Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Ալեքսանդր Մյասնիկյան
Ալեքսանդր Մյասնիկյան
հայ քաղաքական, հասարակական գործիչ



փետրվար 9, 1886թ. Նոր Նախիջևան - մարտ 22, 1925թ. Թբիլիսիի մոտ (Վրաստան)

Ծնվել է 1886թ. Նոր Նախիջևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին: 1917թ. Փետրվարյան ապստամբությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում: 1917թ. սեպտեմբերին ընտրվել է Բելոռուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում` Արևմտյան ռազմաճակատի հրամանատար: 1919թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա` նահանգային կոմիտեի քարտուղար: 1921թ. ապրիլին նշանակվել է Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ: 1922թ. Անդրֆեդերացիայի կազմակերպիչն ու ղեկավարն էր: Զոհվել է 1925թ. ավիավթարից:

Խորհրդային Հայաստանի ակնառու քաղաքական այրերից է Ալեքսանդր Մյասնիկյանը:
Ծնվել է 1886 թ. փետրվարի 9-ին Հարավային Ռուսաստանի Նոր Նախիջևան (Դոնի Ռոստով) քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական, ապա թեմական դպրոցներում:
Մյասնիկյանը նախ ավարտեց Լազարյան ճեմարանը, իսկ 1906-ից իրավաբանական կրթություն ստացավ Մոսկվայի համալսարանում, որն ավարտեց առաջին կարգի իրավաբանի դիպլոմով:  Դեռ ուսանողական նստարանից ներգրավվելով հեղափոխական գործունեության մեջ` նա բազում հրապարակումներ ունեցավ մամուլում: Մյասնիկյանի գրական-հեղափոխական ծածկանունը Մարտունի էր: Երբեմն հանդես է եկել նաև Ալյոշա, Բոլշևիկ ծածկանուններով: Իր գործունեության ընթացքում Ալեքսանդր Մյասնիկյանը խմբագրեց ավելի քան տասն անուն թերթ: Նա նաև հեղինակ է գրականությանը, արվեստին նվիրված աշխատությունների: Լինելով քաղաքական-հեղափոխական գործիչ` Մյասնիկյանը նաև լրջորեն գիտությամբ էր զբաղվում: Նրա ուսումնասիրության ոլորտը հայ գրականությունն էր և Հայկական հարցը, որի թեմայով անգամ դասախոսություններ է կարդացել Մոսկվայում:
Մյասնիկյանը հեղափոխական մկրտություն ստացավ դեռ 1905 թ.` մասնակցելով ռուսական առաջին հեղափոխությանը, իսկ 1906 թ. անդամագրվեց Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությանը, նրա ուսուցիչներն էին Ստեփան Շահումյանը, Բոգդան Կնունյանցը: Արդեն 1907-ից նա հեղափոխական աշխատանքներ էր կատարում Բաքվում և Մոսկվայում:
1914 թ. Մյասնիկյանը բանակ է զորակոչվում և փայլուն կարիերա ապահովում նաև բանակում: Գործող բանակում նա ստեղծեց առաջին կոմունիստական բջիջներից մեկը: 1917 թ.` Փետրվարյան հեղափոխությունից հետո, Մյասնիկյանը գլխավորեց բոլշևիկյան ֆրակցիան Կարմիր բանակում:
1917 թ. Ալեքսանդր Մյասնիկյանն ընտրվեց Բելառուսի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, քիչ անց` Արևմտյան ռազմաճակատի հրամանատար: 1919 թ. Բոլշիկյան կուսակցության Կենտկոմի հրահանգով Մյասնիկյանը տեղափոխվում է Մոսկվա, ընտրվում Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա նաև նահանգային կոմիտեի քարտուղար:
1921 թ. գարնանը Մյասնիկյանը նշանակվեց Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ և ռազմական գործերի ժողկոմ:
Մյասնիկյանը Հայաստանի ղեկը ստանձնեց շատ ծանր պայմաններում: 1920 թ. դեկտեմբերի 2-ին զավթելով իշխանությունը Հայաստանում` խորհրդային իշխանությունը իսկական տեռորի ենթարկեց հայ ժողովրդին: Հազարավոր մարդիկ` աշխատավորներ, զինվորականներ, մտավորականներ, ձերբակալվեցին, աքսորվեցին, գնդակահարվեցին: Հայությունն ըմբոստացավ և Հայրենիքի փրկության կոմիտեի առաջնորդությամբ տապալեց ատելի իշխանությունը: Սակայն Հայրենիքի փրկության կոմիտեն չէր կարող երկար դիմադրել ռուսական ճնշմանը: 1921 թ. ապրիլին խորհրդային զորքերը կրկին գրավեցին Երևանը: Հաշվի առնելով անցյալի սխալները` Մոսկվան Հայաստան ուղարկեց մի գործչի, որն իր գործով ու անցյալով հեղինակություն ու վստահություն էր վայելում ժողովրդի մեջ:
Ալ. Մյասնիկյանի խնդիրն էր մեղմել ժողովրդի ատելությունը խորհրդային կարգերի նկատմամբ և ամրապնդել իշխանությունը: Եվ Մյասնիկյանին հաջողվեց լուծել իր առջև դրված խնդիրը: Նա մեծ ժողովրդականություն էր վայելում հանրապետությունում: Մյասնիկյանի հեղինակությունն ավելի ամրապնդվեց, երբ Պարսկաստանից վերադարձան տարագրված հայ մտավորականներից շատերը:
Առհասարակ Մյասնիկյանը մտավորականության բարեկամն ու սիրելին էր: Հատկապես մտերմիկ էին նրա հարաբերությունները Եղիշե Չարենցի հետ, իսկ նախկինում Վահան Տերյանի մտերիմ ընկերն էր: Ալեքսանդր Մյասնիկյանի մեծ վաստակը պիտի համարել այն, որ նա կարողացավ տեռորի և անվստահության այդ տարիներին համախմբել ցաքուցրիվ հայ մտավորականությանը: Նրա կանչով Հայաստան վերադարձան Ալեքսանդր Թամանյանը, Հրաչյա Աճառյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Ռոմանոս Մելիքյանը, Լեոն, ուրիշներ: Նա, լինելով մտավորական, մեծ նշանակություն էր տալիս մշակույթի զարգացմանը: Հենց Մյասնիկյանի օրոք Հայոց ազգագրական ընկերության հիմքով Երևանում բացվեց պետական թանգարանը` այժմյան Հայաստանի պատմության պետական թանգարանը, ստեղծվեց Պետկինոն` Հայֆիլմը, Ազգային գրադարանը… Նա Մոսկվայից վերադարձրեց պատերազմի պատճառով այնտեղ տեղափոխված Էջմիածնի ձեռագրերը:
Մյասնիկյանի ուսերին ծանր խնդիր էր դրված. նա պետք է պայքարեր համատարած սովի, աղքատության, համաճարակի դեմ: Տեղավորեր տասնյակ հազարավոր անօթևան ու անտուն գաղթականներին, երկրում կազմակերպեր շինարարություն, բայց ամենամեծ խնդիրն, անշուշտ, խորհրդային իշխանության նկատմամբ ժողովրդի հավատը և վստահությունն ապահովելն էր:
Մյասնիկյանը նաև մեծ ջանքեր ներդրեց Խորհրդային Հայաստանի զինված ուժերի ձևավորման ու մարտունակության բարձրացման համար: Նա իր ներդրումն ունեցավ նաև թուրքական գերության մեջ գտնվող հայ զինվորների ու սպաների ազատ արձակման հարցում: Հայաստան հրավիրեց և բանակաշինության գործը վստահեց Գային` Հայկ Բժշկյանցին:
Մյասնիկյանը բավական հավասարակշիռ դիրքորոշում ուներ հայ քաղաքական կուսակցությունների նկատմամբ, անգամ աշխատություններ ուներ նրանց վերաբերյալ: Մյասնիկյանը կարճ ժամանակամիջոցում կարողացավ հարթեցնել Հայաստանում առկա սուր խնդիրներն ու քաղաքական տարակարծությունները: Նա առաջին խորհրդահայ գործիչն էր, որ հատուկ ուշադրություն դարձրեց սփյուռքահայության խնդիրներին: 1921 թ. նրա նախաձեռնությամբ Երևանում հիմնվեց Գաղթականության գործերի վարչությունը, որը բավական արդյունավետ աշխատեց: Մյասնիկյանի նախաձեռնությամբ Հայաստանում մի քանի մանկատներ բացվեցին, ուր հարյուրավոր որբ ու անտիրական երեխաներ ապաստանեցին: Մեծ էր նրա ներդրումը նաև երկրում անգրագիտության վերացման գործում:
Ալեքսանդր Մյասնիկյանը դեռևս 1921 թ. հունիսի 17-ին ՀԽՍՀ կառավարության անունից Լեռնային Ղարաբաղը հռչակեց Հայաստանի անբաժան մաս: Շատ չանցած` Թիֆլիսում գումարվեց Կովբյուրոյի տխրահռչակ նիստը: Նա գրեթե միակ գործիչն էր, որ լրջորեն ընդդիմացավ Ստալինին Արցախի ճակատագիրը որոշելու հարցում: Ավաղ, Մյասնիկյանի ջանքերն ապարդյուն անցան: Մյասնիկյանի ջանքերի շնորհիվ, սակայն, Ադրբեջանը ստիպված էր 1923 թ. Լեռնային Ղարաբաղին ինքնավար կարգավիճակ շնորհել:
1922 թ. Մյասնիկյանը ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Անդրֆեդերացիայի կազմավորման գործում: Անդրֆեդերացիայի կազմավորումով նա փաստորեն թողեց զբաղեցրած պաշտոնը Հայաստանում և տեղափոխվեց Թիֆլիս: Այստեղ նա զբաղեցրեց Անդրֆեդերացիայի գործկոմի նախագահի և ՌԿ(բ)Կ Անդրերկկոմի առաջին քարտուղարի պաշտոնները:
Ալեքսանդր Մյասնիկյանը զոհվեց 1925 թ. մարտի 22-ին` 39 տարեկան հասակում: Նա Գևորգ Աթարբեկյանի և Մոգիլևսկու հետ գերմանական «Յունկերս»  ինքնաթիռով Աբխազիա էր մեկնում` մասնակցելու Աբխազիայի խորհուրդների համագումարին: Ինքնաթիռն այրվեց օդում, անձնակազմն ու ուղևորները զոհվեցին: Պաշտոնական վարկածով` օդանավի վթարի պատճառը ուղևորներն էին, որ, իբր, ծխել են սրահում: Արդյոք պատահականությո՞ւն էր այդ ավիավթարը: Հազիվ թե: Ալեքսանդր Մյասնիկյանին իրավամբ կարելի է համարել Ստալին-Բերիա դահճախմբի առաջին հայազգի զոհը…
 
Վահե Անթանեսյան

Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (09.02.2013)
Դիտումներ: 3073 | Տեգեր: քաղաքական գործիչներ | - Վարկանիշ -: 5.0/2