Էդուարդ Մանե ֆր. Édouard Manet ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից
հունվարի 23 1832 թ. — ապրիլի 30 1883 թ.
Կյանքն ու ստեղծագործական ուղին
Ծնվել է Փարիզում 1832 թվականին։ Ապրել է հիմնականում Փարիզում, ուր սովորել է Գեղեցիկ արվեստների դպրոցում (1850-1856)։ Ընդօրինակել է իտալական Վերածննդի և 17-րդ դարի վարպետների (Ջորջոնե, Տիցիան, Դիեգո Վելասկես, Ֆրանս Հալս), ինչպես և Ֆրանցիսկո Գոյայի, Էժեն Դելակրուայի ստեղծագործությունները, կրել է նրանց ազդեցությունը։ Վաղ շրջանի աշխատանքներում կերպարների կենսական հավաստիությունը զուգորդված է ռոմանտիկ հոգեվիճակների հետ։ Օգտագործելով և վերաիմաստավորելով հին վարպետների սյուժեներն ու մոտիվները՝ Մանեն ձգտել է լուծել գեղանկարչական նոր խնդիրներ։ Իր արվեստով կանխորոշելով իմպրեսիոնիզմը՝ Մանեն 1860-ական թվականների վերջին մերձեցել է նրա վարպետների հետ և 1870-ականների վերջին անցել պլեներային նկարչության, միաժամանակ իմպրեսիոնիստներին հակառակ, պահպանել է գծանկարի կառուցվածքային պարզությունը։ Մեծ քաղաքի խայտաբղետության մեջ նա ընտրել է առավել բնորոշ իրավիճակներ՝ զուգորդելով գեղանկարչական և հոգեբանական իրավիճակները։ 1870-ական թվականներին ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ, գծանկարներ, դիմանկարներ ընդլայնելով այդ ժանրի հնարավորությունները։ Մանեի ստեղծագործությունը ավարտում է 19-րդ դարի ֆրանսիական ռեալիստական արվեստի ավանդույթների կազմավորումը։ Նրա առաջադրած և լուծածա գեղարվեստական խնդիրները շատ բանով կանխորոշել են կերպարվեստի հետեգա պատմական շրջանին բնորոշ որոնումների ուղղվածությունը։
|