«Սիտրոենը» երեկ և այսօր
Ի՞նչ արեց Սիտրոենը՝ երեխաներին դեպի իր Citroen մեքենաները գրավելու համար՝
Անդրե Սիտրոեն – Երեխաների առաջին բառերը պետք է լինեն պապա, մամա և Սիտրոեն:
Անդրե Սիտրոենը միշտ ասում էր որ երեխաները կմեծանան ու կգնեն ավտոմեքենա, իսկ ի՞նչ ավտոմեքենա: Հարկավոր էր, որպեսզի նրանք փոքրիկ ժամանակվանից սիրեն Սիտրոենը: Սիտրոենը սկսեց թողարկել փոքրիկ մեքենաներ, որը նախատեսված էր երեխաների համար, իսկ մեքենայի վրա նա տեղադրել էր իր լոգոն: Այո, այսօրվա մեքենա խաղալիքներն առաջինը թողարկել է Սիտրոենը: 1922 թվականի նոր տարուն Citroёn В2 և Citroёn 5CV փոքրիկ մեքենաները ամենաշատ նվերներն էին եղել, որոնց պահանջարկը մի քանի անգամ ավելի էր գերազանցել առաջարկը: Երեխաները այնքան էին դա հավանել, որ ուղղակի անհնար էր պատկերացնել, քանի որ նման բաներ չէին տեսել: Այդ մեքենաները պարզապես գովազդային ակցիաների համար էին, բայց հետագայում այն դարձավ նաև կոլեկցիոներների սիրած օբյեկտը:
Հաջողության գրավականը
Սիտրոենն ինքն իր հաջողությունը բացատրում է մեկ բառով` «կազ-մա-կերպ-վա-ծու-թյուն»` ամեն անգամ անձամբ վանկարկելով այս բառը:
«Փայլուն ձեռնարկատեր»- ասում էին ոմանք: «Սնափառ խենթ, որը չի կարողանում հաշվել իր փողերը»,- համարում էին մյուսները:
Եվ այս ամենը մեկ մարդու՝ Անդրե Սիտրոենի մասին, որը ստեղծել է ամենահայտնի ավտոմոբիլային մակնիշներից մեկը:
Մարդը մեքենա չէ
Անդրե Սիտրոենն ոչ միայն ինքն էր շատ վաստակում, այլև շատ վաստակելու հնարավորություն էր տալիս իր աշխատակազմի անդամներին: Առաջին աշխարհամարտից հետո նա իր գործարանում թափքերի արտադրամասի ղեկավարի աշխատավարձը դարձնում է 1000 ֆրանկ: Մեկ տարի անց նրա աշխատավարձն աճում է երեք անգամ, իսկ արդեն երեք տարի հետո այն հասնում է 13.000 ֆրանկի` չհաշված այն տոկոսները, որ ստանում էր յուրաքանչյուր թողարկված թափքի համար:
Գովազդային հնարամտություն
Սիտրոենն առաջնորդվելով «Գովազդը վաճառքի շարժիչ ուժն է» արտահայտությամբ, մեծ տեղ է հատկացրել գովազդային նախագծերին:
Նա կարծում էր, որ ապրանքի ցուցադրումն ամենալավ գովազդն է:
«Ցուցադրությունները գովազդի ամենաարդյունավետ և բավականին թանկ միջոցներն են: Ոչ մի գովազդային միջոց չի կարող համեմատվել ապրանքի ցուցադրման հետ»:
Սիտրոենը 1929 թվականին Ելիսեյան դաշտերում կառուցում է ավտոմոբիլային հսկայական խանութ-սրահ, որի ճակատային մասն ամբողջությամբ կառուցված էր 21 մ բարձրություն և 10 մ լայնություն ունեցող ապակյա ցուցափեղկից: Իսկ այդ թափանցիկ պատի միջոցով, որի վրա ծախսվել էր 19 տոննա ապակի, անցորդները կարող էին հիանալ Անդրե Սիտրոենի տարբեր մոդելների ավտոմեքենաներով: Սա նրա գովազդային նախագծերից ընդամենը մեկն էր:
Անդրե Սիտրոենի սիրելի արտահայտություններից էր. «Եթե գաղափարը լավն է, ապա գինն էական չէ»: Իսկ գաղափարն իսկապես լավն էր: Արևային, անամպ մի առավոտ փարիզյան կապտավուն երկնակամարում ինքնաթիռը սպիտակ ծխի միջոցով պատկերում է «CITROEN» բառը: Այն տևում է ընդամենը մի քանի րոպե, բայց արժեր մի քանի միլիոն ֆրանկ:
Մեկ ուրիշը գուցե այսքանով բավարարվեր, սակայն ոչ Սիտրոենը: Նա այս անգամ Փարիզին է նվիրում այդ ժամանակների համար ֆանտաստիկ համարվող «Էյֆելյան աշտարակը «կրակների մեջ» գովազդային նախագիծը: Աշտարակի վրա տեղադրված էին 125 հազարից ավելի լույսեր, որոնք, մեկը մյուսի հետևից բոցավառվելով Էյֆելյան աշտարակի ամբողջ երկարությամբ, պատկերում են CITROEN ազգանունը: Այդպիսի մեծ և հնարամիտ «գովազդային վահանակ» մինչ այդ և դրանից հետո ոչ ոք չի ունեցել:
Սիտրոենն արդյունաբերողներից առաջինն էր, ով ուշադրություն է դարձրել երեխաներին` որպես պոտենցիալ հաճախորդների: Նրա ընկերությունը սկսում է թողարկել խաղալիք CITROEN-ներ, որոնք միայն իրենց չափսերով էին տարբերվում իրական մեքենաներից: Սա ևս հանճարի գովազդային հնարքներից էր, բայց արդեն հեռանկարային:
Հրաշալի ղեկավարը
Սիտրոենը տարբերվել է ոչ միայն տեխնիկական նոր լուծումների որոնումներով, այլև որպես ղեկավար:
«Տհաճ իրավիճակները շրջանցելու համար ձեռնարկատերը պետք է իր աշխատակիցների հետ մշտապես կապ պահպանի, բայց հանդիպումները պետք է անցնեն ոչ մեծ դահլիճներում…Մեծաքանակ մարդկանց դեպքում հազիվ թե անկեղծ կարծիքների փոխանակումը հնարավոր լինի»,- համոզված էր գործարարը:
Նրա գործարանի աշխատակիցներին նույնիսկ տրամադրվել է ատամնաբույժի անվճար օգնություն, բայց ոչ թե գթասրտությունից ելնելով, այլ` Սիտրոենը կարծում էր, որ «Ատամնացավը խանգարում է աշխատանքի ռիթմին և իջեցնում աշխատանքի արտադրողականությունը»:
Սիտրոենի հիմնական նպատակն էր ավտոմեքենան անմատչելի շքեղությունից դարձնել մասսայական սպառման ապրանք:
«Մասսայական արտադրությունը կազմակերպելու համար պետք է հավաքել ամենալավ ինժեներներին և լավ վարձատրել նրանց»:
«Գրավիչ դիզայն, հարմարավետություն և որակ»` CITROEN ընկերության կարգախոսը հիմնադրումից մինչ այսօր:
Ռիսկը գործի կեսն է
Սիտրոենը մշտապես ապրել է պարտքերով` իր վտանգավոր նախագծերի իրականացման համար ներդնելով խոշոր գումարներ: Նրա մոտ փողի անհրաժեշտությունը միշտ գերազանցել է իր ֆինանսական հնարավորությունները:
Հենց այդ ռիսկի պատճառով ստիպված եղավ հատուցել 1934 թ.-ի համաշխարհային ճգնաժամի ժամանակ: Ֆինանսական աղբյուրի որոնման մի քանի փորձերից հետո նա իրեն սնանկ է հայտարարում: 1935 թ.-ին Անդրե Սիտրոենը վախճանվում է: Այդ ժամանակ ֆրանսիական թերթերը գրում են. «Հավանական է, որ պարոն Սիտրոենը մահացել է անբուժելի հիվանդությունից, բայց առավել հավանական է նաև, որ մահվանը նպաստել են նրա «գլխին թափված» ֆինանսական դժվարությունները և դստեր մահը»:
Ֆրանսիացի ավտոարտադրողը բացարձակ համաձայն չէր այն մտքին, թե ավելի լավ է 10 անգամ նստել ոզնու վրա, քան մեկ անգամ ցցին: Եվ հատկապես ռիսկի նկատմամբ ունեցած կիրքն էլ նրան անմահացրեց:
Սիտրոենը երբեք չի ցանկացել նոր բան հայտնաբերել: Նա պարզապես գրագետ է օգտագործել այն ամենը, ինչն արդեն մտածել էին ուրիշները:
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՎՏՈԱՇԽԱՐՀ» ամսագիր