Էդգար Ալլան Պոն ծնվել է Բոստոնում։ Նրա հայրը լքում է ընտանիքը, իսկ մայրը ծանր հիվանդության հետևանքով մահանում է, երբ Էդգարը դեռ երեք տարեկան չկար։ Երեխային խնամում է Ռիչմոնդի հարուստ առևտրական Ջոն Ալլանը, որը որոշ ժամանակ անց մեկնում է Անգլիա, որտեղ Էդգարին ուսման է տալիս։
1820-ին Ալանների ընտանիքը վերադառնում է Ռիչմոնդ, Էդգարը ընդունվում է քոլեջ, իսկ 1826-ին` Վիրջինիայի համալսարան, որտեղ սովորում է մեկ տարի։ Այդ ընթացքում Պոն փորձում է իր սիրեցյալ Սառա Ռոյսթերի հետ գաղտնի ամուսնանալ, ինչն առաջացնում է խորթ հոր զայրույթը, և Ջոն Ալլանը նրան վռնդում է տանից։ Էդգար Պոն մեկնում է Բոստոն, հրատարակում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը, սակայն, նրան հաջողություն չի բերում։ Այնուամենայնիվ, 1833-ի հունիսին Պոյի «Շշի մեջ գտնված ձեռագիրը» պատմվածքն արժանանում է Baltimor Saturday visitor ամսագրի գրականության առաջին մրցանակին, որը Պոյին դարձնում է պահանջված արձակագիր։
1835-ի դեկտեմբերին Էդգար Պոն Southerm library messeger ամսագրի խմբագիրն էր։ Այստեղ նրան այցելում է հարազատ հորաքույրը` Մարի Քլեմը, դստեր` Վիրջինիայի հետ, ում հետ էլ կես տարի անց Պոն ամուսնանում է։ Շուտով նա հրաժարվում է աշխատանքից և նորաստեղծ ընտանիքի հետ մեկնում է Նյու Յորք ու հրատարակում է մի քանի նովել։ Սակայն հոնարարները շատ չնչին էին, և գրողը միշտ փողի կարիք էր զգում։ 1838-ին Էդգարն առաջարկություն է ստանում զբաղեցնել Burton’s Gentleman’s Magazine ամսագրի խմբագրի պաշտոնը և մեկնում է Ֆիլադելֆիա։ 1839-ին նա բավական գումար ուներ և հրատարակում է պատմվածքների երկհատորյակը, որն արդեն արտահայտում էր հեղինակի ամբողջ պոետիկան, քնարականությունը, ողբերգականությունը և հուզականությունը։ Ֆիլադելֆիայում Պոն ապրում է վեց տարի և հրատարակում է մոտ երեսուն պատմվածք ու գրաքննադատական բազմաթիվ հոդվածներ։
Պոն դետեկտիվ գրականության սկզբնավորողն է («Սպանություն Մորգի փողոցում», «Ոսկե բզեզ» և այլ պատմվածքներ)։ «Էվրիկա» փիլիսոփայական արձակ պոեմով Պոն, ըստ էության, վերակենդանացրեց գիտագեղարվեստական ժանրը։ Նրա ստեղծագործության որոշ մասնավորեցումներ` իռացիոնալիզմը, միստիցիզմը, հակումը պաթոլոգիկ սևեռումների հանդեպ, հետագայում մեծապես սնեցին դեկադենսական գրականությունը։
1844-ին Պոն վերադառնում է Նյու Յորք և հրատարակում մի քանի նովել, որոնք, սակայն, հաջողություն չունեցան։ Փոխարենը` 1845-ին հրապարակված «Ագռավը» բանաստեղծությունն ու նույնանուն ժողովածուն Պոյի համար ապահովեցին աննախընթաց ժողովրդականություն։
Բայց շուտով գրողի կյանքի լուսավոր ուղին կրկին մթագնեց։ Երկարատև ու ծանր հիվանդությունից 25 տարեկանում մահացավ կինը` Վիրջինիան։ Ցավից ու հոգեկան տառապանքից գրողը սկսեց շատ խմել, օգտագործել թմրանյութեր։ Իր մենությունը փարատելու համար` ավելի ու ավելի հաճախ էր դիմում պոռնիկների ընկերակցությանը, իսկ հերթական դեպրեսիայի ժամանակ փորձեց ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին։ Նույն ժամանակահատվածում լույս տեսավ «Էվրիկա» պոեմը, որը Պոն համարում է «մարդկության երբևէ ունեցած ամենամեծ բացահայտումը»։ 1849-ի հոկտեմբերի 3-ին Պոյին անգիտակից վիճակում գտնում են երկաթգծերի վրա, իսկ չորս օր անց, այդպես էլ ուշքի չգալով, մահանում է։