15:17 Վազգեն Մանուկյանի «իդիոտիզմներից» | |
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ըստ մամուլի հրապարակման Վազգեն Մանուկյանը ասել է, թե «Վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքերն ու ոտքերը կապված են, ինչի պատճառով էլ նա չի կարող նորմալ աշխատել: Ես լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, Տ. Սարգսյանին կթողնեի, լիազորություններ կտայի, լրիվ այն լիազորությունները, որ պետք են վարչապետին… Ձեռքերն ու ոտքերն արձակի՛ր, ու եթե չի ստացվում, նո՛ր հանիր»։ Վ. Մանուկյանն ասում է, թե Սերժ Սարգսյանը կապել է վարչապետի ոտքերը, այսինքն՝ սահմանափակել է նրա՝ սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված լիազորությունները։ Եւ եթե ուզենա, ապա կարող է տալ այնքան լիազորություներ, որքան «պետք են» վարչապետին։ Վարչապետի լիազորություններն ու իրավունքները սահմանված են Սահմանադրությամբ եւ օրենքներով։ Սահմանադրությամբ սպառիչ թվարկված են նաեւ նախագահի լիազորությունները, որտեղ չկա ո՛չ նրա կողմից վարչապետի ձեռքերն ու ոտքերը կապելու, ո՛չ էլ նրա լիազորությունները ավելացնել-պակասեցնելու իրավունք։ Դա հնարավոր է ոչ իրավական երկրում, որտեղ իրավունքի եւ օրենքների փոխարեն գործում են քրեական, գողական աշխարհի հարաբերությունները, դա հնարավոր է ավազակապետական ռեժիմի, մոնղոլ-թաթարական խանության տիպի իշխանական համակարգում։ Այսինքն՝ Վ. Մանուկյանն իր այս խոսքով հաստատում է, որ Հայաստանը հենց նման երկիր է։ Եւ, որ նույնքան կարեւոր է՝ դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չի տեսնում։ Իշխանության մասին Վ. Մանուկյանի պատկերացումը միշտ էլ այդպիսին է եղել։ 1990-ին նա, որպես վարչապետ, դիտավորյալ ձախողելով կառավարության ձեւավորումը, շանտաժով Գերագույն խորհրդից իր համար գերլիազորություններ կորզեց ու, մի քանի ամիս այդ լիազորությունները չարաշահելուց հետո ստիպված եղավ խայտառակ ձեւով հեռանալ։ 1996-ին իշխանության գալու համար նա պատրաստ էր դիմել անպատկերացնելի միջոցների, ընդհուպ (ըստ բազմիցս հրապարակված մի փաստաթղթի)՝ Ադրբեջանին պատերազմի հրահրել Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ։ 1998-ին նա, ընդդիմադիր թեկնածու լինելով հանդերձ, իր ընտրողներին կոչ չարեց ձայն տալ մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի՝ Կարեն Դեմիրճյանին, որը երկրորդ տեղն էր գրավել, ինչով օգնեց նույն այս ավազակապետության հիմնադիրներ Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին։ Նույն Սերժ Սարգսյանին հրապարակավ «տականք» եւ «իդիոտ» անվանելուց եւ նրա կողմից նույն բառերով պատասխան ստանալուց հետո չամաչեց, գնաց նրա մոտ Հանրային խորհրդի «նախագահ» աշխատելու։ Այնպես որ՝ Վազգեն Մանուկյանի համար իշխանության ընկալումը, իդեալը եղել է հենց այն, ինչը հաջողվել է իրականացնել Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին։ Վերոբերյալ իր խոսքով Վ. Մանուկյանը հաստատում է դա։ Գրիգոր Բաղդասարյան | |
|