06:10 Ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիան | |
Որքան անարդյունավետ է գործել Սերժ Սարգսյանի գլխավորած թիմը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում, նույնքան նպատակասլաց ու արդյունավետ է ստացվել «նախաձեռնողականների» աշխատանքը քաղաքական դաշտի մեծ մասը հասարակաց տան վերածելու, նախագահի աթոռը պահելու և ընտրակեղծիքների մեխանիզմը կատարելագործելու հարցերում (շրջիկ խմբեր, բազմակի քվեարկություններ և այլն)։ Գալիք նախագահական ընտրությունների հետ կապված՝ ոմանք կարծիք են հայտնում, թե ՀՀԿ ղեկավարը կարող է նախագահության երկրորդ ժամկետին գնալ առանց ընտրակեղծիքների կամ ընտրակեղծիքների թեթև դոզայի օգնության։ «Ընդդիմադիր» դաշտից նույնիսկ տեսակետ հնչեց, թե Ս. Սարգսյանն այս ընտրությունների ժամանակ ժողովրդի հավատը վերականգնելու բացառիկ հնարավորություն ունի։ Թե ինչն է ստիպում մարդկանց նմանատիպ գնահատականներ հնչեցնելու, կարելի է միայն գլխի ընկնել։ Իրականությունն այն է, որ տեղի ունենալիք ընտրություններն աննախադեպ են լինելու հենց ընտրակեղծիքների՛մասով։ Եթե մարդը քաղաքականապես անմեղսունակ չէ, ապա չի կարող չնկատել, որ մակրոմակարդակով ընտրակեղծիքներն արդեն իսկ տեղի են ունեցել, քանզի գործող նախագահի հիմնական ընդդիմախոսներն այս կամ այն պատճառով դուրս են մնացել ընտրապայքարից։ Այժմ մենք ականատեսն ենք դարձել մեկ դերասանի թատրոնի ու այդ դերասանին կից խեղկատակների պարահանդեսի։Ապաքաղաքական ու ոչմրցակցային ընտրություններն ինքնին վկայությունն են այն բանի, որ երկրում տեղի է ունեցելհակասահմանադրական հեղաշրջում։ Ինչ վերաբերում է բուն ընտրական գործընթացում բոլորիս հայտնի կեղծիքների մեխանիզմներին, ապա դրանք անկասկած կիրառվելու են, քանզի առանց ֆինանսավարչական լծակների և մարդկանց «թրաֆիքինգի»՝ Սարգսյանը, լավագույն դեպքում, կստանա մեկ–երկու տասնյակ հազար ձայն։ Այնպես որ նույնիսկ սեփական հաճախորդներով շրջապատված«ընտրությունների» ժամանակ Սարգսյանի թիմը գործելու է հին ու «բարի» մեթոդներով։ Այլ հարց է, որ ընտրակեղծիքների դեմ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Հրանտ Բագրատյանը չեն բողոքելու ու դեռ մի բան էլ ուղղակի կամ անուղղակի ձևով շնորհավերելու են «հաղթող» թեկնածուին։ Այսինքն՝ Սարգսյանի հիմնական «մրցակիցները» խաղի մեջ են մտել՝ ընտրությունների լեգիտիմության ֆոնն ապահովելու և «երկրորդ պլանի լավագույն դերասան»մրցանակին արժանանալու անպատվաբեր առաքելությամբ։ Գալիք նախագահական ընտրություններն աննախադեպ կեղծիքներով է նշանավորվելու նաև այն պատճառով, որ դրան նախորդած ժամանակահատվածում հասարակական, քաղաքական ու լրատվական դաշտի ներկայացուցիչներից մեծ մասինընտրակաշառք բաժանեցին ու անաստված ձևով գեղամյանացրեցին։ Տեղի ունեցավ ցուցահանդես–վաճառք։ «1+1+1+…» սկզբունքով «երկխոսացման» գործընթացի մեջ մտան «թունդ հեղափոխականներն» ու «չափավոր ընդդիմադիրները», արամզավենիչներն ու դավիթշահնազարյանները, «անկախ» լրատվամիջոցներն ու «լիբերալ»վերլուծաբանները, հին ու նոր կուսակցությունները, հայ–թուրքական տխրահռչակ «ֆուտբոլին» կողմ ու դեմ արտահայտվող որոշ սուբյեկտները, «արևմտամետներն» ու «ռուսամետները», «քաղաքացիականներն» ու «հայրենասերները», լրագրողներն ու սարերի ֆոնին տրջիկ տվողները։ Այսինքն՝ եթե նախկինում կեղծ ընդդիմադիր գործիչները հատուկենտ էին ու բացահայտվում էին բուն քարոզարշավի կամ հետընտրական գործընթացների ժամանակ, ապա այժմ հաճախորդների քանակի և պահվածքի մասով ստացանք նողկալի պատկեր. ամեն ինչ բաց է և թափանցիկ։ Սա՛ է ընտրակեղծիքների այն նոր տեխնոլոգիան, որը կիրառվեց այս նախագահական ընտրություններում։ Այսպիսով պետք է արձանագրել, որ 2013թ. ընտրություններն իրենց տեսակով ամենակեղծված և ամենացինիկընտրությունները կդառնան ՀՀ անկախության պատմության ընթացքում։ Իսկ դա նշանակում է, որ հասարակությունը և քաղաքական դաշտի առողջ հատվածները պետք է դիմադրության շարժում ձևավորեն։ Պետական կառավարման նախագահական, կիսանախագահական կամ խորհրդարանական համակարգերի շուրջ քննարկումներն այս պայմաններում արդեն ժամանակավրեպ են դառնում։ Ի՞նչ տարբերություն, թե ինչպիսի համակարգով կկառավարվի ՀՀ–ն, եթե վերադարձել ենք սովետական ժամանակաշրջանի մառազմատիկ վիճակին։ Երկրում բոլշևիզմի ուրվականն է շրջում, ինչը հուշում է, որ քաղաքական նոր վերնախավի միջոցով նոր օրակարգ է պետք ձևավորել և կազմակերպել այդ դիմադրության շարժումը։ Եթե դիմադրությունը ներսից չլինի, ապա այն կլինի դրսից՝ Ադրբեջանից։ Կորյուն Մանուկյան 7 Օր | |
|