Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Անտոն Գարագաշյան
Անտոն (Մատաթիա) Գրիգորի Գարագաշյան
հայ պատմաբան, լեզվաբան, փիլիսոփա, մանկավարժ 


1818, փետրվարի 11, Կ. Պոլիս – 1903, նոյեմբերի 19, Կ. Պոլիս

Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ 1840-ի նոյեմբերի 1-ից, հրաժարվել է 1856-ին:
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, 1832-ից` Վիեննայի Մխիթարյանների մոտ, ապա` Վիեննայի համալսարանում: Գիտական-բանասիրական գործունեությունն սկսել է 1840-ականներից, Վիեննայում հրատարակելով «Արվեստ ճարտասանության» (1844) և «Նկարագիր ուսմանց» (1845) գրքերը: Մի քանի տարի Իզմիրում պաշտոնավարելուց հետո մեկնել է Կ. Պոլիս, հրաժարվել հոգևորական կոչումից, «Բայբլ հաուզ» աստվածաշնչյան ընկերությունում պաշտոն է ստանձնել որպես թարգմանությունների վերաստուգիչ. միաժամանակ որպես գրաբարի դասատու պաշտոնավարել է հայկական դպրոցներում:
Փիլիսոփայության պատմությունը դիտել է որպես մատերիալիզմի և իդեալիզմի պայքարի պատմություն, տրամաբանությունը` իբրև գիտություն (հայտնաբերում է օբյեկտիվ օրենքներ) և արվեստ (այդ օրենքներից ելնելով` մշակում է գործնական կանոններ): Քննադատելով կրոնի հասարակական դերը` միժամանակ հաշտ վերաբերմունք է դրսևորել Հայ եկեղեցու նկատմամբ:
Գարագաշյանը հայ քննական պատմագրության հիմնադիրն է: Պատմագիտական հայացքները դրսևորվել են «Նկարագիր ուսմանց…» (1845) և «Քննական պատմութիւն Հայոց» (մաս 1-4, 1880-95) աշխատություններում: «Քննական պատմութիւն Հայոցն» ընդգրկում է հայ ժողովրդի ծագումից մինչև 5-րդ դարի ազատագրական շարժումների ավարտը (484) ընկած ժամանակաշրջանը: Թերագնահատել է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոցը», մերժել հայ ժողովրդի ծագումը ըստ Աստվածաշնչի մեկնաբանող իր նախորդների տեսակետները, ցույց տվել, որ հայերը հնդեվրոպական ժողովուրդների մի առանձին ճյուղ են: Հայաստանի պատմությունը շարադրել է համաշխարհային պատմության ընդհանուր հենքի վրա, անտեսել է ժողովրդի գործուն մասնակցությունը 5-րդ դարի ազատագրական պատերազմներին:
Դեռևս Հովսեփ Գաթըրճյանի և Ղևոնդ Հովնանյանի հետ թարգմանած Բոսուետի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) աշխատության մեջ Գարագաշյանը գրաբարը բաժանել է դասական և հետդասական շրջանների: «Նկարագիր ուսմանց»-ում անդրադարձել է նաև առաջին թարգմանությունների և պատմիչների լեզվին: Նրա քերականական ձեռնարկներից մի քանիսը, ինչպես «Դպրություն կամ նոր քերականություն հայերեն», «Գործնական քերականություն հայ լեզվի» և «Համառոտ նոր քերականություն» և այլն, 1860-1890-ականներին արժանացել են 8-10 տպագրության:
1890-ականներին հրատարակել է աշխարհագրական դասագրքերի և ձեռնարկների մի ամբողջ շարք, ինչպես «Աշխարհագրություն համառոտ քաղաքական», «Աշխարհագրություն ուսումնական» և այլն: 1887-ին Հակոբ Գուրգենի հետ լույս է ընծայել «Ճաշակ ոսկեղեն դպրության» պարբերականը 5-րդ դարի գրաբարով: 1890-ականների սկզբներից պաշտոնավարել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում` որպես գրաբարի դասատու: Թարգմանել է Լաֆոնտենի առակները:

Գրականություն

Ակինյան Ն., Գարագաշյան Մատաթիա, «ՀԱ», 1932, թիվ 1-2:
Շաքարյան Հ., Ա. Մ. Գարագաշյանի աշխարհայացքը, Ե., 1962:
Թևոսյան Ա. Մ., Ա. Մ. Գարագաշյանի փիլիսոփայական և տրամաբանական հայացքները, Ե., 1962:

Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (11.02.2013)
Դիտումներ: 1887 | Տեգեր: պատմաբաններ, լեզվաբաններ | - Վարկանիշ -: 0.0/0