Ջեյմս Ջոյս
անգլերեն` James Augustine Aloysius Joyce
իռլանդերեն` Séamas Seoige
իռլանդացի արձակագիր, բանաստեղծ
Ծնվել է Դուբլինի Րաթգար արվարձանում, Ջոն Ստանիսլաուս Ջոյսի (1849-1831) և Մերի Ջեյնի (Մեյ, 1859-1903) ընտանիքում:
1887-1888-ին Ջոյսերի ընտանիքը տեղափոխվում է Բրեյ, որտեղ Ջեյմսը սկսում է հաճախել Քլոնգոուզ Վուդ կաթոլիկական գիշերօթիկ դպրոցը, որը ճիզվիտական հեղինակավոր դպրոցի համարում ուներ: Տնօրենի կողմից ենթարկվում է կտտանքների` «գռեհիկ լեզվի» համար:
1891-ին թողնում է Քլոնգոուզը հոր սնանկացման պատճառով: Գրում է առաջին բանաստեղծությունը («Et tu, Հիլի»), նվիրված Չ. Ս. Փարնելին: Հայրն այն տպագրել է տալիս և տարածում:
1893-1895` Ջոյսերը վերադառնում են Դուբլին: Ջեյմս Ջոյսը սկզբում հաճախում է Քրիստոնյա եղբայրների դպրոցը` աղքատ ընտանիքների համար, հետո տեղափոխվում է Բելվեդիըր Քոլեջ: Ջոյսը դառնում է Օրհնյալ Կույսի Եղբայրության անդամ: Սկսում է հաճախել հասարակաց տներ:
1898-1899` Ջոյսն ընդունվում է Դուբլինի Համալսարանական Քոլեջ: Հիմնադրում է Իռլանդական Գրական Թատրոնը: Յեյթսի «Կոմսուհի Քեթլին»-ը հռչակվում է հակաիռլանդական: «Ես միակ ուսանողն էի, որ հրաժարվեցի ստորագրել «Կոմսուհի Քեթլին»ի դեմ: Միայն տարիներ հետո հանդիպեցի պրն Յեյթսին»:
1900-1901` Ջոյսն հոդված է տպագրում Հենրիկ Իբսենի մասին և ստանում շնորհակալական նամակ:
1902` Ջոյսն ավարտում է համալսարանը և մեկնում Փարիզ` բժշկություն ուսանելու: Վերադառնում է Դուբլին:
1904-1905` Ջոյսն սկսում է «Սթիվն հերոս»-ը: Հանդիպում է Նորա Բարնըքլին, որի հետ մեկնում է Եվրոպա: Ջոյսն ու Նորա Բարնըքլին տեղափոխվում են Տրիեստը: Ծնվում է Ջորջոն` Ջոյսի որդին:
1906-1907` Ջոյսն ավարտում է «Դուբլինցիները» պատմվածքաշարը և սկսում է վերանայել «Սթիվն հերոս»-ը որպես «Արվեստավորի դիմանկարը ջահել ժամանակ»: Ծնվում է Ջոյսի դուստրը` Աննա Լուչիան:
1909-1910` Ջոյսն այցելում է Դուբլին և Գալվեյ:
1914-1915`Յեյթսը Էզրա Փաունդին հորդորում է ուշադիր լինել Ջոյսի նկատմամբ: «Էգոիստ» հանդեսը հատվածներ է տպագրում «Դիմանկար»-ից: Ջոյսը գրում է «Ջոկոմո Ջոյս»-ը, որը պիտի լույս տեսներ 1968-ին: Տպագրում է «Դուբլինցիները», սկսում է «Ուլիսես»-ը, գրում «Աքսորյալներ» թատերգությունը: Ընտանիքը տեղափոխվում է Ցյուրիխ:
1916-1917` Նյու Յորքում տպագրվում է «Դիմանկար»-ը: Ջոյսի աչքի առաջին վիրահատությունը:
1918-1920` տպագրվում է Ջոյսի «Աքսորյալները»: «Լիթլ Րիվյու»-ն սկսում է «Ուլիսես»-ի պարբերական հրատարակումը: Ընտանիքը տեղափոխվում է Փարիզ:
1921-ին «Ուլիսես»-ի հրատարակումն ընդհատվում է դատարանի որոշմամբ: Ջոյսը գրում է. «Մերոնք Դուբլինում մտածում են, թե ես ահավոր հարստացել եմ` մեկ կամ մի քանի երկրների համար լրտես աշխատելով: Տրիեստում համոզված են, որ ես կոկաինի զոհ եմ: Իռլանդացիք պատմում են, որ ես վերջացած եմ որպես գրող, լրիվ կոտրվել եմ ու մեռնում եմ Նյու Յորքում: Մի կին էլ այստեղ բոլորին պատմել է, թե ես ինչքան անբան ու ալարկոտ եմ և ոչ մի գործ ավարտին չեմ հասցնում, մինչդեռ ես հաշվեցի, որ «Ուլիսես»-ի վրա աշխատել եմ մոտ 20000 ժամ»:
1922-ին առանձին գրքով տպագրվում է «Ուլիսես»-ը (Ulysses. Սիլվա Բիչի փարիզյան գրախանութի Shakespeare and Company հրատարակչություն): Ջոյսն առաջին անգամ հանդիպում է Հարիեթ Ուիվըրին` իր հիմնական հովանավորուհուն: 1923-ին Ջոյսն սկսում է «Ֆինեգնի հոգեհանգիստ»-ը:
1928-ն ծանոթանում է Սեմյուել Բեքեթի հետ, որը դառնում է Ջոյսի գրական քարտուղարը: 1931-1932` մահանում է Ջոն Ջոյսը: Ջեյմս Ջոյսը և Նորա Բարնըքլին վերջապես ամուսնանում են` ժառանգության իրավունքներն ապահովելու համար: Լուչիայի առաջին նոպան (շիզոֆրենիա): Նրան հանձնում են Կարլ Յունգի խնամքին:
1939-ին տպագրվում է «Ֆինեգնի հոգեհանգիստը»:
1941-ին Ջոյսը հանկարծամահ է լինում Ցյուրիխում, վիրահատությունից հետո: Անշուք հուղարկավորությունը, առանց կաթոլիկ եկեղեցու ծիսակարգի, տեղ է ունենում Ցյուրիխի Ֆլութերն գերեզմանատանը: 1951-ին մահանում է նաև Նորա Բարնըքլը. նրան թաղում են նույն գերեզմանատանը` մեկ այլ տեղ: 1966-ին Ցյուրիխի քաղաքապետարանը նրանց աճյունները վերաթաղում է միասին: