Ծնվել է Դոնի Ռոստովում: Հայրը եղել է հայ` Ալեքսանդր Սարկիսովը, ով երիտասարդ տարիներին ազգանունը փոխել է և դարձել Ալեգրով:
1961թ. երգչուհին ընտանիքով տեղափոխվել է Բաքու: Սովորել է երաժշտական դպրոցում և Բաքվի կոնսերվատորիայում:
1970թ. երգել է Երևանում` Կոստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում:
1970-ականներին համերգներով եղել է Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում: 1975թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկզբնական շրջանում դասավանդել է երգեցողություն:
1977թ. եղել է «Երիտասարդ ձայներ» անսամբլի մեներգչուհի, որի խմբում համամիութենական «Սոչի 78» մրցույթի ժամանակ դարձել է դափնեկիր:
1982թ. խաղացել է թատերական մյուզիքլում:
1985թ. եղել է «Մոսկովյան կրակներ» անսամբլի, ապա` «Էլեկտրոկլուբ» ռոք խմբի մեներգչուհի:
1987թ-ից ելույթ է ունեցել արդեն մեծ բեմերում և ձեռք բերել ճանաչում:
1990թ. արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» կոչմանը և ձայնագրել է բազմաթիվ հիթեր` «Ֆոտոգրաֆիա», «Բաբնիկ», «Տրանզիտ» և այլն: Մենահամերգներով հանդես է եկել բազմաթիվ քաղաքներում:
1992թ. առաջին մեծ մենահամերգով հանդես է եկել Մոսկվայի «Օլիմպիական» համալիրում և թողարկել է առաջին ձայասկավառակը:
1994թ. կրկին արժանացել է «Լավագույն երգչուհի» կոչմանը:
1996թ-ից սկսել է համագործակցել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի հետ, նկարահանել է բազմաթիվ տեսահոլովակներ, որոնք դարձել են հիթեր: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, փառատոների և արժանացել առաջատար մրցանակների:
2002թ. արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչմանը և «ՆԳՆ 200 տարի» ոսկե մեդալի: 2005թ. նշանակվել է «Եվրազես»-ի գլխավոր քարտուղարի մշակութային խորհրդական: 2006թ. արժանացել է «ՌԴ հայկական ծագումով լավագույն երգչուհի» մրցանակին:
2009թ. Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ներկայացրել է «Սպասիր ինձ, Հայաստան» նոր երգը:
Մասնակցել է բազմաթիվ հեռուստանախագծերի, մեծարման երեկոների, եղել է միջազգային երաժշտական փառատոների ժյուրիի անդամ: Թողարկել է 13 ձայնասկավառակ և 6 տեսասկավառակ: Նկարահանել է ավելի քան 30 տեսահոլովակ: Երգչուհու հոբբին խոհանոցն է, սիրում է պատրաստել կերակուրներ, քաղցրավենիքներ:
2010թ. արժանացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչմանը:
2012թ. հանդես է եկել բեմական հրաժեշտի համերգային շրջագայությամբ, որի ընթացքում համերգներ է ունեցել Ռուսաստանում, Հայաստանում, ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում: