Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Արուսյակ Ջուլհակյան
   

Երևանի ավագանու Հայ ազգային կոնգրեսի թեկնածու

Աշխատում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում որպես դասախոս, ինչպես նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեում՝ որպես իրավաբան, դիտարկող։
Կրթությունը՝ եվրոպական և միջազգային իրավունքի մագիստրոս, մասնագիտացումը՝ մարդու իրավունքներ (Վարշավայի համալսարան, Լեհաստան, իրավաբանական ֆակուլտետ), պետական և մունիցիպալ կառավարման մագիստրոս (Հայսաստանի պետական ճարտարագիտական համալսարան)։
Նախկինում աշխատել է Լեհաստանի Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամում որպես իրավաբանական բաժնի և Խոսքի ազատության օբսերվատորիայի ասիստենտ։ 
Անկուսակցական է։
Արուսյակ Ջուլհակյան. 
Կոնգրեսի ցուցակում ընդգրկված է անկախության սերունդը


iLur.am-ի զրուցակիցն է մայիսին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակի 30-րդ հորիզոնականում գտնվող, ՀՊՃՀ-ի դասախոս Արուսյակ Ջուլհակյանը:

Արուսյակ,  ինչպե՞ս եք հայտնվել Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակում, ի՞նչ մղումներով եք առաջնորդվել:

- Նախապես ծրագրված չի եղել իմ հայտնվելը ցուցակում, ուղղակի, որպես Կոնգրեսի երկար տարիների համակիրի՝ ինձ առաջարկեցին ընդգրկվել ցուցակում: Շատ պարտավորված զգացի. դա մեծ պատիվ էր, չէի սպասում, որ նման առաջարկ կարող էի ստանալ: Բնականաբար՝ համաձայնեցի:

Ինչ վերաբերում է մղումներին, ապա համաձայնելու պահին այն քաղաքական ուժին, որին համակրում եմ, աջակցություն ցույց տալն էր: Հետո սկսեցի խորհել, թե ի՞նչ նոր գաղափարներ և ծրագրեր կարող եմ առաջարկել որպես ավագանու թեկնածու, որը կնպաստեր քաղաքի զարգացմանը: Իսկ հիմնական մղումը, իհարկե,  մեր թիմով քաղաքը փոխելն է:

 Կոնգրեսի ցուցակում հիմնականում երիտասարդներ են ընդգրկված, ի՞նչն, ըստ էության, աննախադեպ է Հայաստանի համար: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:

- Ունենք շատ փայլուն կազմ, երիտասարդ, պատրաստված, հղկված՝ ինչպես իրենց մասնագիտական բնագավառում, այնպես էլ՝ վերջին տարիների քաղաքական պայքարում: Հատկանշական է, որ ցուցակում ընդգրկվածներից շատերը բարձրագույն կրթություն են ստացել արտերկրում և այնտեղի փորձն ու գիտելիքները հաղոջությամբ կարող են կիրառել Հայաստանում: Այլ ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկվածները հիմնականում մեզնից ավելի մեծ սերունդի են պատկանում, բնականաբար, նրանց գործունեության մեջ պետք է գերակշռեն սովետական մոտեցումները: Ինքնին, դա նորմալ է, քանի որ իրենք մեծացել են այդ պայմաններում՝ տեսնելով ու շնչելով դա: Այդ պատճառով չի կարող լինել կտրուկ փոփոխություն իրենց գիտակցության ու գաղափարների մեջ: Իսկ մեր ցուցակում ընդգրկված է անկախության սերունդը, մենք ենք անկախության սերունդի մարտիկները: Մեր հմտություններով, նոր գաղափարներով ու նորարար մոտեցումներով պատրաստ ենք ծառայել Երևանին:

Ավագանու անդամը պարտավորված է կազմակերպել քաղաքային կյանքն ու լուծել բնակիչների խնդիրները: Դու որպես թեկնածու, ի՞նչ առաջնային խնդիրներ ես տեսնում Երևանում:

- Դրանք բազմազան են, կարող եմ նշել տրանսպորտի խայտառակ վիճակը, բնապահպանական խնդիրները, քաղաքաշինության մակարդակը, որն ավելի շատ կարելի է բնորոշել քաղաքաքանդությամբ:  Սրանք այս պահին ամենացցուն ու տեսանելի խնդիրներն են:

Իսկ ինչպիսի՞ Երևան կուզենայիր տեսնել մայիսի 5-ի ընտրություններից հետո:

- Թարմ, մաքուր, կանաչ և հարմար: Այսօրվանից էլ մեկնարկելու ենք ֆեյսբուքյան ակցիա՝ «Refresh Yerevan» անվանումով, այսինքն՝ «Թարմացնենք Երևանը»՝ գնում ենք թարմ Երևան ստեղծելու համոզմունքով:

Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում քարոզարշավի շրջանակներում:

- Որպես նորույթ կարող եմ նշել Ֆեյսբուք սոցցանցում իրականացվող քարոզարշավը, կներկայացվի յուրաքանչյուր թեկնածուի անցած ուղին, ծրագրից հատվածներ և իրականացման ուղիներ: Ավանդական մեթոդներից կարող եմ նշել դռնեդուռ արվող քարոզարշավը: Բոլոր թեկնածուներս անձամբ կշփվենք բնակիչների հետ, կծանոթանանք նրանց խնդիրների հետ, կներկայացնենք մեր մոտեցումներն ու ծրագրերը:

Ինչո՞ւ երևանցին պետք է  ընտրի Հայ ազգային կոնգրեսին:

- Իսկ ուրիշ ո՞ւմ պետք է ընտրի: Մեր կարգախոսն է՝ «Իշխանությունը՝ քաղաքացուն»: Այն իր մեջ ներառում է երկու կարևոր բաղադրիչ. քաղաքացի ասելով՝ մենք նկատի ունենք ոչ միայն Երևանի բնակչին, այլ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Դրանով իսկ Կոնգրեսը կարևորում է քաղաքացիների մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Իսկ հատկապես ինչո՞ւ հենց Կոնգրեսին, ասեմ, որովհետև այն իր առջև նպատակ է դնում իշխանությունը վերադարձնել քաղաքացուն, իսկ Կոնգրեսը միակ ուժն է, որը այսքան տարի լծված է այդ գործին: Կարճ ասած՝ Կոնգրեսը գնում է հաղթելու:

Զրուցեց Լիլիթ Լալայանը

Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (29.04.2013)
Դիտումներ: 1365 | Տեգեր: Արուսյակ Ջուլհակյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0