաղուց են ըմբռնել, թե չարիքի պատճառը որն է, ինչն է խոչընդոտում տավարաբուծության զարգացմանը, ուստի նվազագույնի են հասցրել մանր եղջերավոր անասունի գլխաքանակը, որոշներն էլ այդ քայլին գնացին վերջին տասնամյակներում. Ռուսաստանը, օրինակ, 1990-ին ուներ 58, 2010-ին` 20 միլիոն մանր, Ղազախստանը` 36,5-ից իջեցրեց 19, Թուրքիան 83,1-ից 33 միլիոնի: Մի շարք երկրներ մինչևիսկ խոշորի կրճատման են գնացել` փոխարենը բարձրացնելով մթերատվությունը: Իսկ մենք... Թե՞ Կանադայում մեզնից պակաս ուղեղ շարժողներ կան, որտեղ ընդամենը 700 հազար ոչխար են պահում, Շվեյցարիայում` 200, Շվեդիայում` 180, Բելգիայում` 100, Հոլանդիայում` 10 հազար, փոխարենը զարգացած է տոհմային տավարաբուծությունը, և մեկ կովից կարողանում են միջինը 6-7 հազար ու ավելի կգ կաթ ապահովել: Ինքներդ ձեզ հարց տվեք` ի՞նչն է պատճառը, որ ԱՄՆ-ը խոշորի գլխաքանակով աշխարհում գրավում է չորրորդ տեղը, մանրով` 58-րդ: Եվ ի՞նչ. նրանք 1996-ին մեկ կովի միջին կաթնատվությամբ անցան 7000-ի սահմանը (7277 կգ), հոլշտինյան ցեղատեսակից մեկ տարում ստացան 28 հազար 740 կիլոգրամ: Անպատկերացնելի թիվ է, խոստովանեք: Եվս մի անհավատալի փաստ. նույն ԱՄՆ-ում հաջողվել է մեկ կովից երկու կիթով մեկ օրում ստանալ 110,9 կիլոգրամ կաթ, ապահովել 10,58 տոկոս յուղայնություն: Ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինե՞ր ապահովել կաթի, մսի համաշխարհային պահանջարկը, եթե առաջավոր երկրները ևս խոշորի փոխարեն խթանեին ոչխարաբուծությունը` վատնելով կերի պաշարները  և մեկ կովից միջինը յոթ հազարի փոխարեն ստանային 900 կգ կաթ, ինչը հետամնաց երկրների միջին ցուցանիշն է: Երբևէ մտածե՞լ  եք` Արաքս գետն ինչու է այդքան պղտոր: Վստահաբար, մեղավորը Բյուրակնի լեռներում (Թուրքերը Բինգյոլ են ասում` հազարալիճ) պահվող ոչխար-այծի հսկայական հոտերն են և, որպես դրա անմիջական հետևանք, լեռնալանջերի էրոզիան: Նույնը` Նեղոս գետը, որի տիղմաշատությունը պայմանավորված է դարեր ի վեր Սուդանում (25 միլիոն), Եթովպիայում (45 միլիոն) առկա ոչխար-այծով: Ուշադրություն դարձրե՞լ եք` երկրագնդի վրա որտեղ է անապատը գերակշռում. այնտեղ, ուր խաշնարածությունը մշտապես առաջնային ճյուղ է եղել` Իրաք, Իրան, Աֆղանստան, Պակիստան, Իսրայել, Մոնղոլիա, Եգիպտոս, Եթովպիա, Ղազախստան... Եվրոպայում անասնապահության առումով համեմատաբար թույլը Իսպանիան ու Հունաստանն են և, պիտի կարծել, պատահական չէ, որ վերջին ճգնաժամը խորությամբ առաջինն այս երկուսում զգացվեց: Հիշյալ երկրների մասին կինոնկարներում, հեռուստառեպորտաժներում չե՞ք նկատել` բուսածածկը որչափ աղքատիկ է, լեռնալանջերը` քարքարոտ, լերկ: Պատճառը, այո, ոչխարն ու այծն են: Անասնապահության ճյուղ, որին նրանք ավանդաբար մեծ տեղ են տվել, տալիս: (Իսպանիա` 26, Հունաստան` 13 միլիոն): Ահա թե ինչու 12,5 անգամ մեծ (504,6 հազար քառակուսի կիլոմետր) տարածք և 2,2 անգամ շատ խոշոր ունեցող Իսպանիան հազիվ Շվեյցարիայի չափ կաթնամթերք է ապահովում, 6 անգամ պակաս յուղ, պանիր և ստիպված է կաթ ներկրել: Հայաստանի նման լեռնային Շվեյցարիան (41,3 հազար քառակուսի կիլոմետր) կկարողանա՞ր հռչակվել իր առողջարաններով, հանգստյան տներով, պանրով, կգրավե՞ր զբոսաշրջությամբ, եթե 200 հազարի փոխարեն պահեր, ասենք, 10 միլիոն ոչխար, որոնք վաղ գարնանից մինչև խոր աշուն հիմքից կրծեին խոտը, եթե բուսածածկից զրկված լինեին լեռները և ձյան, անձրևի ջրերը ներծծվելու, առու, աղբյուր դառնալու փոխարեն հողի արգավանդ շերտը քշած-տարած լինեին ցածրավայրերը, ծովերն ու օվկիանոսները: Նկատենք` հետամնաց երկրներում մեկ կովի կաթնատվությունը 6, մսինը` 2 անգամ պակաս է Եվրոմիության երկրներից: Աշխարում 2 միլիարդի հասնող ոչխար-այծը ապահովում են համաշխարհային մսի ընդամենը 4,2, իսկ կաթի` հազիվ 1,6 տոկոսը: Ճիշտ է, կան զարգացած պետություններ, ուր ոչխարաբուծությունը ևս առաջնային ճյուղ է, սակայն արդյունք ապահովում են նրանք, որոնք, որպես պարտադիր կարգ, արդեն մեկ դարից ավելի ընտրել են հերթափոխային և արգելափակոցային արածեցումը. արոտավայրը բաժանվում է հատվածների և, մինչև խոտի բարձրությունը 16-18 սմ չհասնի, անասունի փոխադրում նոր տարածք չի թույլատրվում, իսկ մեզ մոտ բազմաքանակ հոտերը ամիսներով նույն երթուղին ունեն` գյուղ-հանդ: Փոխանակ ընդօրիանկելու եվրոպական փորձը` գուրգուրանքով վերաբերվելու մայր բնությանը, մենք թույլ ենք տալիս նախկին սխալը` վերստին ուղենիշ ընտրելով ոչխարաբուծությունը: Դա քիչ է` իրենց 52 միլիոն ոչխարի ձեռքը կրակն ընկած իրանցի ֆերմերներին հրավիրում ենք մեր տուն: Իհարկե, նրանք օր առաջ մեծ սիրով կստորագրեն համաձայնագիրը: Ի դեպ մինչև 1950-ական թվականները Բորչալուի, Ղազախի, էլի ինչ իմանամ որ վայրերի մեկ միլիոնի հասնող հոտերը միջպետական պայմանագրերով արոտային շրջանում արածեցնում էին Լոռվա, Սևանի ավազանի, Ջերմուկի ու Սիսիանի ալպյան գոտիներում: Ընդունենք, այն ժամանակ ամեն ինչ կառավարվում էր Մոսկվայից, հանրապետությունները «եղբայրներ» էին, թեև հիմնավոր առարկության դեպքում դժվար թե մեզ հարկադրեին ոչխարի քանակությունը 687,7 հազարից (1933թ) 1977-ին հասցնել 2 միլիոն 350 հազարի: Պատկերացնու՞մ եք` 2 միլիոն 350 հազար` հավելած գառները, չհաշվառվածը... Պատուհաս, բազմագլուխ հիդրա, որի որկորը լցնելու համար մերոնք վագոններով Ուկրաինայից, Ռուսաստանից ծղոտ էին ներկրում: Թե հանուն ինչի, անհասկանալի է: Ոլորտից հեռու կանգնած ընթերցողին, թերևս, բացատրեմ, թե խոշորը մանրից  ինչով է նախընտրելի. մեկ կովը տնտեսապես շատ ավելի շահավետ է, քան 10 ոչխարը, իսկ բնապահպանական առումով համեմատության եզրեր չունեն. կովը լեզվով է բռնում խոտը, ուստի հիմքից պոկել չի կարող: Ոչխարն օրական ունակ է 15-20 կիլոմետր քայլել, ունի բարակ, շարժուն շրթունքներ, սուր ու կոր ատամներ և ի վիճակի է ուղղակի սափրել բուսածածկը: Բացի դա` 600 տեսակ մոլախոտից կովն ուտում է ընդամենը 56-ը, ոչխարը` 570-ը, ըստ էության` ամեն բան: Հավելեք սեպանման կճղակները, որոնցով կեր չեղած ժամանակ մի կողմ են տանում ձյունը` արմատախիլ անելով նործիլ կանաչը, քանդելով հողը: Այծն էլ, հո, գիտեք` կարող է երկու ոտքին կանգնելով խժռել անգամ թփերն ու ծառերը:
Հիշյալ խնդիրը ժամանակին քանիցս բարձրացրել է «Գարուն» ամսագիրը, 2010-ին` «Հայկական ժամանակը», «Գրական թերթը», գրողների միությունում նույն թվի մայիսի 11-ին կազմակերպված «Ոչխարաբուծության աղետալի հետևանքները» թեմայով քննարկման մասնակիցները դիմել են ՀՀ նախագահին և վարչապետին, ստացվել է մտահոգությունը, իբր, կիսող պատասխան ՀՀ գյուղնախարարությունից, բայց, ինչպես տեսնում եք, ինչ-որ ուժեր, ինչ-ինչ նպատակադրումով, ժողովրդի լեզվով ասած` իրենց էշն են քշում:
Կրկնվենք` Հայաստանում ոչխարի թույլատրելի քանակը 300-350 հազարն է, փոխարենը պետք է զարգացնել բարձր մթերատու տավարաբուծությունը և մեղվաբուծությունը: Ահա ուղին, որով պիտի աներեր ընթանա անասնապահությունը: Այդ դեպքում հաստատապես կդառնանք պարենի առումով ինքնաբավ երկիր, հյուծված հողը կփրկվի, կծաղկեն քարուտները, լերկացող լեռնալանջերը տասնամյակներ անց վերստին կշտկեն ուսերը, աչքներս դարձյալ կշոյի կանաչը, էլի կկարկաչեն առուները, ցամաքած աղբյուրներից կրկին ջուր կբխի, նորեն կշատանա վայրի կենդանին, կզարգանա մեղվաբուծությունը, միով բանիվ` թե գաթան կմնա լրիվ ու թե մարդիկ կուշտ կլինեն: Գործադիր իշխանության խնդիրն էլ կդառնա միջպետական պայմանագրերով գյուղացու, ֆերմերի համար արտահանման պայմաններ ապահովելը, մեր բարձրորակ ալպյան գոտիներում արածող կովերից, երինջներից ստացվածք մսի, յուղի, պանրի, ինչպես և մեղրի համար շուկա գտնելը, զբոսաշրջությանը զարկ տալն ու այցելուների հոսք ապահովելը, բնապահպանական արդեն այլ հարցերի լուծում որոնելը, ոչ թե, թող ներվի ասել, չարիքին ընդառաջելը` մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, թե, իբր, դրանով սոցիալական խնդիր են լուծում: Հակառակ, Հայաստանում երբևէ այսքան կաթ չի արտադրվել (2012-ին` 601,5 հազար կգ), մեկ կովի միջին կաթնատվությունը երբևէ այսքան բարձր չի եղել (2035 կգ): Ու դա` շնորհիվ կերի  բնական պաշարների ինքնաբերաբար ավելացման, ինչը հետևանք է մանրի կտրուկ անկման:
Հոդվածն ավարտեմ անգլիացի մտածողի հայտնի ասույթով` ոչխարները կերան մարդկանց: Բնապահպաններին, հայոց աշխարհի ապագայով մտահոգ անձանց եմ ուղղում խոսքս` թույլ չտանք, որպեսզի ասիական մտածելակերպի տեր անգիտակ մարդիկ, մթին նպատակ հետապնդող շահառուները բացեն երկրի հարավային դարպասը  կճղակավորների առջև, ըստ էության անմեղ, ստվար հոտեր կազմելու դեպքում` պատուհաս հանդիսացող կենդանին խժռի մեզ, մեր բնությունը, Նժդեհի ձևակերպմամբ` հայրենի անկյունը:
Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 916 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Սյունիք, Գյուղատնտեսություն, Արամ Հովհաննիսյան | - Վարկանիշ -: 0.0/0