Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 2 » Ընտրական խեղկատակություն
00:02
Ընտրական խեղկատակություն
Ազգային ժողովի երեք ոչ կոալիցիոն ուժերի առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու որոշումը իշխանական թեկնածուին զրկում է ընդդիմության նկատմաբ հաղթանակ տարած առաջնորդի դափնիներից, այն պարզ պատճառով, քանի որ հնարավոր չէ հաղթել մեկին, ով կռվի չի ելել։ 

Աներևույթ հաղթանակ տանողի կարգավիճակն ավելի է ծայրահեղացնում իշխանության լեգիտիմության դիֆիցիտը, ինչը ծայրահեղորեն կսահմանափակի նախագահի աթոռին հայտնված անձնավորության հնարավորությունները բոլոր ասպարեզներում։ Այդ անձնավորության պերմանենտ ձախողումներն անխուսափելի են։ Ուստի, իշխանությունները լծվել են օգտվելու բոլորովին վերջերս Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բագրատյանի նախագահի թեկնածու առաջադրվելու վրիպումից և ձեռնամուխ եղել նրան շուտափույթ կերպով որպես ընդդիմադիր զանգվածի միասնական թեկնածու ներկայացնելու գործընթացին՝ օգտագործելով  ոչ միայն իրենց քարոզչական հզոր մեքենան, ֆինանսական ու վարչական ռեսուրսները, այլև նյութական ծանր վիճակում գտնվող ընդդիմադիր համակիրների ապակողմնորոշված հատվածին։ 

Ձախողումներից, իհարկե, պետք է խուսափել, քանի որ իշխանության ղեկին հայտնված անձնավորության ձախողումները պետական ձախողումներ են, պետության ձախողումներ են։ Հայրենանպաստ գործիչն, անշուշ, կհաներ իր թեկնածությունն ու նոր իրավիճակ կառաջարկեր, բայց քանի որ իշխանության ղեկին հայնվել են արյունով իշխանության եկած բախտախնդիր ավազակները՝ դա բացառվում է։ 

Տնտեսական գործչից քաղաքական գործչի անցնելու հավակնություններով նախկին վարչապետ Բագրատյանը և ժամանակ ունի, և այնպիսի թիմ, որը կարող է հետ պահել նրան իշխանության համար բարենպաստ ընտրապայմաններ ստեղծողի անիփառունակ դերից։ Ամենադիտվող ժամին հայտնվելով իշխանական անմիջական ազդեցության տակ գտնվող «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, Բարգրատյանն անմիջապես ի ցույց դրեց իր ողջ քաղաքական սնանկությունը, ինչը հնարավոր չէ տետեսագիտական փայլուն գիտելիքներով կամ վիրտուոզ կիթահարությամբ փոխարինել։ 

Առաջիկա ընտրություններին պասիվ դիտորդի դերում հայտնված ընդդիմադիր զանգվածն ականատես է լինում ընտրական մի նոր խեղկատակության, ինչին ցանկալին է անմասն լինի բոլորովին վերջերս Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Գրիգոր Բաղդասարյան
Կատեգորիա: Քաղաքական | Դիտումներ: 815 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0